Արվեստասեր հասարակությունը ծանոթ է Առնոլդ Մելիքսեթյանի արվեստին նախկինում տեղի ունեցած ցուցահանդեսներից, սիմպոզիումներից: Նկարիչի համար այս ցուցահանդեսը յուրահատուկ է․ ցուցահանդեսին ընդգրկել է նաև իր դստեր՝ Աստղիկ Մելիքսեթյանի գործերը։ Առաջին անգամ նկարիչը պատկերել է Գանձասար գյուղը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գայանե Գրիգորյանը կարևոր է համարում այն, որ արվեստագետը շարունակում է իր գործունեությունը՝ անկախ ամեն ինչից։
«Ամենից կորևորն այն է, որ արվեստագետը շարունակում է աշխատել, նոր կտավներ ստեղծել և որ ամենակորևորն է՝ իր գործերը ցուցադրելու ցանկություն ունի ոչ միայն Արցախում, այլ նաև արտերկրում»:
Կան կտավներ, որոնք հայր և դուստր միասին են ստեղծել՝ ասում է Առնոլդ Մելիքսեթյանը։ Օրինակ՝ ցուցահանդեսում տեղ գտած գորգը վերջնական տեսքի է բերել Աստղիկը։
«Գորգի էսքիզը վերջնական տեսքի է բերել աղջիկս։ Նա տիրապետում է գորգագործության արվեստին։ Գորգի վրա մանրակրկիտ աշխատանքներ պետք է արվեր, ես չէի կարողանում, Աստղիկն արեց և վերջնական տեսքի բերեց գորգը»։
Ցուցահանդեսում տեղ են գտել 30-ից 35 տարվա վաղեմություն ունեցող կտավներ։ Ներկայացված էին նաև նկարչի վերջին տարիների գործերը։ Կան կտավներ, որոնց վրա Առնոլդ Մելիքսեթյանը աշխատել է ընդհուպ մինչև այսօր։ Ցուցահանդեսին ներկա էր լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջյանը։ Մեր արժեքները առաջին հերթին մենք պետք է գնահատենք՝ ասում է մտավորականը։
«Մենք պետք է հասկանանք, գիտակցենք և աշխարհին ասենք, որ Արցախը ունի ևս մեկ խորհրդանիշ, դա Առնոլդ Մելիքսեթյանն է։ Իրոք, ես այդպես եմ համարում, չգիտեմ կհամաձայնե՞ք ինձ հետ, թե՞՝ ոչ։ Որպես մարդ, որպես արցախցու տեսակ և որպես նկարիչ ու քանդակագործ նա, իրոք, արցախյան խորհրդանիշ է, որը մենք կարող ենք ներկայացնել աշխարհին։ Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք, ոչ միայն արցախյան, այլ նաև համաշխարհային նշանակության արժեքներ են»։
Միքայել Հաջյանը ողջունում է ցուցահանդեսի գաղափարը և համոզմունք հայտնում, որ եթե այս նկարները ցուցադրվեն աշխարհի այլ երկրներում, իրենցից ավելի մեծ արժեք պիտի ներկայացնեն։ ԿԳՄՍ փոխնախարարը կարծում է, որ աջակցության դեպքում մեր նկարիչները իրենց կտավները Հայաստանից դուրս ցուցադրելու հնարավորություն կունենան։
«Աստված տա, որ մենք ունենանք այնպիսի հնարավորություններ, որ աջակցենք մեր նկարիչներին ու քանդակագործներին, որպեսզի նրանք կարողանան իրենց գործերը, նաև իրենց գլուխգործոցները ցուցադրել ոչ միայն Արցախում, Հայաստանում, այլև տարբեր միջազգային ցուցահանդեսներում»:
Ստեփանակերտի պատկերասրահում ներկայավված են Առնոլդ և Աստղիկ Մելիքսեթյանների շուրջ 70 գործեր, դրանց մեծ մասի հեղինակը հա՛յր Մելիքսեթյանն է։