Սկզբից «սրինգը» լսվեց, հետո արցախյան բեմի բարի հսկան երևաց։
«Անշուշտ, վերջին շաբաթը շատ երկար տատանումներու մեջ եղա՝ կատարե՞լ այս համերգը, թե՝ ոչ: Ծանոթ է երկրի մթնոլորտը Ձեզ, սակայն երկու բան մտածեցի. առաջինը՝ պիտի չթողենք, որ թշնամին մեզ վախեցնե և կարողանա ազդել մեր կյանքի վրա, երկրորդ՝ մտերմիկ հանդիպում է, որ պիտի կայանար»:
Արցախ այցելած առաջին սփյուռքահայ երաժիշտներից է Զաքար Քեշիշյանը, որ 1989-ից սիրահարված է Շուշիին ու Արցախի բնությանը: Համերգային ծրագրով Հադրութում էին՝ Արթուր Մկրտչյանի տանը։ Տիկին Գոհարը երաժիշտների համար սեղան գցելուց առաջ ճշտում է․ -Դուք բուսակե՞ր եք, թե՞ մսակեր։ Պարոն Զաքարը, նայելով արգենտինահայ՝ իրենից բարձրահասակ ընկերոջը, միանգամից պատասխանում է. -Շատակեր, տիկի՛ն Գոհար, շատակեր։ 1992 թվականին Շուշիում հիմնադրվում է «Վարանդա» երգչախումբը, որ այսօր 30 տարեկան է: Հերթական անգամ մայրաքաղաքից ընկերների հետ Շուշի էր բարձրանում ոտքով՝ «ճանապարհին մի մեքենա կհանդիպի» մտքով: Մեքենան հանդիպեց, ճիշտ է, պարզապես բեռնատար՝ այն էլ երկու կով բարձած:
«Մե հատ կամազ եկավ, կանգնեց, մեջը երկու կով բարձած, առաջն էլ՝ լիքը արդեն: Ես, Հովիկ Գասպարյանը, Հովիկ Մուսայելյանն ու Ռոբերտ Եսայանը, չորս «ախմախ» արվեստագետներով, բարձրացանք կովերու հետ գնացինք Շուշի. ամենեն հաճելին էր, է՜․․․»:
Դահլիճում ոտքով Շուշի բարձրացողները շատ էին, Վարանդայում սովորած ու սովորողներ՝ նույնպես: Մանան Ավետիսյանը 1996 թվականից երգչախմբում է, «մեծ ընտանիք» է ձեռք բերել, տասնյակ մեծ ու փոքր ընկերներ:
«Շատ մեծ հուշեր ունեցա Շուշիի հետ կապված, ընկանք հիշողությունների գիրկը. հիշեցինք մեր փորձերը, դասերը: Ճիշտ ա, այդքան էլ հեշտ չէին անցնում, բայց մենք երջանիկ էինք: Այսօր շատ եմ հուզվել. 25 տարի շարունակ երգել եմ Վարանդայում, հիմա էլ դուստրս է այստեղ»:
2020 թվականից էլ 13-ամյա զրուցակիցս՝ Վլադիմիրն է Վարանդա եկել, ավագ ընկերոջը կանգնեցնում է կողքին՝ ասելով. «եք ստըղ, վեր գիրթնանց կարիմ վեչ խոսիմ, շարունակիս»․ տիժեր ա սկսալ, դուզ ա, բայց էտքան տիժրութունավ էլ սուս ա ըրալ:
«Ես հաճախում եմ Շուշիի «Վարանդա» երգչախումբ, պարապմունքները շատ լավ են անցնում: Շատ սիրում եմ պարոն Զաքարին ու տիկին Նադիային, երգել էլ եմ շատ սիրում: Սովորել ենք հայրենասիրական, կատակ-երգեր: Ես նոր ընկերներ եմ ձեռք բերել այստեղ»:
Երգչախմբում սեպտեմբեր ամիսը չեն սիրում. պարոն Զաքարի Լիբանան վերադառնալու ժամանակն է: Ամեն տարի` նրա գնալու օրը, աշակերտները հավաքվում էին Շուշիի կանգառում ու «Իմ ուսուցիչ»-ը երգում, մեկ-մեկ գրկում, նորից հերթ կանգնում, նորից գրկում ու ճանապարհում: Ավանդույթ դարձած արարողությունը կրկնվեց, բայց Շուշիի կանգառի փոխարեն Ստեփանակերտի բեմում: Արցախյան բեմի բարի, ժպտացող հսկան հրաժեշտներ չի սիրում: Շվիահարի պատմությունները ձգվում էին Արցախի հարավից հյուսիս, սրինգն իր հետ Շուշիից քամի, աղբյուրների քչքչոց էր բերում, իսկ դաշնամուրի հարվածները՝ Հադրութից կանչող լեռների շունչը: