Նոյեմբերի 23, 2024

Ամանորյա հրաշքի սպասումով

By Էրիկ Հակոբյան Դեկտեմբերի 23, 2021
Ամանորյա հրաշքի սպասումով Erik Hakobyan

«Նառանե Գոլդ» հանքաարդյունաբերական կազմակերպությունը պաշտոնական բացման նախաշեմին բարեգործական ծրագիր է իրականացրել Քոլատակում, Վանքում, Թմբղլույում, Ծմակահողում, Գառնաքարում, Առաջաձորում և Շահամսարում: Այդ համայնքների 0-ից 13 տարեկան շուրջ 700 երեխայի Ամանորին ընդառաջ նվերներ են բաժանվել: Կազմակերպության տնօրեն Արմեն Սարգսյանն «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասաց, որ չնայած հետպատերազմյան շրջանում տոնական տրամադրությունը բացակայում է շատերի մոտ, այն պետք է ապահովել երեխաների համար:

«Երեխաները մեր ապագան են և ամեն ձևով պետք է ոգևորենք և նոր ուժ հաղորդենք նրանց: Մեր այս միջոցառումն էլ երեխաներին փոքր ինչ ոգևորելու համար է կազմակերպվել»:

Մարտակերտի շրջանի 7 համայնքները պատահական չեն ծրագրում ընգրկվել: «Նառանե Գոլդ» հանքաարդյունաբերական կազմակերպությունը գործելու է հենց այս շրջանում՝ Առաջաձոր և Վանք համայնքների տարածքներում: Արմեն Սարգյանն ասում է՝ այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում: Առաջիկա 2 ամիսների ընթացքում հնարավոր է գործարկեն հանքաարդյունաբերական կազմակերպությունը:

«Երբ ընկերությունը սկսի ողջ ծավալով աշխատել, կստեղծվեն 300-400 նոր աշխատատեղեր: Կարծում ենք, որ առաջատար տեղ կզբաղեցնենք Արցախում՝ հանքաարդյունաբերության ոլորտում»:

Առաջին կանգառը Քոլատակի միջնակարգ դպրոցն է: Այստեղ դպրոցի անբարեկարգ վիճակն անգամ չի նվազեցնում տոնական տրամադրությունը: Պատերից կախված պաստառներն ու զարդերը Ամանորի մասին են ավետում: Դպրոցի ակումբը մարդաշատ է: Այստեղ Ձմեռ պապին են սպասում: Ավանդույթի ուժով նվերները հենց նա է բաժանում: 5-ամյա Դավիթը անհամբեր է, նվերը ստանալուն պես բացել ու ցույց է տալիս այն:

«Կոնֆետ, Պանդա, մեկ էլ ծամոն ու հյութ...ու նաև տոնածառի խաղալիք»։

Հյուրերի այցին հավուր պատշաճի են պատրաստվել: Քոլատակցի փոքրիկները իրենց շնորհակալությունն արտահայտում են ասմունքի տեսքով:

Քոլատակում նվերները գտան իրենց՝ շուրջ 85 հասցեատերերին: Գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Վահրամ Աղասյանը Ամանորին ընդառաջ Քոլատակում տիրող տրամադրությունների մասին է պատմում: Ասում է՝ հատուկ պատրաստություն չեն տեսնի, պարզապես կնշանավորեն օրը, դա էլ՝ հանուն երեխաների:

«Լավ է, որ կազմակերպվեց այս միջոցառումը: Ճիշտ է, իրավիճակը այնպիսինն է, որ չենք կարողանում ուրախանալ: Պատերազմի հարվածը շատ ծանր էր, բայց երեխաների համար այն մեծ նշանակություն ունի: Երեխաները պետք է ուրախանան»:

Վանք գյուղում ենք: Համայնքն առաջվա փայլն ու գույները չունի: Ամենամեծ վանքեցին՝ Լևոն Հայրապետյանը չկա, գումարած պատերազմի հարվածը: Չնայած դրան՝ Գուրգեն Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի երեխաները հյուրերին լայն ժպիտով ու երգով են դիմավորում: Գյուղի պատիվը պետք է բարձր պահել:

Արեն Բեգլարյանը նվերը ձեռքին, փայլող աչքերով քայլում է դպրոցում, անցնող-գնացողին ցույց տալիս նվերը:

«Ձմեռ պապիկը ինձ համար նվեր է բերել, ես շատ ուրախ եմ: Չեմ ուզում, որ պատերազմ լինի, ուզում եմ, որ մենք ուրախ ապրենք»:

2022-ին հաշված օրեր են մնացել: Արցախում նոր տարվա հետ շատ հույսեր չեն կապում, բայց անխոս ամանորյա մի հրաշք են սպասում փոքրից մինչև մեծ: Սպասում են կայուն խաղաղության:

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 23 Դեկտեմբերի 2021 14:33
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ