Նոյեմբերի 23, 2024

Անցյալի լուսավոր ստվերը. Մոնթեի մասին, Մոնթեից հետո

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 12, 2023

«Նորից եմ կրկնում Ավոյի նման չկա, չի ծնվել, գուցե 100 տարի հետո նրա նման մեկն էլ հայտնվի».

Մոնթեի մասին խոսելիս, պատմությունից պատմություն անցնելիս Ռաիսա Ավանեսյանն այս խոսքերն է կրկնում և համոզող հայացքով կարծես թե պարտադրում հավատալ իր խոսքերի ճշմարտացիությանը: Ռաիսա տատիկը Մոնթեի մարտական ընկերոջ` Կոմիտաս Ավանեսյանի մայրն է: Ավոյի համար հոգ է տարել, ինչպես հարազատ տղայի համար: «Հասարակ մարդ էր, -հիշում է, -հոգատար ու սրտացավ էր, նոր հագուստ չէր կրում, միշտ նույն հին, մաշված ու ցեխոտ կոշիկներն էին հագին, երեսը չէր սափրում. Ամեն նորը պահում էր իր զինվորների համար»:

«Մի օր ասացի, Ավո՛, շորերդ էլ չեմ կարկատելու, կարկատելու շոր չկա, ասաց` նորից կբերեմ: Մեր լոգարանը անսարք էր, հարևաններինը այդ ժամանակ լավ սարքած էր, մի օր ջուր եռացրեցի, բակը բռնեցինք, տարանք հարևանի տուն, որ Ավոն լողանա (դե Ավոյի համար տարբերություն չկար լոգարանը լավ սարքած էր, թե` չէ), մեր հարևանի սկիսուրը հարցրեց, թե ով է նա, ասացի, որ Ավոն է, ասում է, վա՜յ, սա՞ է Ավոն: Հետ էր քայլում, շալվարը ճղած էր, որր չտեսնեն: Մի օր` ցեխոտ զինվորական կոշիկներ էին հագին, լավերը կային, չէր հագնում, ասում էր թող սահմանին կանգնած զինվորները հագնեն նորը, լվացա այդ կոշիկները, դրեցի այնտեղ, առավոտյան եկավ, ասում է` ման էի գալիս չէի գտնում. չճանաչեց մաքուր կոշիկները»:

Որքան համեստ էր առօրյա կյանքում, նույնքան պահաջող ու խիստ էր մարտի դաշտում: Սկզբում, երբ Արցախ եկավ, նրան ոչ բոլորն ընդունեցին: Գեներալ-մայոր Նելսոն Սողոմոնյանը հիշում է` առաջին անգամ, երբ եկավ Բերդաշեն, մոտեցավ և հարցրեց գյուղի բնակչության, զորքի թվի, տեխնիկական հագեցվածության մասին, կասկածելի էր թվում, հիմնական պատճառը գուցե բարբառն էր, որն անսովոր էր տեղացիների համար: Հետո, երբ նշանակվեց Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար, երբ մարտի դաշտում ցույց տվեց իր մարդկային ու առաջնորդական որակները, բոլորի համար արդեն պարզ էր` Մոնթեն չէ այն մարդը, ում պետք է կասկածել: Սկսեցին հավատալ Մոնթեին.

«Որ գրադով ռմբակոծում էին, մարդիկ ասում էին` տեսնես Ավոն այստե՞ղ է, կարծես, որ Ավոն այստեղ լիներ, ձեռքերը կպարզեր, չէր թողնի, որ կրակեն: Մի անգամ էլ եմ ասում, բոլորը նրան ընդունում էին: Մարտունի ամենափոքրն էլ նրա անունով կերդվի»:

Ավոն զոհվեց 1993թ. հունիսի 12-ին. 35 տարեկան հասակում, 30 տարի առաջ այս օրը.
Զոհվեց, իր հետևից թողնելով մարտական ոգի, հավատք ու հաղթանակ: Զոհվեց` դարերին ու սերունդների պատգամելով.

«Խաղաղություն պիտի ըլլա միայն մեր հաղթանակով: Անկարելի է խաղաղություն տեսնել առանց մեր հաղթանակի: Իրավունք չունինք ծուլանալու: ԻՆչքան դժվար է Հայաստանի տնտեսական վիճակը, հասկըցանք բոլոր դժվարությունները և այլ, բայց պատերազմը այդպես է, պատերազմը միայն դժվարություն է, պատերազմը հաճելի բան չէ: Եթե մարդիկ կարող են մտածել, որ իրենց պարզ կյանքը կարող են շարունակել և պատերազմ վարել, ուրեմն շատ ապուշ են: Պիտի հասկնան, որ պիտի զոհվենք, պիտի լավ չուտենք, պիտի լավ չհագնենք, պիտի դպրոց չերթանք, պիտի մեր ամբողջ ուժը դնենք ռազմական գործի մեջ, հաղթենք ու հետո բոլորիս համար լավ կլինի»:

Արցախյան 44-օրյա պատարազմը շուռ տվեց այն երանելի իրականությունը, որը մենք ունեինք Մոնթեի և նրա նմանների շնորհիվ: Գեներալ-մայոր Նելսոն Սողոմոնյանի խոսքով` մենք մոնթեների պակաս չունեինք նաև վերջին պատերազմում, խնդիրը այլ էր.

«Նախորդ պատերազմի ժամանակ, եթե մի դիրքում 2-3 նվիրված զինվոր էի ունենում, դա մեծ թիվ էր, այս պատերազմի ժամանակ 10 հոգում 6-7-ը նվիրված էին, ուղղակի կազմակերպվածության խնդիր կար: Մենք արժեհամակարգի խնդիր ունենք, ոչ թե մոնթեների: Այդ արժեքային համակարգը կբերի նոր մոնթեներ»:

Դժվար է գերագնահատել Մոնթե-Ավոյի դերն Արցախյան ազատամարտում, մեր հաղթանակի և պետականակերտման մեջ: Պետք է սովորել նրանից ու ձևավորել այն արժեհամակարգը, որի մասին գեներալ-մայորն է հիշատակում:

Last modified on Երկուշաբթի, 12 Հունիսի 2023 14:07
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ