Նոյեմբերի 24, 2024

Ինչպիսի՞նն է Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը

By Ասպրամ Ավանեսյան Օգոստոսի 31, 2022
Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շեն և Հին Շեն համայնքներով անցնող ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։ Այժմ կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ են տարվում։ Աշխատողները ադրբեջանցիներն են՝ ասում է Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը։ 
 
«Մտահոգություններ, որպես այդպիսին, չկան։ Ճանապարհն էլ նորմալ ճանապարհ է։ Որոշ խնդիրներ կան, օրինակ՝ 60 կմ/ժ արագություն է սահմանված գյուղով երթևեկելու համար, դա բարձր է, առաջարկել ենք 40կմ/ժ դարձնել, խոստացել են որ կփոխեն։
-Տևական ժամանակ ադրբեջանցիներ են գյուղում աշխատել, խնդիրների բախվե՞լ եք։
-Ոչ մի խնդրի հետ չենք բախվել։ Ձգտել են անել ամեն ինչ, որպեսզի ժողովրդին վնաս չհասցնեն»։
 
 Երթուղու կառուցման համար Մեծ Շենում 6 տուն է քանդվել, որոնցին մեկում բազմազավակ ընտանիք էր ապրում։ Ընտանիքն այժմ տեղափոխվել է Հայաստան։ «Յուրաքանչյուր նոր ճանապարհ լավ է,-ասում համայնքապետ Դավիթ Դավթյանը,- եթե ծառայի ժողովրդին»։ Ճանապարհների միջև տարբերություն չի տեսնում, միակ ցավը Բերձորի, Աղավնոյի ու Սուսի կորուստն է։ Առկա խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն՝ կարծում է համայնքապետը։ Արցախի Ռազմական ոտիկանությունը շուրջօրյա հերթապահություն է իրականացնում Մեծ Շենում։ Այսքան ժամանակ որևէ արտակարգ դեպք չի գրանցվել՝ ասում է Քաշաթաղի շրջանային բաժնի ոստիկանության պետի առաջին տեղակալ Ալեն Ափունցը։Մեծ Շենի բնակչության և անցող ֊ դարձողի անվտանգությունն ապահովելու համար Ռազմական ոստիկանությունը համագործակցում է Ճանապարհային ոստիկանության, ԱԻՊԾ-ի և ռուս խաղաղապահների հետ։ 
 
«Հիմնականում իրականացնում ենք շրջիկ ծառայություն։ Ունենք 2 հենակետ։ Մինչև այս պահը որևէ միջադեպ կամ ահազանգ չի արձանագրվել, քանի որ աշխտում են ուղեկցող խմբեր։ Օրը 24 ժամ մենք հերթապահություն ենք իրականացնում»։ 
 
Նոր երթուղու մասին կարծիքները տարբեր են, հակասական։ Ճանապարհի գործարկումից առաջ էլ մարդիկ բողոքում էին ռելիեֆից, կտրուկ շրջադարձերից, վայրիվերումներից։ Քիչ չեն դժգոհությունները նաև ճանապարհի գործարկումից հետո։ Որոշ հատվածներում կան թեքություններ, բայց թեքությունների համապատասխան տրված է ևս մեկ գոտի՝ ասում է Քաղաքաշիության նախարարության ճանապարհաշինության քաղաքականության բաժնի պետ Մհեր Համբարձումյանը․
 
«Ինչ վերաբերում է ճանապարհի ռելիեֆի վերաբերյալ վարորդների բողոքներին, այո՛, որոշ հատվածներում կան թեքություններ, բայց թեքություններին համապատասխան տրված է ևս մեկ գոտի, որը կհեշտացնի երթևեկությունը։ Ձմռան շրջանում բարդություններ լինելու են, բայց «Վահե Կարապետյան» ընկերությունը սպասարկելու է ճանապարհը, ինչպես դա անում էր Ստեփանակերտ-Բերձոր-Գորիս մայրուղու դեպքում»։
 
 Թե ինչպես է ծառայելու նոր երթուղին, որը հանրային լայն քննարկման առարկա է, ժամանակը ցույց կտա։ Կարծիքներն ու մտահոգությունները տարբեր են, իրականությունը՝ մեկը, այլևս Արցախը Հայաստանին կապող միակ ուղին Բերդաձորի ենթաշրջանով անցնող այս ճանապարհն է։
 
 
Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 01 Սեպտեմբերի 2022 12:17
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ