Նոյեմբերի 24, 2024

Աղավնոյում նշել են Վարդավառը

By Մարգարիտա Ղուշունց Հուլիսի 25, 2022
  Աղավնոյում  երեկ  եղանակը հով էր, մթնոլորտը՝ ավելի քան  ջերմ։ Չնայած հով եղանակին Վարդավառը նշվել է ինչպես հարկն է։ Վարդավառը կրկին Աղավնոյում անցկացնելու նախաձեռնությունը ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին էր։ Ծառայության տնօրեն Արմինե Հայրապետյանի հետ մեր զրույցն ընդհատվեց մի քանի անգամ․  դեպի մեզ  շտապող  ջրերով լի  դույլերը  շատ էին։ 
 
«Բավականին շատ են մասնակիցները։ Մեզ համար անսպասելի էր, քանի որ եղանակի պատճառով մտածում էինք, որ միջոցառումը չի կայանա։ Բարեբախտաբար, կայացավ և շատ լավ ընթացավ։ Այնպես, որ դրական մթնոլորտն ու լավ տրամադրությունն Աղավնոյում   ապահովված էր»։
 
 Տոնի այսպես ասած «ակտիվիստները» չէին խնայում ոչ մեկին, նույնիսկ համայնքապետն էր հայտնվել նրանց թիրախում։ Տոնի կարևորության մասին խոսելիս Անդրանիկ Չավուշյանը ընդգծում է, որ հայկական տարածքում կամ որտեղ որ մեկից ավելի հայ կա, հայկական տոները ցանկալի է նշել այս տրամդրվածությամբ, իսկ այստեղ լավ տրամադրություն ապահովողները շատ են։ Մեծ սիրով են ընդունել կրկին Աղավնոյում Վարդավառն անցկացնելու առաջարկը։ 
 
«Նպատակը մարդկանց համախմբել է, այս միջոցառումն ավելի է ամրապնդում մեզ՝ խորհուրդ ունենալով, որ հայը պիտի ապրի հայեցի՝ պահպանելով իր սովորույթներն ու ավանդական տոները»։
 
 Այս անգամ Աղավնոն ավելի հանգամանորեն էր պատրաստվել։ Մեկ տասնյակից ավելի տաղավարներում ներկայացված էին Աղավնոյի բերք ու բարիքը, հյուրասիրություն, տարատեսակ ապրանքների ցուցադրություն֊տոնավաճառ։   Համայնքապետի խոսքով՝ առաջարկը դեռևս անցած տարի են ստացել։ Սա ևս մեկ հնարավորություն է  Աղավնոյի բնակիչների համար՝ տեղական արտադրանքի վաճառքից եկամուտ ստանալու, միաժամանակ նաև միջոցառման մասնակիցների սնունդը ապահովելու համար։  Արցախյան խորհրդանիշերով կախազարդեր, հայկական նախշազարդերով գոգնոցներ ու ծածկոցներ․ Քրիստինե Խալաթյանի տաղավարն  է։ Ասում է ցուցադրության հանված ապրանքները  Աղավնոյում, ինչպես ինքն է ասում,  «կարի ստեղծագործական սրահում» են ստեղծվել․ «Շուշան Պետրոսյանի հովանավորությամբ համայնքում երկու ամիս առաջ փոքրիկ արտադրամաս է բացվել։ Չնայած հոսանքի հաճախակի խափանումների պատճառով չենք կարողանում լիարժեք աշխատել, սակայն որքան հասցնում ենք, փորձում ենք այսպիսի խորհրդանշական իրեր պատրաստել ու ցուցադրության հանել։ Հոսով ենք, որ հոսանքի բացակայության խնդիրը կկարգավորովի, որից հետո նախատեսվում է, որ գյուղում կարուձևի, ասեղնագործելու շնորհ ունեցողները կընդգրկվեն այս գործում և կփորձեն հաճելի զբաղմունքից  նաև եկամուտ ստանալ»։ Քրիստինե Խալաթյանի տաղավարի ամենապահանջված իրերից մեկը՝ Աղավնոյի  տանքիների պատկերով կախազարդն էր։  «Ակն ընդ ական» վավերագրողների համայնքից նույնպես եկել էին մասնակցելու Աղավնոյի Վարդավառին։   Մասնակցել են նաև Քաշաթաղի եկեղեցում նախօրեին  կատարված մկրտության արարողությանը։ Հաճելին համատեղում են օգտակարի հետ՝ ասում է վավերագրական Ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը․ 
 
«Այստեղ ենք մեծ թիմով, մի մասը լուսանկարում է, մի մասը գրառումներ է անում։ Այստեղ կան գրողներ, դերասաններ, ռեժիսորներ, սցենարիստներ։ Կգնանք նաև Ամարաս, Ստեփանակերտ ու Աղավնոյով նորից կվերադառնանք Երևան»։ 
 
Կեսօրից հետո Աղավնոյի երեխաների համար տիկնիկային ներկյացում էր նախատեսված։ Այստեղ էին Մկրտիչ Խանդամիրյանի անվան տիկնիկային թատրոնի անդամները։ Հատուկ խաղացանկով են Աղավնոյում՝ ասում է Լիլիթ Մկրտչյանը։ 
 
«11 օր է հյուրախաղերով Արցախում ենք։ Նպատակահարմար ենք գտել այստեղ ներկայացնել «Հայ մուկը» պիեսը։
 
 Երեխաների աչքերը երջանիկ ժպտում էին։ Փոքրիկ Մարալը Աղավնո Վարդավառը տոնելու էր եկել մայրիկի՝ Սևան Մանջիկյան հետ։ Սևանն արդեն մեկ տարի է Մեծ Շենի բուժքույրն է․ 
 
«Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանի հետ խոսեցինք։  Նա ասաց, որ Վարդավառի միջոցառում են կազմակերպում։ Քանի որ մեր գյուղում այս պահին ջուր, գազ ու հոսանք չկա, որոշեցինք մասնակցել, որպեսզի երեխաները շփվեն մյուս երեխաների հետ և կտրվենք առօրյա հոգսերից, ինչի կարիքն զգացվում է»։
 
 Տոնական միջոցառման ամբողջ ընթացքում Աղավնոյում հնչում էր ազգային երգ-երաժշտություն, խարույկի շուրջ հավաքվածներն էլ վայելում էին տեղի երեխաների պարային կատարումները։  Աղավնոն հյուրերին հրաժեշտ տվեց ուշ երեկոյան՝ հույսով, որ նրանք կրկին կվերադառնան սահմանային Աղավնո և ոչ միայն Վարդավառ նշելու։ 
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ