Նոյեմբերի 24, 2024

Եվս 15 երեխա վերամիավորվել է ընտանիքի հետ․ Ինեսսայի պատմությունը

By Վիկտորյա Սարգսյան Հունվարի 28, 2023
Ինեսսան տատիկի տնից էր վերադառնում։ Երբ արդեն իմացել է, որ տուն է վերադառնում, որոշել էր տատիկին հատուկ անակնկալ անել։ 
 
«Երբ արդեն հասել էինք Գորիս, տատկիս զանգեց ու հարցրեց՝ ու՞ր եք։ Ես էլ ասեցի, որ գնում ենք «Երևան պարկ»։ Ճիշտն ասած արդեն 3 անգամ գնացել էինք ու ասացի, որ արդեն 4-րդ անգամ ենք գնում։ Տատիկս ասաց՝ էդ ով է այդքան հարուստ, որ կարողանում է ձեզ ամեն տեղ տանել։ Երբ արդեն հասանք, առաջինը տատիկի տուն գնացի։ Ինքն էլ լացելով գրկեց ինձ ու ասաց, որ ճիշտ չեմ արել, առաջինը իրեն պիտի ասեի»։ 
 
Ինեսսան դեկտեմբերի 11-ին էր գնացել Երևան՝ մասնակցելու «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին։ Հաջորդ օրը՝ առավոտյան պիտի տուն վերադառնային, երբ    իմացան, որ ճանապարհը փակ է։
 
 «Մինչ այդ մենք ուզում էինք մի երկու օր էլ մնալ Երևանում, բայց ոչ նման պահմաններում։ Մտածեցինք, որ 2-3 ժամից կբացեն ճանապարհը։ Բայց 47 օր մնացինք Երևանում»։
 
 Եվրատեսիլին շատ անհամբեր էր սպասում Ինեսսան։ Երկար են մտածել, քննարկել՝ ուղարկել երեխային, թե՝ ոչ՝ ասում է մայրը՝ Էլեոնորան։ Եվրատեսիլից հետո Ինեսսան զանգեց ու ասաց, որ աննկարագրելի տպավորություններ ունի և ուզում է հետագայում ինքն էլ մասնակցի մրցույթին։ Հաջորդ օրը ճանապարհի փակվելու մասին հենց Ինեսսան է տեղեկացրել ծնողներին։ Նրանք էլ, ինչպես շատերը, մտածել են թե մի քանի ժամից այն կբացվի։ Բայց՝ 
 
«Պարզվեց, սա դեռ երկար կտևի։ Դեկտեմբերի12-ին մենք դեռ չէինք հասկացել իրավիճակի ողջ լրջությունը։ Չէինք հասկանում, թե ինչ կարող է կատարվել մարդու ներսում և ինչ կարող է անել կարոտը։ Եվ օր-օրի ավելի դժվար էր դառնում ու գիտակցում էի, որ ինչ ոչինչ պետք չի, միայն երեխաս է պետք։ Ու դա ամենաանմարդկայինն է, երբ մարդուն կտրում են իր երեխայից»։ 
 
Ես չգիտեմ, թե կապ ունի՞, արդյոք, ազգությունը, բայց մտածում եմ, որ մոր սիրտը նույն մոր սիրտն է մնում՝ ասում է Էլեոնորան։ Մի քանի անգամ իրենց հայտնել են, որ երեխաններին հնարավոր է բերեն, բայց չստացվեց։ Հույս էին պահում, որ գոնե Ամանորին Ինեսսան տանը կլինի, բայց կրկին ապարդյուն։ Հունվարի 26-ին, երբ  ստացան հերթական զանգը, արդեն իրենք չէին հավատում, որ Ինեսսան, վերջապես, տուն կվերադառնա։ 
 
«Երբ Իննեսան զանգեց ու ասաց, որ վաղը կգա, չհավատացի։ Խնդրեց, որ իր համար կոտլետներ պատրաստեմ, ասացի լավ, բայց չպատրաստեցի, որովհետև չէի հավատում։ Բայց երբ առավոտյան զանգեց ու ասաց, որ հասել են Գորիս, իսկույն պատրաստեցի ու գնացի դիմավորելու իրեն։ Չեմ կարող նկարագրել։ Դա անբացատրելի զգացմունք է»։ 
 
Մի քանի անգամ հուսախաբ եղած երեխաներն իրենք էլ թերահավատ էին տուն վերադառնալու հնարավորության հարցում։  Երբ հունվարի 26-ին իրենց ասել են, որ տուն են վերադառնում, մտածել են, թե կատակ է։ Բայց, ամեն դեպքում, Իննեսան գիշերը հավաքել է իրերն ու անհամբեր սպասել հաջորդ օրվան։ 
 
«Առավոտյան երբ արթնացա, մի այլ ձևի ուրախ էի։ Կարմիր խաչի հետ ճանապարհվեցինք։ Երբ արդեն հասանք ադրբեջանցիների մոտ ու տեսա նրանց իմ մեջ այնպիսի զգացողություն էր, ասես ջղայնացացած եմ նրանց վրա։ Նրանք բարձրարցրել էին դրոշներն ու բռունցքները և գոռում էին։ Երբ արդեն անցանք իրենց կողքով, նրանք իջեցրեցին դրոշները ու ես մտածեցի, որ մեզնից վախենում են»։
 
 Երևանում անցկացրած 49 օրերի մասին Ինեսսան  ուրախությամբ է հիշում միայն այն, թե ինչպես են դիմավորել Նոր Տարին, ինչպես էին միասին գնումներ արել։ Հատկապես տպավորիչ էր     «Կյանքի ճանապարհ» երգի ու տեսահոլովակի պատրաստումը։ 
 
Երեխաներին դիմավորելու էին եկել ծնողները, բարեկամներն ու ընկերները։ Երբ հեռվից արդեն տեսել էր ուրախությունից լացող մայրիկին, Իննեսան հասկացել է, որ ամենաշատը հենց նրան է կարոտել։ Հայրը դեռ դիրքերում է։ Այսօր Ինեսսան ամենաշատը այդ հանդիպմանն է սպասում։ Ինեսսան գիտի նաև, որ տասյնակ երեխաներ դեռ հեռու են իրենց տներից։ Հարցին՝ ինչ կցանկանա այդ երեխաներին, պատասխանում է՝ 
 
«Ես ցանկանում եմ, որ իրենք ապրեն խաղաղ երկնքի տակ, շուտ հասնեն իրենց ծնողների մոտ։ Եվ ոչ մի թշնամի երբեք իրավունք չունի երեխային կտրել իր մայրիկից»։  
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ