Նոյեմբերի 23, 2024

Սայաթ -Նովայի անվան երաժշտական քոլեջում վարպետաց դասեր են անցկացվել

By Անի Աբաղյան Ապրիլի 21, 2022
Սայաթ -Նովայի անվան երաժշտական քոլեջում վարպետաց դասեր են անցկացվել Արցախի հանրային ռադիո

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում ուսանողները սովորության համաձայն հավաքվել են դաշնամուրի շուրջ, բայց այս անգամ ուսուցիչ Մարատ Հարությունյանին միացել են Առնո Բաբաջանյանի անվան ժողովրդամանկավարժական քոլեջի ուսուցիչ  Գագիկ Հարությունյանն ու ժողովրդական երգիչ Վարդուհի Գրիգորյանը: Հաճախ են Արցախ գալիս, բայց Ստեփանակերտի քոլեջում նման նախաձեռնությամբ առաջին անգամ են:

« Գագիկն ու Վարդուհին հաճախ են գալիս Ստեփանակերտ, բայց երբևէ չէինք մտածել նման միջոցառումներ կազմակերպելու մասին: Երեկ մտքովս անցավ, ու այսօր այդ գործին ենք: Ինչքան էլ որպես ուսուցիչ լավը լինես, միշտ պետք է օգտվես գործընկերոջդ խորհուրդներից, որովհետև դա խթանում է երկուսիս աշխատանքը»:

Ուսանողների հետ աշխատելը, նրանց հետ երգելը Գագիկի ամենամեծ ձեռքբերումն է: Շատ եմ սիրում աշխատանքս, ասում է,  երբ միայն օրվա թեման սովորեցնելու համար ենք ուսուցիչ դառնում, կարծում եմ՝ շատ հեշտ է լինում, բայց երբ ուսանողիդ համար և՛ ուսուցիչ ես, և՛ հոգեբան արդեն համատեղում ես դժվարն ու հաճելին: Այսօր երաժշտական քոլեջի սաներից Գագիկը մի բուռ էներգիա է գողացել:

« Ծանոթացա ուսանողների հետ, հաճույքով աշխատեցինք նրանց հետ: Լավ, տաղանդավոր երեխաներ են: Հավատում եմ՝ նրանք մեծ հաջողությունների կհասնեն:»

Գագիկը նույնպես սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում, ընդունվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, որտեղ էլ ծանոթացել է կնոջ՝ Վարդուհու հետ:  Վերջինս էլ Առնո Բաբաջանյանի անվան ժողովրդամանկավարժական քոլեջը գերազանց ավարտելուց հետո միանգամից ընդունվել է կոնսերվատորիա, ինչը Գագիկին   և՛ զարմացրել էր, և՛ զայրացրել:

«Երկրորդ կուրսի ուսումնական տարին սկսվեց, գնացինք դասի ու տեսանք երկու նոր ուսանող են եկել, որոնք միանգամից երկրորդ կուրս են ընդունվել: Ասում էինք՝ ոնց ստացվեց, որ մենք այնքան չարչարվեցինք, տանջվեցինք առաջին կուրս ընդունվեցինք, իրենք միանգամից՝ երկրորդ: Այդտեղ էլ ծանոթացանք, ընկերացանք: Մեր դասախոսները զարմանում էին, որ մենք պարտաճանաչ ներկայանում էինք դասի: Դասերը ևս մեկ առիթ էր իրար հետ շփվելու, ճանաչելու համար»:

Վարդուհին 3 տարեկանից բարձրախոսի նմանությամբ իրեր էր գտնում ու երգում։ Երբեք  երգելու առիթը բաց չէր թողնում, ինչն էլ նրան անկաշկանդ էր դարձրել: Մի բան, որ  չես  ասի Գագիկի մասին:

«Ես երեք տարեկանից երգում եմ, ու մտքովս չի անցել, որ երգելուց մարդ կարող է կաշկանդվել, լարվել»: 

Որտեղ էլ լինեն, այնտեղ ժողովրդական երգ է հնչում:  Զրուցակիցներիս խոսքով՝ նրանց սկզբում միավորել են դասերը, հետո՝ ժողովրդական երգերը, հետո, ինչպես Վարդուհին է ասում՝ սերը: Մեր զրույցի ընթացքում այնպես ստացվեց, որ նշված հերթականությունը մի քանի անգամ փոխվել է, բայց վերջում մի եզրահանգման ենք եկել. դափնեկիրը սերն էր, որից էլ ճյուղեր են առել մյուսները: «Մենք երջանիկ ենք մեր ունեցածով»։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ