Նոյեմբերի 22, 2024

Արամ Մանուկյան՝ 144․ ցուցահանդես Ստեփանակերտում

By Վիկտորյա Սարգսյան Մարտի 22, 2023
Արամ Մանուկյան՝ 144․ ցուցահանդես Ստեփանակերտում Hairenik Weekly

Մարտի 19-ին լրացավ Հայաստանի Առաջին Հանրապետության ականավոր պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակը։ ԱՀ ԿԳՄՍ նախարարության կողմից այսօր կազմակերպվել է պետական գործչի 144-ամյակին նվիրված ցուցահանդես։ Ներկայացվել են Արամ Մանուկյանի գրությունները, կոչերը, նրա մասին գրված գրքերը։ Ներկաները վերհիշել են Արամ Մանուկյանի կյանքն ու գործունեությունը։ 

«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու, և թե՛ երկրի ներսում կարգ հաստատելու համար»՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմադիր Արամ Մանուկյանի խոսքերն են, որոնք, թվում է, հենց այսօրվա մասին են։ Իրատես ու շրջահայաց, անկոտրում կամք և իր ժողովրդի ճակատագրի հանդեպ մեծագույն պատասխանատվություն ունեցող քաղաքական գործիչը գալիք սերունդներին փոխանցել է մեծագույն պատգամ՝ ապավինել միայն ու միայն սեփական ուժերին ու չդադարել պայքարել։ Օրը պատեհ առիթ է ևս մեկ անգամ վերաիմաստավորելու հայ ազգի անցած ճանապարհը՝ Արամ Մանուկյանի օրերից մինչև մեր օրեր՝ ասում է ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը։

«Մտովի վերապրելով այդ անասելի ծանր, ճակատագրական, սպառնալիքներով և զրկանքներով լի իրադարձությունները՝ կարող ենք վճռականորեն բարձրաձայնել, որ մենք այսօր, ապրելով Արցախում, հերթական անգամ ի վիճակի ենք կերտել այն նույն հրաշքը, որը ժամանակին կերտվել է Վանում, Սարդարապատում և Շուշիում»։

Արամ Մանուկյանն ասում էր՝ «Ես լավ գիտեմ Ղարաբաղը, որովհետև ես նրա զավակն եմ»։ Ծնունդով շուշեցի Արամը դեռ աշակերտական տարիներից մասնակցում էր հեղափոխական շարժումներին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ Արամ Մանուկյանը պայքարում էր ամեն տեսակ խորթ երևույթների դեմ, որ կար այն ժամանակ հայ հասարակության մեջ։

«Ինքն ամենամեծ պայքարն էր մղում հայ ժողովրդի հատվածականության մտայնությունների դեմ։ Հատկապես Վանում, քանի որ ինքը դրսից եկած էր, պետք է կարողանար համոզել, որ ինքը եկել է փրկելու, երկրում ազգային-ազատագրական գաղափարները արմատավորելու։ Եվ Արամը իր շրջահայացությամբ, հաստատակամությամբ կարողացավ Վանում ձեռք բերել այնպիսի հեղինակություն, որ նույնիսկ քրդերը Արամ Մանուկյանին նամակ գրելիս գրում էին «Վսեմափայլ պարոն Արամ»։ Եվ պատահական չէ, որ Վանում նա ստացավ նաև «Փաշա» մանկանունը»։

Արամ Մանուկյանի ամենամեծ ծառայությունն իր ժողովրդին Սարդարապատի հերոսամարտի օրերին էր. իր կազմակերպչական մեծ ունակություններով, թշնամուն դիմակայելու վճռականությամբ, մեծագույն եռանդով ու լավատեսությամբ կազմակերպեց Սարդարապատի և Բաշ-Ապարանի հաղթական հերոսամարտերը, որոնք հայ ժողովրդին փրկեցին վերջնական բնաջնջումից և ապահովեցին հայոց անկախ պետականության վերականգնումը։ Վերջին 100 տարիների պատմության մեջ պետական մտածելակերպի արմատավորման լավագույն օրինակը Արամ Մանուկյանն է՝ ասում է ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը։

«Ազնվությունը, առաջնորդ լինելու հանգամանքը։ Այսօր մենք շատ ենք խոսում առաջնորդի գաղափարից, թե ո՞վ է առաջնորդը։ Եվ եթե մեր օրերը համեմատում ենք Արամ Մանուկյանի ժամանակաշրջանի հետ, ես ինձ իրավունք կվերապահեմ համեմատել նրան Արթուր Մրտչյանի հետ։ Ճիշտ է՝ երկուսն էլ շատ կարճ պաշտոնավարեցին անկախ հանրապետության ժամանակաշրջանում, բայց երկուսն էլ իրենց գծերով շատ նմանություններ ունեն»։

1919 թ. հունվարի 29-ին Արամը Մանուկյանը մահանում է բծավոր տիֆից: Ըստ ժամանակակիցների՝ Արամ Մանուկյանի հուղարկավորությունը իսկական համաժողովրդական սուգի է վերածվել: Հուղարկավորության ժամանակ Նիկոլ Աղբալյանը արցունքն աչքերին, ասել  է արդեն պատմական դարձած խոսքը. «Երբ գիշերը գա, մտեք ձեր հոգու սենյակն ու խոսեք ձեր խղճի հետ և ասեք՝ արդյոք աշխատե՞լ եք հայ ժողովրդի համար, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը»:

Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակին նվիրված ցուցահանդեսը կգործի երկու շաբաթ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում։

Արցախի հանրային ռադիո
Last modified on Չորեքշաբթի, 22 Մարտի 2023 14:43
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ