Մարտի 29, 2024

Շրջափակված Արցախում երեխաները շարունակում են ստեղծագործել․ գարնանային տոների առիթով նրանք ցուցահանդեսով են հանդես եկել

By Սրբուհի Վանյան Մարտի 16, 2023

Այսօր հայ, ու հատկապես՝ այս դժվարին օրերին Արցախում ապրող մայրերին, ձոնվեցին ամենագեղեցիկ ստեղծագործությունները, հնչեցին ամենաանկեղծ խոսքերն ու նվիրվեցին ամենագունեղ ծաղիկները։ Եվ որ ամենակարևորն է, դրանք հնչեցին տեղահանված, պատերազմից ու շրջափակումից չկոտրված երեխաների շուրթերից։

«Նորից դու ես ջերմ ու մեղմիկ շողում գլխիս վերև,
Դու իմ անքուն, անքուն մայրիկ,
Իմ մայր մտած արև։
Ո՞վ է վառվում ցերեկն ամբողջ, ոտքի վրա անցնոմ,
Կեսգիշերին Ո՞վ է դողդոջ քնածներին ծածկում»։


Հենց այս օրերին անչափ կարևոր է արժևորել հայկականն ու ազգայինը, սերունդների մեջ սերմանելով ազգային մշակույթը, դաստիարակելով ու կրթելով նրանց ազգային ավանդույթներով ու արվեստներով։ Կազմակերպիչներն էլ միջոցառման հիմքում հենց այս նպատակն են դրել։ ԱՀ ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի գլխավոր մասնագետ Նաիրա Ղահրամանյանն է ներկայացնում։

«Միջոցառումը կազմակերպվում է արդեն երկրրորդ տարին, հենց արտադպրոցական բաժնի կողմից։ Մասնակցում են Ստեփանակերտի ու շրջանների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնները։ Նպատակն է նպաստել դպրոցականների գեղագիտական դաստիարակությանը, զարգացնել ստեղծագործական ունակությունները, նպաստել Ստեփանակերտի ու շրջանների կենտրոնների սաների կապին, ի հայտ բերել տաղանդավոր երեխաներին»։

Նկարներ, հուշանվեր-կարպետներ, ասեղնագործ իրեր, գոբելեն, այլ ձեռքի աշխատանքներ են ցուցադրել ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ շրջանների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների սաները։ Ամենահեռավորը հիմա, փաստորեն, Մարտակերտի շրջանն է․ ինչպե՞ս են կազմակերպում աշխատանքը շրջափակման պայմաններում, ի՞նչ խնդիրների են բախվում․ կենտրոնի աշխատակիցներն ու սաները չեն դժգոհում, դրանք հաղթահարելի են համարում։ Ցուցահանդեսին ներկայացել են 23 գործով, բոլորը նոր աշխատանքեր են՝ ասում է կենտրոնի տնօրեն Ռիմա Իզմայիլյանը։

«35 խմբակ, 404 երեխա։ Խմբակներից 19 գործում են գյուղերում, 16-ը՝ Մարտակերտում։ Մինչ շրջափակումը նյութեր էինք ձեռք բերել, դեռ կարողանում ենք աշխատել։ Մասնակցում ենք ցուցահանդեսներին, վերջերս էլ Յունիվերս արմ ցուցահանդեսին են ուղարկվել մեր գործերը, շրջափակման պատճառով օնլայն ենք մասնակցել և առաջին տեղ զբաղեցրել»։ 


Պատերազմից հետո Հադրութի ու Շուշիի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնները Ստեփանակերտում են գործում։ Նրանք բավական ակտիվ են և հաճախ են մասնակցում տարբեր երկրներում գործող ցուցահանդեսների։ Այսօր էլ բավական հարուստ տեսականիով են ներկայացել․ Հադրութի կենտրոնի տնօրեն Իրա Թամրազյանն ասում է, որ ժյուրիի դատին ներկայացրել են վերջին 3 ամսվա ընթացքում պատրաստած գործերը։ Մինչ այդ կենտրոնի կողմից ստեղծված աշխատանքերը դեկտեմբերի 10-ին ուղարկվել էր Հայաստանի հանրապետություն՝ ցուցահանդեսի։ Այս ցուցահանդեսին կենտրոնի սաները Հադրութի ու Շուշիի դռների նկարների մեծ հավաքածու են բերել։ Ինչո՞ւ դռներ՝ մեկնաբանում է տնօրենը։


«Մենք մի ծրագիր ունենք, ներկայցնում ենք մեր գործերը, Հադորւթի ու Շուշիի դռների ու դարպասների թեմայով։ Ինչու այդ թեման, քանի որ ամեն դուռ մի ընտանիք է, հիշողություն։ Թուրքերը հիմա դրանցից շատերը քանդել են։ Բայց մեր հիշողություններով դրանք ուզում ենք ամրապնդել գալիք երունդների հիծողության մեջ ու պահպանել այդ մշակույթը»։


Շուշին հետաքրքիր կարպետներ ու զարդեր էր բերել։ Կենտրոնի տնօրեն Գոհար Մարգարյանն ասում է, որ արդեն երկրորդ անգամ են մասնակցում այս ցուցահանդես-մրցույթին։

«Պատերազմից հետո բարդույթները, կարելի է ասել, հաղթահարել ենք,որոշ խմբակներ մեզ մոտ չեն գործում, քանի որ խմբակավարները չեն վերադարձել պատերազմից հետո, դրանք կառավարության որոշմամբ կրճատվել են։ 31 խմբակից գործում է 23-ը։ Հիմա այստեղ տարբեր խմակների սաների աշխատանքեր ենք ներկայացրել»։


Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքերը գնահատվեցին ժյուրիի կողմից․ առաջին տեղը զբաղեցրեց Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, երկրորդ տեղում Ստեփանակերտի ստեղծագործական կենտրոնի սաներն էին։ Մարտակերտը երրորդ մրցանակային տեղում էր։ ԿԳՄՍ նախարարությունը հաղթող թիմերի համար սահմանել էր մրցանակներ։

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ