Նոյեմբերի 23, 2024

Պատարայում՝ Իշխանաձորի հուշերով

By Անի Աբաղյան Մարտի 07, 2022
« Նարեն ա, Քնարը, Արտաշը, Կարենը, Սամոն, Վաղոն»։
 
Էլենը պատարեցի դասընկերների անուններն է թվարկում։ Արդեն մեկ ու կես տարի է՝ Պատարայի այգիներում Իշխանաձորի խաղերից են խաղում։
 
« Պախկվոցի, բռնոցի ենք խաղում։ Ըմմ...էն որ նստում են գետնին, հա, թաշկինակի»։
 
Ընտանիքի միջնեկ աղջիկն է Էլենը, մայրը՝ Կարինեն, ասում է, որ ամեն օր դասի ուղարկելիս Իշխանաձորի դասընկերներին ու ուսուցիչներին է հիշում: Հեռախոսով իրար հետ խոսում են, դասերը քննարկում: Պատերազմի օրերին իրենց բակում խաղում ու խնձոր էր ուտում: Պայթյունի հետ ձեռքի խնձորը կիսվեց: «Խնձորս գողացան»՝ ասում է:
 
« Որ գյուղի վրա խփեցին, ինքը խնձոր էր վերցրել, դրսում ուտում էր: Ամուսինս երկու աղջիկների մոտ էր, իսկ ինքը չկար: Վազեցի դուրս՝ տեսա զարմացած խնձորին է նայում: Ասում է՝  «Մամա խնձորս գողացան»: Արկի բեկորը խնձորը կիսել էր: Այդ օրերին էլ գյուղապետը տեղահանում է մեզ: Ոչինչ չենք վերցրել, փոքր աղջիկս էլ իր մազակալի տուփի հետ մեր թղթապանակն էր շփոթել ու այդպես հանել գյուղից»:
 
Ամուսինն Արցախյան առաջին պատերազմում վիրավորվել է, կորցրել 2 ոտքերն էլ։ Բայց դա նրան չի խանգարել գյուղատնտեսությամբ զբաղվել, անասուններ պահել։  Սեպտեմբերի 26-ին ավտոմեքենա էին գնել։  Այդպես էլ առանց վարելու այն  թողեցին  տան դիմաց  ու դուրս եկան:
 
« Երեկոյան ավտոմեքենան բերեց, առավոտյան կռիվը սկսվեց: Դիրքեր հաց պիտի տանեին, եկան անիվներն ուզեցին: Տարան ու էլ հետ չբերեցին: Մենք էլ թողեցինք այդպես ու դուրս եկանք»:
 
Իշխանաձորում ապրելը հեշտ էր՝ ասում է: Հիմա Պատարայում աշխատանք չունեն: Ամուսնու զինհաշմանդամության թոշակով ու երեխաների նպաստով են ապրում:
 
« Իշխանաձորում ամեն ինչ աճում էր.  ինչ որ միրգ ուտեիր ու կորիզը ձեռքիցդ ընկներ, առանց հատուկ ուշադրության կաճեր, այստեղ՝ չէ: Հաստատ սոված չէիր մնա: Գետը մոտիկ էր, ձուկն էլ՝ շատ: Գնում էինք ձուկ բռնում, վաճառում: Պատարայում անտառներ կան, որ պիտի փայտահատությամբ զբաղվենք, խստացրել են, չեն թողնում, անասուն պահելու համար էլ տեղ չկա»:
 
Երեխաները դժվարանում են  բարբառը սովորելու հարցում: Մի անգամ  դասի ժամանակ ուսուցիչը նկատողություն է անում՝ «խրեգ խոսե»։  Անահիտը մտքի մեջ անընդհատ կրկնում ու տուն հասնելուն պես մայրիկից  է  իմանում,  թե ինչ էր ասել ուսուցիչը: Մեկ տարվա ընթացքում շատ արտահայտություններ են սովորել՝ ասում է։ Բայց հարմարվել, միևնույն է, չեն ուզում: Իրենց տանը խաղաղ ապրել են ուզում:
 
 
Artsakh Public Radio
Last modified on Երկուշաբթի, 07 Մարտի 2022 14:04
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ