Նոյեմբերի 21, 2024

Արցախյան արտադրանքը՝ տարվա խոշորագույն ցուցահանդես-տոնավաճառին

By Վիկտորյա Սարգսյան Դեկտեմբերի 22, 2021

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր բացվել է Ամանորյա ամենամեծ տոնավաճառ ցուցահանդեսը: Այն համեմվել է նաև արցախյան գույներով ու համերով:  Big Christmas Market-ի և Coca-Cola-ի նախաձեռնությանը միացել են արցախցի ձեռներեցները: Ամենաակտիվ տաղավարն իր շուրջն է հավաքել  Ժենգլյալով հացի սիրահարներին: Եկող-գնացողները սկզբում համտեսում են արցախյան ամենահայտնի ուտեստն ու նոր անցնում առաջ:

Ստելլա Իսախանյանը ներկայացնում է   Stellas_knit բրենդը: Մեկնարկը հաջողությամբ տվել են, սպասում են արդյունքներին:

«Ներկայացնում եմ հելյունագործ, ճաղագործ խաղալիքներ, ասեղնագործ նկարներ: Ցուցահանդեսի մասին իմացել եմ ընկերուհուցս, ով նույնպես մասնակցում է: Հույս ունենք, որ կգան, կհավանեն և կգնեն»:

Տոնավաճառ ցուցահանդեսը կտևի 5 օր: Այն բաց է՝  ժամը 12-ից 22-ը: Արցախի Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության տնտեսական զարգացման վարչության ներկայացուցիչ Աննա Միրզոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արցախից տոնավաճառին մասնակցում են 13 արտադրողներ:

«Արցախից տոնավաճառին մասնակցում են 13 արտադրողներ, որոնք զբաղվում են ձեռագործ տիկնիկագործությամբ, ձեռագործ գորգերի, շորերի, պայուսակների պատրաստմամբ: Ներկայացված են նաև փայտե խաղալիքներ, փափուկ խաղալինքեր, «Յանս չիր»-ը և Քիրս գինին»։ 

Ցուցահանդեսի առաջին օրը ակտիվ է՝ ասում են զրուցակիցներս: Աննա Միրզոյանի խոսքով՝ Արցախի ներկայացուցիչներին ընտրել են՝  հաշվի առնելով որոշակի առաջնահերթություններ:

«Ի սկզբանե նախապայմանը այն էր, որ միջոցառմանը ներգրավվեն Արցախի փոքր ձեռնարկատիրական ընկերությունները, սկսնակ գործարարներն ու տարհանված գործարարներ»։

Տարվա խոշորագույն ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելը արցախցի ձեռներեցների համար ևս մեկ հնարավորություն է սեփական արտադրանքը գովազդելու, ներկայացնելու և, ինչու չէ, նաև նոր շուկա ձեռքբերելու համար:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ