Նոյեմբերի 24, 2024

Միջազգային օրենսգրքերը միայն պետք եղած պահին են բացվում, օրենքներն էլ՝ կիրառվում

By Անի Աբաղյան Հունվարի 21, 2023

«Ես հայ եմ, Արցախը իմ տունն է»։

«Я жила, живу и буду всю жизнь до последнего дыхания жить в Арцахе. Нагорний Карабах- это моя родина, святая родина․»

«I am Armenian, and I want to live in Artsakh»․

«Je suis Mariana, je suis arménienne, je viens d'Artsakh, l'Artsakh est ma maison, ma terre, ma famille»․ 

 Հանրապետությունում հումանիտար խնդիրները գնալով խորանում են,  իսկ միջազգային հանրության հասցեական հայտարարություններն ու կոչերը դեռևս  գործողություն չեն դառնում։ Այսօրվա միջոցառումը, որ Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնի փոխտնօրեն Մարիանա Աբրահամյանի նախաձեռնությունն էր, նպատակ ուներ ևս մեկ անգամ փորձել գրավել միջազգային հանրության ուշադրությունը։

«Այս ճգնաժամային պահին դպրոցները փակ են, բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները, պետական աշխատավայրերը բնականոն չեն աշխատում, քանի որ անընդհատ գազի, լույսի անջատումներ են լինում,  երեխաները զրկված են դպրոց ու մանկապարտեզ հաճախելու հնարավորություններից, խանութները փակ են, գրեթե բոլոր տեսակի ապրանքները՝ առաջին անհրաժեշտության դեղորայք, հիգիենայի պարագաներ, բացակայում են, դժվար է հայթայթել սնունդը, առավել դժվար է մեծահասակների, հաշմանդամների համար, որոնք չեն կարողանում հերթերում կանգնել խանութների, պահեստների դիմաց»։

Մարիանա Աբրահամյանը կոչը ֆրանսերեն է ներկայացրել։

«Մենք որոշեցինք մեր կոչով ցույց տալ միջազգային հանրությանը, որ ուշադրություն դարձնեն արցախցիներին, քանի որ ամբողջ աշխարհը լուռ հետևում է ու ոչ մի պատժամիջոց չի կիրառում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ»։

Միջազգային հանրության լռությունը զարմացնում ու զայրացնում է արցախցիներին․ միջազգային իրավունքի օրենսգրքերը միայն պետք եղած պահին են բացվում ու կիրառվում։ «Մայրություն» ՀԿ  նախագահ Հասմիկ Միքայելյանը դիմել է աշխարհին ոչ միայն Արցախի, այլ արդարության ու խաղաղության կողքին կանգնելու համար։

«Ես դիմում եմ միջազգային հանրությանը, աշխարհի բոլոր մարդկանց կանգնել ոչ միայն Արցախի, Լեռնային Ղարաբաղի կողքին, այլ արժանապատիվ կյանքի, մարդկանց խաղաղ կյանքի համար, որովհետև Լեռնային Ղարաբաղը վտանգավոր օջախ է, սպառնալիք երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու համար։ Մենք չպետք է թույլ տանք՝ նոր, սարսափելի պատերազմ սկսվի»։

Մենք ուզում ենք ապրել, ստեղծագործել Արցախում, իսկ այս ելույթներով թեկուզ ևս մեկ անգամ ցույց տալ մեր լինելը, մեզ համար մեր հայրենի տանը ապրելու կարևորությունը, որն այսօր վտանգված է՝ ասում է «Sandplanet» ավազանկարչության կենտրոնի հիմնադիր Հասմիկ Արզանյանը։

«Մենք շատ ենք կարևորում երեխաների կրթությունը և մեզ համար ցավալի է, որ այսօր մեր երեխաները պարզապես սովորական կրթություն ստանալու իրավունքից զրկված են։ Մեզ համար անընդունելի է, որ մեր երեխաները այսօր այսպիսի պայմաններում են ապրում»։

41 օր շարունակ Արցախը շրջափակման մեջ պահելով՝ Ադրբեջանը փորձում է սովի, կենսական անբարենպաստ պայմանների, ռազմական ու տեղեկատվական սպառնալիքների ենթարկելով՝ մարդկանց զրկել ամենահասարակ մարդկային ուրախություններից։ Ստիպել երազել միմիայն խաղաղության մասին։  

«Մենք խաղաղություն ենք ուզում, մենք ուզում ենք ապրել մեր հայրենի, հարազատ օջախներում, մեր պատմական սուրբ հողում՝ Արցախում»։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ