Նոյեմբերի 23, 2024

Շուտով կմեկնարկի «Երգող Արցախ» խորագրով համերգաշարը

By Մարգարիտա Ղուշունց Օգոստոսի 23, 2022

Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում սովորաբար փորձերը բեմի վրա են լինում, բայց արդեն երեք շաբաթ է, ինչ ամբողջ դահլիճը բեմ է դարձել: Այստեղ են Շուշիի «Վարանդա» երգչախումբի սաները, նրանք պատրաստվում են սեպտեմբերին կայանալիք համերգաշարին: Պատերազմից հետո երգչախմբի գործունեությունը շարունակելու նոր ձևաչափ ընտրվեց՝ ասում է «Վարանդա» մանկական, պատանեկան և երիտասարդական պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Զաքար Քեշիշյանը: 

«Անցած տարի ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ կյանքի կոչեցինք «Երգող Արցախ» երգչախմբային ծրագիրը, որին մասնակցում են Շուշիի, Հադրութի, Ստեփանակերտի երեխաները: Սկզբում ընդգրկված էր շուրջ 95, իսկ այժմ արդեն՝ 120 երեխա»: 

Հետաքրքիր հագեցած համերգացանկով են ներկայանալու այս տարի՝ ասում է երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Զաքար Քեշիշյանը: Նախատեսված են չկրկնվող երգեր:   

«Կլինեն պրեմիերաներ նաև երգչախմբի անցնող 30 ամյակի համար հորինված 169 երգից մոտ 20-ը և կատակ երգեր և մեր այսօրվա իրավիճակին համահունչ ստեղծագործություններ»: 

Հոբելյանական համերգը պետք է տեղի ունենար Շուշիիում, բայց հասկանալի պատճառներով, այն տեղի կունենա Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում: Որոշված է ներկայանալ նաև համերգապատումով: 

«Մեկնարկը կտրվի սեպտեմբերի 5-ին՝ 5-6-րդ դասարանների աշակերտների համար ,այսօրինակ համերգ նաև անցած տարի է եղել և շուրջ 3000 աշակերտ հնարավորություն է ունեցել լսել երգչախմբի կատարումները: Կլինի նաև երկու հանրային պաշտոնական համերգ մեկը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, մյուսը սեպտեմբերի 12-ին նույն ժամին: Քանի որ տարին հոբելյանական է, և ես ահռելի հուշեր ունեմ պատմելու իմ 30-ամյա արցախյան կյանքից՝ որոշել եմ դաշնակահար Նադեժդա Հակոբյանի հետ առանձին համերգապատումով ներկայանալ հանրությանը։ Կարծում եմ, որ ձևաչափը հետաքրքիր կլինի:Այն տեղի կունենա սեպտեմբերի 19-ին Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում»: 

Զաքար Քեշիշյանը համոզված է, որ կգա ժամանակ, երբ Շուշիում կրկին համերգներ կունենան և երգչախումբը կշարունակի իր գործունեությունը հենց Բերդաքաղաքում:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ