Այսօր Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան N1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված 44 -օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Միջոցառումը նաև խաղաղության կոչ էր ամբողջ աշխարհին: Վիկտորյա Սարգսյանի ռեպորտաժը:
Միջոցառումը կազմակերպվել է դպրոցի ռուսաց լեզվի մեթոդմիավորման կողմից: Միջոցառման կազմակերպիչներից Լիլիթ Հարությունյանի խոսքով՝ ջերմությամբ են հիշում իրենց զոհված աշակերտներին և փորձում են վառ պահել նրանց հիշատակը հենց այսպիսի նախաձեռնություններով:
«Մենք իրավունք չունենք մոռանալու մեր հերոս տղաներին: Միջոցառումը մեզ թույլ տվեց մի փոքր զգալ նրանց ներկայությունը: Սա նվազագույնն է, ինչ կարող ենք անել նրանց հիշատակը վառ պահելու համար»:
Դժվար է խոսել այն տղաների մասին, որոնք իրենց ամենաթանկն են զոհել հանուն հայրենիքի և մեր խաղաղ օրերի՝ ասում է դպրոցի տնօրեն Լենա Ավանեսյանը: Աշակերտները՝ մեծից փոքր, մեծ պատասխանատվությամբ են պատրաստվել այս միջոցառմանը:
«Ցավը բոլորինս է, մեր վերքը բաց է: Հարցեր են առաջանում, որոնց պատասխանները գտնելը դժվար է: Այսօր մեր դպրոցի աշակերտները պատրաստել են փոքրիկ ելույթներ նաև այդ հարցերի մասին: Լսենք նրանց»:
Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ: Դժվար է հաղթել ազգին, որը պատրաստ է անգամ մեռնել՝ սեփական հողում ապրելու համար՝ ասում է նախարարության պետական տեսուչ, ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ Ռուբեն Օսիպովը:
«Ես կուզենայի մոտենալ յուրաքանչյուր աշակերտի, ով մասնակցել է այս միջոցառմանը և ասել՝ «Ցավդ տանիմ»: Մեր ազգը կոտրել անհնար է: Մենք ապրում ենք և ապրելու ենք այն հողում, որտեղ ապրել են մեր պապերը, հայրերը, մայրերը»: