Նոյեմբերի 21, 2024

ԿԽՄԿ-ն բուժառուներ է տեղափոխել Արցախից. ԱՀ ԱՆ

By Արցախ լրատվական Օգոստոսի 08, 2023

Այսօր` 11-օրյա լիակատար արգելափակումից հետո, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ 11 բուժառու, ուղեկցողների հետ միասին «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

Բուժառուներից 9-ն ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնել են մահվան վտանգի առջև, իսկ մյուս 2 բուժառուն` քաղցկեղի պատճառով գտնվում են ծանր վիճակում: Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուի՝ ուղեկցողների հետ միասին, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար։

Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումն Արցախ, իսկ բազմաթիվ բուժառուներ դեռևս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին: ԱՆ հաղորդմամբ՝ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար բուժում է ստանում 30 երեխա, 8-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 80 հիվանդ, 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը` ծայրահեղ ծանր վիճակում։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ