Նոյեմբերի 23, 2024

Կարկուտը թակած տե՞ղն է թակում կամ ինչպե՞ս առնել սելավների դեմը

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 02, 2023

Անցած մայիսին Արցախում կարկուտի ու սելավների տեսքով տեղումները հսկայական վնասներ պատճառեցին շրջափակման պատճառով առանց այն էլ հսկայական դժվարությունների մեջ հայտնված արցախցիներին։ Երկու շաբաթ առաջ կարկտահարվեց մի քանի բնակավայր, տուժեց մեծ ծավալով գյուղատնտեսական նշանակության հողատարածք, փչացավ ամբողջ բերքը։ Հիմա էլ սելավները չեն դադարում։ Երկու օր առաջ Մարտակերտում ուժեղ սելավների հետևանքով անձրևաջրերով են լցվել քաղաքի առանձնատների նկուղային հարկերը, քշվել են ճանապարհներ, սելավներն ավերել են տնամերձերն ու գարնանացանի դաշտերը։ Ասկերանի շրջանում էլ մի քանի բնակավայր տուժել է հորդառատ անձրևներից ու կարկուտից։
Խնապատի համայնքի ղեկավար Սամվել Շահրամանյանը ներկայացրել էր, թե ինչ իրավիճակ է պահի դրությամբ։
"Հորդառատ անձրև է եղել, ուժգին քամու հետ միասին։ Ցունամի էր հիշեցնում, այդքան ուժեղ քամի մենք չէինք տեսել։ Նախարարությունների մասնագիտական խմբերը աշխատում են, նախնական հաշվարկներ են կատարում, գնահատում են վնասի չափերը, իսկ գյուղատնտեսական վնասները ահռելի են, դրանք մի քանի օր կպահանջվի՝ հաշվարկելու և գնահատելու համար։ «
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխակիցներն Ասկերանի ու Մարտակերտի շրջաններում ծառայություն են իրականացրել․ հրշեջ-փրկարարները մինչև առավոտյան ժամը 5-ը ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել, մեզ հետ զրույցում ասել է գերատեսչության հանրային կապերի պատասխանատու Հայկ Ավանեսյանը։ Առաջին ահազանգը «911» ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվելուց հետո հրշեջ-փրկարարները, տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակչությանը, տեղեկացնում է նա։

"Մաիսի 31-ին տեղացած սելավների հետևանքով Ասկերան քաղաքում, Խնապատ համայնքում բնակելի տների նկուղային հարկերը լցվել են ջրով։ Ասկերանի շրջանի ԱԻՆ բաժնի ծառայողները տեխնիկական օգնությւոն են ցուցաբերել բնակիչներին՝ իրականցնելով ջրահեռացման աշխատանքեր։ Նույն օրը Մարտակերտ քաղաքում մի շարք առանձնատներ անձրևաջերեվ են լցվել։ Մարտակերտի ԱԻՆ բաժնի աշխատակիցները մոտ « ժամ ջրահեռացման աշխատանքեր են տարել։»
Մեզ մոտ սելավների կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու մշակույթ չկա։ Ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանը պարզաբանում է․ երկրները, որտեղ հաճախ են լինում նման երևույթներ, նախապատրաստվում են, կառուցում սելավատարներ։ Գոյություն ունեն սելավների կանխատեսման քարտեզներ, ըստ որոնց էլ առաջնորդվում են, ասում է նա։

Այն, ինչ տեղի ունեցավ Մարտակերտի և Ասկերանի շրջանների բնակավայրերում, ժողովրդական լեզվով ձևակերպում ենք սելավներ, մինչդեռ մասնագետներն այդ երևույթի կոնկրետ ձևակերպումներն ունեն։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը սելավի մասնագիտական բնորոշումն է տալիս․
"Սելավը ժամանկավոր հոսք ունեցող տեղատարափ անձրևների հետևանքով գետի ջրի կտրուկ բարձրացումն է, առանձնանում է սելավի պահին կոշտ ցեխաքարային զանգվածի բարձր կոտակվածությամբ։ Հանդիպում են հատկապես չոր ցամաքային կլիմա ունեցող վայրերին, որին ավելի բնորոշ են տեղատարափ անձրևները։»
Արցախում բնակչությունը չգիտի՝ ինչ պետք է անել նման դեպքերում, և սելավների սեզոնին առանձնապես չի նախապատրաստվում։ Սելավների դեմ պայքարի շատ պարզ համակարգ գոյություն ունի, ասում է պրոֆեսոր Խոյեցյանը․ այն հատվածները, որոնք ենթարկվում են սելավների ազդեցությանը, անհրաժեշտ է ճմապատել, ծառային, թփային բուսականությամբ պաշտպանելով հողը։


Սելավները մեծ քանակությամբ էրոզիոնալ վնաս են հասցնում, քայքայում լանջերը։ Դրա կանխարգելման միակ կարճ ճանապարհը մելորատիվ ճանապարհով ճմապատման , կանաչ զանգվածով հողի տեղատարման դեմն առնելն է"։

Երբեմն էլ գետի հունի մեջ սելավորսիչներ են կառուցում։ Դրանք շինություններ են, որ խլում են կուտակված քարի, ցեխի կույտերը, թույլ չեն տալիս, որ այն գետի հունով հոսանքն ի վար ավերի։

Հնարավո՞ր է արդյոք ջրառատ օրերի հնարավորություններն օգտագործել և պահեստավորել ջուր․ մասնագետի պատասխանը բացասական է․ դա հանկարծակի, տեղատարափ անձրևի հետևանքով առաջացած հոսք է, որը կառավարելը իրական չէ, ասում է նա։

Ասկերանի ու Մարտակերտի շրջաններում բնության տարերքի առաջացրած վնասները հետազոտելու և վնասները հաշվարկելու համար մասնագիտակն խմբեր են աշխատում։

Last modified on Երկուշաբթի, 12 Հունիսի 2023 07:25
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ