Նոյեմբերի 23, 2024

Լույս է տեսել Մարկ Գրիգորյանի «Երևան» գիրքը

By Արուսյակ Կապուկչյան Մայիսի 06, 2022
Մարկ Գրիգորյանը խոսքը սկսում է ներողություն խնդրելով՝ չգիտեի, որ այսքան շատ մարդ կգա, կներեք, որ աթոռները բոլորին չեն հերիքում։ Հյուրերը եկել են ռուսալեզու գրքի շնորհանդեսին, որի առաջին նախադասությունը գրվել է Լոնդոնում, վերջինը՝ Ստեփանակերտում, գիրքը հրատարակվել է Ռուսաստանում և պատմում է Հայաստանի մայրաքաղաքի մասին․ «Երևան․ քաղաքի կենսագրությունը»։ 
 
«Երբ ես Լոնդոնում էի ապրում էդ զգացումը Երևանի նկատմամբ, էդ զգացումը Երևանի մասին, էդ հուշերը․․․Երբ գնում ես արտասահման, պոկվում ես քո ամեն ինչից, և երբ պոկվում ես ոչ քո ցանկությամբ, և երբ պոկվելուց հետո համարյա հույս չունես, որ երբևէ կվերադառնաս հետ, լրիվ ուրիշ կարոտի զգացում է առաջանում։ Ու երևի էդ զգացումն էր, որ ինձ ստիպեց նստել ու գրել»։ 
 
Երևանի կենսագրությունը վավերագրվել է ւրարտականից էլ հին ժամանակներից ու հասել մինչև 20-րդ դար։ 
 
«Առաջին մասում ես պատմում եմ Երևանի պատմությունը՝ մինչև 20-րդ դարի սկիզբը, և սկսում եմ Շենգավիթի բնակավայրից, որը Էրեբունիից այնքան հին է, ինչքան Էրեբունին հին է ժամանակակից Երևանից։ Ու ես պատմում եմ, թե ինչ հետաքրքիր բնակավայր է եղել, հետո պատմում եմ ուրարտացիների մասին՝ Էրեբունի, Կարմիր բլուր, նույն ինքը Թեյշեբաինի քաղաքը, այ էդ ամեն ինչը Երևան էր։ Հետո միջնադար, 16-18րդ դար, 19-րդ դար, և 20-րդ դարի սկզբում կանգ եմ առել, ու դա միայն առաջին մասն էր»։ 
 
Երկրորդ գլուխն ամփոփում է 20-րդ դարի Երևանի ճարտարապետական պատմությունը, պատասխանում՝ ինչպե՞ս եղավ, որ Երևանը դարձավ մայրաքաղաք, և ի՞նչ էին անում ժամանակի մտավորականները Երևանը հենց այսպիսի քաղաք դարձնելու համար։ Երրորդ գլխումԵրևանի համար կարևոր ու առանձնահատուկ շենքերի պատմություններ են։ 
 
«Ընդ որում՝ ես նաև պատմել եմ քաղաքի ամենափոքր շենքի մասին։ Դա Պարսկաստանի հյուպատոսարանն էր 19-րդ դարի վերջում՝ հուշարձանների պահպանության, և դաշնակների օֆիսի արանքում փոքրիկ, շատ գեղեցիկ նկարազարդումներով մի շենք։ Այ դրանից սկսած՝ մինչև մեծ, ժամանակակից կառույցներ»։ 
 
Այս գրքի առաջին ու վերջին նախադասությունների միջև 10 տարի ժամանակ է ընկած։ Այդ ընթացքում Մարկ Գրիգորյանը հասցրել է 3 ուրիշ գիրք գրել ու հրատարակել, պատրաստել «Անծանոթ Երևան» հաղորդումը։
 
 «Այսինքն, 10 տարի անընդհատ էս գիրքն ուղեղիս մեջ նստած էր, և կամաց-կամաց, մաս առ մաս, գլուխ առ գլուխ դուրս էր գալիս»։
 
 Գիրքը ոչ թե Երևանի պատմությունն է, այլ կենսագրությունը՝ ասում է Արմեն Վարդանյանը։ Նա գիրքն ընթերցած առաջին մարդկանցից մեկն է, հայերեն տարբերակի խմբագիրը։ 
 
«Սա գեղարվեստական գիրք չէ, փաստագրական չէ, սա Երևանի մասին է, որի կենսագրությունը սկսվում է ոչ թե Երևանի պաշտոնական ծննդականով՝ ես՝ Արգիշտին և այլն, այլ սաղմնավորման պահին, և այս գրքում կա այն Երևանը, որտեղ առաջին անգամ մարդիկ Հրազդանի ափին այս բնակավայրը դրել են դեռ մինչև Էրեբունին կդառնար քաղաք»։
 
 Այս գիրքը հատուկ ֆիշկա ունի, ես հիմա ցույց կտամ․․ Մարկ Գրիգորյանը հանում է գրքի շապիկը, բացում այն և ցույց տալիս ներսում պատկերված մեծ քարտեզը։ Շնորհանդեսի ընթացքում ռուսերեն է խոսում՝ հյուրերի մեծ մասը արտասահմանից են։Ասում է՝ գործը հաջողած կհամարի, երբ տեսնի՝ ինչպես են նրանք քայլում Երևանով, այս գիրքը ընթերցումու դիտում քաղաքը հենց այս քարտեզով։ 
 
«Հասկանու՞մ եք, ես ուզում էի այս գիրքը գրել շատ անձնավորված, չթաքցնել, որ ես սուբյեկտիվ եմ, որ ես այն եմ, ով կամ։ Լրագրության մեջ հեղինակը սովորաբար թաքնվումէ, հնարավորինս անտեսանելի դառնում։ Ինձ համար հակառակն էր, ես ուզում էի, որ սա լինի ի՛մ պատմությունը ի՛մ քաղաքի մասին։ Ու էդպես էլ ստացվել է, գրքի առաջին նկարում ես եմ՝փոքր հասակում, վերջին նկարում ես եմ՝ արդեն մեծ»։
 
 Գրքում ներառված բոլոր գունավոր լուսանկարները, բացառությամբ մեկի, հեղինակինն են, իրենց նյութերովկիսվել են Երևանի 9 թանգարաններ, մի շարք քաղաքացիներ։Հարցին՝ դարերի պատմությունն իմանալով, ճանաչելով, Երևանի ամեն անկյանը ծանոթ լինելով՝ իր համար չի՞ կորում քաղաքի առեղծվածը, Գրիգորյանը ապագային նայող պատասխան է տալիս։ 
 
«Վայ, չէ իհարկե, չի կորի, դա կորչող բան չէ։ Գիտեք, քանի դեռ մենք գտնում ենք գոյություն ունեցող առեղծվածները,նորերն են ստեղծվում։ Նոր ինչ-որ բաներ են հայտնվում, նոր տեսություններ ու գիտելիքներ են ի հայտ գալիս։ Չէ, չէ, մենք դեռ երկար ժամանակ կունենաք»։ 
 
Գիրքն արդեն թարգմանվել է նաև հայերեն, մինչև տարեվերջ կհասնի հայալեզու ընթերցողին։ Նախատեսվում է այն թարգմանել նաև անգլերեն։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ