Նոյեմբերի 23, 2024

Պետական նախարարին կից բարեգործական խորհրդի 6-րդ նիստն է գումարվել

By Ասպրամ Ավանեսյան Դեկտեմբերի 05, 2022

Այսօր տեղի է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարարին կից բարեգործական խորհրդի 6-րդ նիստը: Այն տևելու է 2 օր: Նիստի կայացմանն աջակցել է Հայ բարեգործական ընդհանուր միությունը: Սահմանային ու անվտանգային իրավիճակով պայմանավորված նիստը մի քանի անգամ հետաձգվել է:

 

Մենք ունենք հստակ նպատակ և սահուն քայլերով գնում ենք դեպի այն՝ ասում է պետնախարար Ռուբեն Վարդանյանը և հավելում, որ այս հանդիպումն էլ ևս մի քայլ է  այդ ճանապարհին: Այս ու սրանից հետո տեղի ունենալիք քննարկումները միտված են  խնդիրների բարձրացմանն ու լուծմանը: Քննարկումների ընթացքում բանավեճը, միմյանց հետ չհամաձայնելը բնական երևույթ է, ասում է Վարդանյանը, եթե դա հիմնված է հարգանքի վրա:  Ե՛վ տնտեսական, և՛ սոցիալական, և՛ կրթական ու մշակութային ոլորտներում ներդրումներ կատարելու համար անհրաժեշտ է, որ ունենանք այդ ոլորտներում առկա ընդհանուր պատկերը:

«Այս պատկերում մեծ դեր է խաղում տարբեր նախագծերի համագործակցության և սիներգիայի էֆեկտը: Ես վստահ եմ, որ սա միակ ճիշտ տարբերակն է: Շատ մարդիկ ի սրտե ուզում են աջակցել Արցախի ժողովրդին, բայց մենք տեսնում ենք շատ մեծ խնդիրներ իրար հասկանալու մասով: Մեկ-մեկ ձուկ տալը վտանգավոր է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ  այստեղ մարդիկ ոչ թե ստանան ձուկ, այլ ստանան հնարավորություն իրենց ուժերով իրենց ապագան կառուցելու»:   

ՀԲԸՄ այստեղ է՝ կառավարության հետ հնարավոր համատեղ ծրագրերն իրագործելու համար։ Միայն մարդասիրական   խնդիրներ լուծելով առաջ չենք գնա՝ ասում է ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանը:  Արցախի 23 համայնքում միությունը տարբեր հետազոտություններ է  կատարել:

«Մենք իբր ազգ վատնելու ռեսուրս չունենք, ռեսուրսը թե՛ ժամանակն է, թե՛ գումարն է, թե՛ մարդկային ուժերն են: Այս ռեսուրսները պետք է օգտագործենք ամենաարդյունավետ ձևով: Մեր մշակած ծրագրերը պետք է քննարկենք, հասկանանք՝ արդյոք այս ծրագրերը համընկնում են Արցախի կառավարության առաջնահերթությունների հետ»:

ՀԲԸՄ ուսումնասիրված 23 համայնքները բաժանել է ըստ կլաստերների (մի քանի միանման էլեմենտների միացում), որոնք իրար փոխսնուցելով կարող են իրար ավելի շատ օգտակար լինել: Հետազոտություններն արվել են 3 ոլորտում. ենթակառուցվածքներ, մարդկային կապիտալ, տնտեսական ներուժ: Գյուղոլորտը պետք է հիմնված լինի խելացի գյուղատնտեսության վրա՝ ասում է «ՀԲԸՄ Հայաստանի» հետազոտող Հովսեփ Բաբայանը:

«Այս խելացի գյուղատնտեսության մեջ 4 կարևոր կետ կա. անասնակերի արտադրություն, կերի արտադրություն, կաթի վերամշակում, հետո արդեն  բիոգազի արտադրությունն է և դրանց միջոցով ջերմոցների աշխատեցումը»: 

Առանձնացված 5 ճյուղերից 2-րդն «աշխատուժն ու աշխատատեղերի ստեղծումն» է: Այս ճյուղի համար նախատեսված է «հմտությունների զարգացման» ծրագիր, որը կոչված է ժամանակակից գիտելիքներով զինել տեղի երիտասարդներին: Հաջորդ ճյուղը կրթությունն է, որը պետք է հիմնված լինի գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի վրա: Առողջապահության մասով առանձնացված ծրագրերը Հովսեփ Բաբայանն է նարկայացնում:

«Այստեղ կարևորում ենք դեղատների կետերի հիմնում։ Ոչ բոլոր գյուղական համայնքներում կան դեղատներ, շարժական մինի կլինիկանների շրջանառություն և նաև բժիշկների վերապատրաստման ծրագրեր, որպեսզի առողջապահական սպասարկումն ավելի արդյունավետ լինի արցախցիների համար»:

Վերջին ճյուղը մշակույթին է վերաբերում: Նախատեսվում է թվային հարթակ  ստեղծել, որը ստեղծագործող մարդկանց հնարավորություն կտա գումար աշխատել:

Այս 5 խոշոր ծրագրերից բացի կան նաև այլ ծրագրեր, որոնք վեր են հանվել ՀԲԸՄ իրականացրած հետազոտությունների արդյունքում։  Հովսեփ Բաբայանը դրանցից առանձնացնում է ջրային աուդիտի իրականացումը,  արևային կայանների հիմնումն ու արդյունաբերական կանեփի արտադրությունը:

Արցախի հանրային ռադիո
Last modified on Երեքշաբթի, 06 Դեկտեմբերի 2022 09:48
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ