Առջևում Ամանոր է։ Օրացույցի ամենաընտանեկան տոնը։ Այս օրերին, երբ ամբողջ աշխարհում մարդիկ զբաղված են տոնական գնումներով, հարյուրավոր ընտանքիներ երազում են միմյանց վերամիավորվելու մասին։ Ուղեփակոցի տարբեր կողմերում են մնացել նաև 6-ամյա Սոֆին ու իր ընտանիքը։ Մայրիկը՝ Անահիտ Ստեփանյանը պատմում է Երևան գնալու և փոքրիկին տանը թողնելու մասին.
«Ես, ամուսինս ու 2 երեխաներս եկել ենք Երևան՝ վիրահատության նպատակով: Միջնեկ աղջկաս թողել ենք Ստեփանակերտում, որովհետև առաջին դասարանում է սովորում ու չէինք ուզում դասերից բացակայի: Հետվիրահատական շրջանում էինք, որ ճանապարհը փակվեց: Մտածեցինք, որ էլի նախորդ անգամվա նման շուտ կբացվի: Ամեն օր սպասում ենք, բայց մինչև այսօր դեռ փակ է: Երեխաս տատիկի ու պապիկի կողքին է: Նրանք երեխայիս շատ են սիրում, բայց միևնույն է, երեխաս կոտրված է»:
Եղել են օրեր, երբ Սոֆին մայրիկից վիրավորվել ու չէր խոսում նրա հետ։ Բայց հետո նորից հաշտվել է մայրիկի հետ։ Ամեն օր զանգում ու հետաքրքրվում է մայրիկի առողջությամբ:
«Երեխաս անընդհատ սկզբից հարցնում էր, թե երբ է ճանապարհը բացվելու ու երբ ենք գնալու: Ամեն օր ասում էինք վաղը, մյուս օրը: Այնքան հուսահատվեց, որ որոշ ժամանակ չէր խոսում մեզ հետ: Ինքը հիմա սթրեսային վիճակում է, բայց միևնույն է, ես էլի իրեն ասում եմ՝ քիչ է մնացել համբերիր: Երեխաս խոսելիս ասում է՝ ամեն օր լաց եմ լինում, շատ եմ կարոտում քեզ, գնում եմ թաքուն բաղնիքում կամ քնելիս վերմակիս տակ լացում»:
Անահիտը չի հասկանում, թե ավելի շատ ու՞մ համար անհանգստանա. աղջկա՝ որ ծնողների կողքին է, բայց առողջական խնդիրներով, թե Սոֆիի՝ որ, բարեբախտաբար, առողջ է, բայց ծնողներից հեռու և շրջափակման մեջ: Չի հասկանում, թե աշխարհն ինչու է այսքան անարդար։
«Հավատում եմ՝ Աստված չի թողնի այսպես, որ ամբողջ աշխարհում նոր տարին նշվի, իսկ Արցախում ապրող երեխաները մնան առանց ամանորյա հրաշքի: Փառք Աստծո, Մարդիկ այստեղ նոր տարվա համար առևտուր են անում: Ուրախ եմ, որ ամեն ինչ լավ է, բայց թող ամեն տեղ լավ լինի: Ինչո՞ւ է ամեն ինչ այսքան անարդար. այստեղ ուտելիքը փչանում է, բայց Արցախում երեխայիս համար միրգ չկա ու դեռ չգիտես ինչքան այսպես կմնա կամ վերջում ի՞նչ կլինի»:
Ամեն դեպքում Անահիտը լավատես է: Վստահ է, որ տատիկն ու պապիկը ամեն ինչ անելու են Սոֆիային ամանորյա հրաշք պարգևելու համար: Անկասկած է, որ այս ամանորն անմոռանալի ու հիշվող է լինելու, բայց Սոֆիի տատիկն ամեն ինչ կանի՝ փոքրիկին նաև հաճելի պահեր պարգևելու համար.
«Թոռնիկս՝ Սոֆին, մեզ հետ է ապրում: Մենք ամեն ինչ անում ենք իրեն երջանկացնելու համար, բայց ինքը երեխա է և ուզում է ամանորը իր ծնողների հետ անցկացնել: Ամեն դեպքում մենք ամեն ինչ անում ենք, որ նոր տարին իր համար լավ անցնի: Անակնկալներ էլ ենք պատրաստել Սոֆիի համար: Երեխան միևնույն է սպասումներ ունի, որովհետև հաճախ է հարցնում ՝ տատիկ ամանորին ես, դու ու պապիկն ենք լինելու»:
Արցախում շատ են այն փոքրիկները, ովքեր Սոֆիի նման զրկված են նոր տարին ընտանիքի հետ դիմավորելու երջանկությունից։ Հարյուրավոր ընտանքիներ են կիսվել ու մնացել ուղեփակոցի տարբեր կողմերում։ Նրանք՝ Արցախի 120 000 բնակիչների հետ սպասում են Կյանքի ճանապարհի բացմանը։