Նոյեմբերի 23, 2024

Արցախը շրջափակված է ավելի քան 100 օր. Կառավարությունը մամուլի ասուլիս է նախաձեռնել

By Սրբուհի Վանյան Մարտի 23, 2023

Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ՝ հայկական ու միջազգային լրատվամիջոցների մասնակցությամբ այսօր Արցախի կառավարությունը նախաձեռնել է  մամուլի ասուլիս՝  պետնախարար Գուրգեն Ներսիսյանի, ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի և Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի մասնակցությամբ։ Ասուլիսն առցանց էր՝ հեռուստակամուրջի ձևաչափով։ Ինչպես ասուլիսը հրավիրած պաշտոնյաներից երկուսը, այնպես էլ լրագրողների մեծ մասը Արցախից դուրս են գտնվում։

Նախաձեռնության նպատակը Արցախի համար չափազանց դժվարին 100 օրը ներկայացնելն է՝ հիշեցնելու  աշխարհին, որ Արցախը շրջափակված է արդեն 102 օր, և այդ շրջափակմանը դեռ համարժեք գնահատական չի տրվել ու փաստ է այն, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ կատարվող քայլերը նույնպես բավարար չեն, եթե այն առայսօր փակ է։ Հեռուստակամուրջը 3 պայմանական սրահ է ունեցել․ Արցախի հեռուստառադիոընկերության տաղավարից ասուլիսին մասնակցել է պետնախարարը, Երևանից՝ Արմենպրեսի մամուլի կենտրոնից՝ ԱԳ նախարարը, իսկ Արգենտինայից միացել է Մարդու իրավունքների պաշտպանը։ Հայտարարվել էր, որ հեռուստակամուրջին կմասնակցի նաև  միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ  Եղիշե Կիրակոսյանը։ Որոշակի խնդիրներով պայմանավորված՝ նա չի մասնակցել։ Պետնախարար Գուրգեն Ներսիսյանն Արցախում շրջափակման հետևանքով առաջացած իրավիճակն է ներկայացնում։

«Մենք գիտենք, որ Արցախը Հայաստանին կապող այս ճանապարհը  լոկ ճանապարհ չէ, այլ սնուցող, արտաքին աշխարհին կապող միակ ուղին։  Սա մեր ազատությունների ու իրավունքների սահմանափակում է, այն տարրական իրավունքների, որ ունի ցանկացած մարդ, բայց մենք ստիպված ենք պայքար մղել դրանց համար»։

Եվ սա տեղի է ունենում 21-րդ դարում, երբ ամենաբարձր ամբիոններից  շեշտադրումներ են կատարվում մարդու իրավունքների ու ազատությունների վրա, և պետությունները, կարծես թե, ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ ազատականացնելու սահմանները, իրենց քաղաքացիների համար պայմաններ ստեղծում առավելագույնս հեշտ հարաբերվելու աշխարհի հետ՝ բարելավելով  մարդկանց կյանքի որակը, անվտանգությունն ու  ազատ տեղաշարժը։ Մարդը բարձրագույն արժեք է, և նրա իրավունքների ապահովումը նորմալ է՝  ասում է պետնախարարը։ Ցավոք, Արցախում շրջափակվածները ավելի քան 100 օր զրկված են դրանից։ Բայց դա միակ խաթարված իրավունքը չէ․ շրջափակման հետևանքներն ավելի խորն են, ինչպես որ խորն են Ադրբեջանի կողմից այն կազմակերպելու և իրականացնելու դրդապատճառներն ու նպատակները։

«Առաջինը՝ տնտեսական շրջափակում և կենսական պայմանների սահմանափակում, երկրորդ՝ ֆիզիկական և հոգեբանական ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքի ցուցադրումը և երրորդը՝ հոգեբանական ահաբեկչություն։ Ադրբեջանը դա ամեն օր բացահայտում է»։

Արցախն Ադրբեջանին պետք է առանց հայերի․ այդ մասին Բաքուն արդեն բացահայտ խոսում է  և բացահայտ էլ գործում՝ ամբողջ աշխարհի աչքի առջև։ Ադրբեջանի հանցագործություններն ու նպատակն աշխարհին ներկայացնելու համար այս ընթացքում Արցախում ու Հայաստանում Սփյուռքի մեր հայրենակիցների, բարեկամ երկրների ու անձանց օգնությամբ միջազգային կառույցների հետ քիչ աշխատանք չի տարվել․ դրանք իհարկե, տվել են որոշակի արդյունքներ։ Գեղամ Ստեփանյանը այդ աշխատանքներն է ներկայացրել։

«Հիմա Արգենտինայում մասնակցում եմ Մարդու իրավունքների համաշխարհային երրորդ ֆորումին, որտեղ նաև հնարավորություն ստեղծվեց Մարդու իրավունքների լայնածավալ խախտման ու ցեղասպանության վտանգների վերաբերյալ առանձին քննարկման շրջանակներում ներկայացնել Արցախում տիրող իրավիճակը, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և այն գոյաբանական սպառնալիքները, որ կան Արցախի ժողովրդի համար»։

Ինչ խոսք, Ադրբեջանի նպատակները քաղաքական են։ Դիվանագիտական դաշտում մեր կողմից կատարված քայլերն ԱԳՆ Սերգեյ Ղազարյանը բավարար չի համարում։ Անհրաժեշտ է համարում բազմապատկել ջանքերը՝ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումն ուժեղացնելու և ցանկալի արդյունք ապահովելու համար։

«Մենք պիտի ակտիվացնենք ջանքերը, միջազգային ճնշումներն Ադրբեջանի վրա ուժեղացնելու ուղղությամբ և ստիպենք կատարել այն բոլոր որոշումները, որ ընդունվել են․ այդ թվում և ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը»։

«Արցախ» լրատվականի հարցերը Սերգեյ Ղազարյանին էին ուղղված․ «Արդեն 100 օր մենք պայքարում ենք՝ չզիջելու համար մեր սուբյեկտայնությունը։ Այս ընթացքում աշխարհի տարբեր ուժային կենտրոնները տարբեր կոչեր ու հորդորներ են հնչեցրել՝ որպես կանոն մեզ ուղղորդելով Բաքվի հետ երկխոսության։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Բաքուն վերաբերում այդ երկխոսությանը։ Բայց  ի՞նչ կարող ենք մենք ակնկալել այդ երկխոսությունից, երբ  Ադրբեջանը երկխոսություն կոչվածի նկատմամբ իր մոտեցումն ունի ու Արցախի և առհասարակ հայկական կողմի հետ  խոսում է վերջնագրերով և համաձայն չէ օրակարգ քննարկել Արցախի հետ»։ Այս հարցը հետաքրքրում էր այլ լրատվամիջոցների նույնպես։ Սերգեյ Ղազարյանն այսպես է պատասխանել։

«Արցախյան կողմի դիրքորոշումը հայտնի է։ 44-օրյա պատերազմից հետո ռուսական  խաղաղապահների միջնորդությամբ  նմանատիպ հանդիպումներ եղել են՝ հումանիտար, տեխնիկական հարցերի լուծման նպատակով։ Վերջին հանդիպումներն ադրբեջանական կողմը խեղաթյուրել է, իսկ այդ հանդիպման նպատակը   շրջափակման հետևանքով առաջացած հարցերի քննարկումն էր։ Դա անթույլատրելի է։ Միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք հետայսու էլ նման հարցերով երկխոսել  ռուսական խաղաղապահների միջնորդությամբ։ Իսկ լիարժեք բանակցային գործընթաց կարող է լինել միայն միջազգային մեխանիզմների առկայության դեպքում։  Ու  մեր հիմնավորումները բավականին պարզ են»։

Ադրբեջանն ամեն օր գործողություններով բացահայտում է իր ծավալապաշտական նկրտումները, հեռահար նպատակները և ցույց տալիս, որ իր կողմից առաջադրած պահանջներն ընդամենը պատրվակ են։ Ադրբեջանի իշխանություններն անում են ամեն ինչ՝ Արցախը հայաթափելու, իրենց ցեղասպան քաղաքականությունն առաջ մղելու համար։ Հեռուստակամուրջն ուղիղ եթերով  հեռարձակել են Արցախի հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն, «Երկիր մեդիա», «Կենտրոն», «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները։ Դրան հետևելու հնարավորություն են ունեցել Արցախ TV  ֆեյսբուքյան էջի ու յութուբյան ալիքի հետևորդները։ Երևանի տաղավարից հեռուստակամուրջին մասնակցել է 12 լրագրող, Արցախից՝ մեկ տասնյակ լրատվամիջոց։ Արտասահմանյան մեր 20 գործընկերներ մեզ միացել են 8 երկրից։

Արցախի շրջափակումը շարունակվում է։ Այսօրվա հեռուստակամուրջը, ինչպես խոսքը եզրափակեց այն վարող Նորայր Հովսեփյանը, տեղեկատվական շրջափակումը ճեղքելու փորձ էր։ Հաջողված փորձ, քանի որ Արցախի ճշմարտության մասին լսեցին շրջափակումից այն կողմ գտնվող գուցե մի քանի հազար մարդ ևս։

Արցախի հանրային ռադիո
Last modified on Հինգշաբթի, 23 Մարտի 2023 14:37
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ