2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո էլ մեր հասարակությունը շարունակում է բախվել տեղեկատվական գրոհի մեծ ալիքի: Առայսօր Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականության սլաքներն ուղղված են մեծապես հայկական լսարանի վրա: Արցախի ամբողջական շրջափակումից հետո ադրբեջանական հատուկ ծառայությունները նախ պետական նախարարի անունից կեղծ փաստաթուղթ տարածեցին Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ: Լուրը հերքվեց ԱԱԾ կողմից: Այնուհետև ծառայության կողմից արձանագրվեցին շրջափակման հետևանքների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման փորձեր: Հունվարի 9-ից էլ սոցցանցերում տարածվում է Արցախի հանրային հեռուստառադիոընկերության պաշտոնական բլանկի նմանությամբ փաստաթուղթ՝ ընկերության տարհանման մասին: Լուրը կեղծ է՝ ասում է ընկերության տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Բալասանյանը: Հեռուստառադիոընկերությունը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։
«Բնականաբար այդ փաստաթուղթը չի համապատասխանում իրականությանը: Նման իրավիճակի զոհ են դարձել այլ գերատեսչություններ նույնպես: Այս իրավիճակում կարևոր է հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը: Մեզ մոտ գործում է տեղեկատվական շտաբ, որն ունի հնարավորիս մեծ լսարան: Շտաբը տարածում է պաշտոնական տեղեկատվությունը նաև հերքում նման ապատեղեկատվությունները»:
Բայց որքան էլ հանրությանը հորդորենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը, միևնույն է, տեղեկատվական-հոգեբանական տեռորը որոշակի ազդեցություն թողնում է: Արթուր Բալասյանի խոսքով՝ հատկապես կարևոր է, որ ապատեղեկատվությունը հերքվի հնարավորինս շուտ: Ոչ պակաս կարևոր հարց է նաև այն, թե որտեղի՞ց են նման փաստաթղթերը հայտնվում թշնամու ձեռքում:
«Խնդիրը առաջացել է օգտատերերի ոչ գրագետ մոտեցման պատճառով: Հիմնականում էլեկտրոնային փաստաթղթերի փոխանցման ժամանակ, այն էլեկտրոնային հասցեները կամ սոցկայքերը, որոնք չեն ենթարկվել երկշերտանի պաշտպանության, (двойная аутентификация) հաճախակի են բախվելու նման խնդրի: Այս փաստաթուղթը, եթե ուշադիր նայենք, կնիքը և ստորագրությունը օրիգինալ են: Այսինքն փաստաթուղթը իր տեքստով է կեղծ»:
Տեղեկատվական-հոգեբանական պատերազմը ոչ պակաս վտանգավոր է ֆիզիկական պատերազմից: Հոգեբանների կարծիքով՝ տեղեկատվական-հոգեբանական պատերազմները հաճախ ավելի լուրջ հետևանքներ են թողնում, քան թեժ մարտական գործողությունները: Հայտնի են դեպքեր, երբ ոչ մահացու զենքով հակամարտող կողմը ավելի մեծ արդյունքների է հասել՝ ասում է հոգեբանական գիտությունների թեկնածու Վիտյա Յարամիշյանը:
«Պետք է շատ ավելի լուրջ գնահատել ու վերաբերվել այդ ազդեցություններին և իմպուլսիվ հակազդեցություններ չցուցաբերել, չդառնալ հակառակորդի տարածած տեղեկատվության, այսպես ասած, երկրորդային տարածողներ, որովհետև մենք տեսնում ենք, թե ինչպես սոցիալական ցանցերում կամ առօրյա խոսակցություններում մարդիկ ահաբեկված, մեկը մյուսին փոխանցում են և երբեմն նույնիսկ խուճապ են տարածում»:
Սա երկարատև նյարդերի պայքար է: Այս ամենը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, եթե հասարակությունը չունենա դիմադրողականություն՝ ասում է Վիտյա Յարամիշյանը:Տեղեկատվական ոլորտի մասնագետներն էլ այս իրավիճակում հորդորում են բոլորին ուշադիր լինել իրենց օգտահաշիվների հանդեպ: Մասնավորապես՝ ապահովել երկշերտանի պաշտպանություն, հետևել պաշտոնական լրահոսին ու չտարածել չճշտված տեղեկություններ: