Նոյեմբերի 22, 2024

«Օգնության ձեռք Արցախ» ՀԿ-ն նոր ընկերներ է փնտրում

By Վիկտորյա Սարգսյան Մարտի 08, 2022

Արդեն մի քանի տարի է Քրիստինե Գալստյանը իր փոքրիկ թիմով օգնության ձեռք է մեկնում հարյուրավոր կարիքավոր մարդկանց: 2021 թվականը կազմակերպության համար հաջողված տարի էր: Մարդասիրական, կրթական մի շարք ծրագրեր են հասցրել իրագործել: Կազմակերպության նախագահ Քրիստինե Գալստյանն այդ ծրագրերից մի քանիսն է առանձնացնում:

«Եռամսյա կրթական ծրագիր ենք իրականացրել Ստեփանակերտի համար 1 և համար 7 դպրոցներում, որի շրջանակում երեխաների  դասապատրաստում էինք իրականացնում  4 առարկայից: Ծրագրում հիմնականում ընդգրկվել են երեխաներ  տեղահանված ընտանիքներից: Կազմակերպել ենք նաև տարբեր ճանաչողական այցեր՝ երեխաների առօրյան և միջավայրը մի փոքր փոխելու համար»:

Արդեն իրագործված ծրագրերի մասին մեծ ուրախությամբ է խոսում զրուցակիցս և շտապում ներկայացնել նոր գաղափարները: Առաջիկայում իրենց գլխավոր նպատակների մեջ կավելանան պատմական, ճարտարապետական, մշակույթի և արվեստի հուշարձանների պահպանման և վերականգնման, ինչպես նաև բնապահպանական ծրագրերը: Դրանք մշակման փուլում են:

«Մեր կազմակերպությունը հիմնականում բարեգործական ծրագրեր է իրականացնում: Բայց այս տարի որոշել ենք ավելացնել նաև բնապահպանական և մշակութային արժեքների պաշտպանությանն ուղված ծրագրեր: Բայց այս ծրարգերի իրգործման համար մեզ անհաժեշտ է նյութական օգնություն»:

Բացի այդ ավելացել է նաև տեղահանված ընտանիքներից ստացվող դիմումների քանակը: Ցանկանություն կա նաև այդ ծրագրերի ծավալը մեծացնել: Նշված հեռանկարային ծրագրերը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ֆինանսական և նյութական միջոցներ: Կազմակերպությանը կարող են աջակցել ինչպես անհատներ, այնպես էլ տարբեր հիմնարկ- ձեռնարկություններ:

«Մենք փորձում ենք դոնորներ գտնել, որպեսզի հովանավորեն կազմակերպությանը: Ցանկացողները կարող են նաև պարզապես համագործակցել մեզ հետ և միասին կիրակակացնենք տարբեր բարեգործական ծրագրեր»:

Թիմում այսօր 10-15 մարդ է ընդգրկված: Այս փոքրիկ թիմին միանալու համար ցանկացողները կարող են լրացնել անդամագրման հայտը: Պարտադիր պայմանը լավատեսությունն ու բարի գործեր կատարելու ցանկությունն է:

«Թիմին միանալու համար շատ բան հարկավոր չէ: Պարզապես հարկավոր է բարի կամք ունենալ , ցանկանալ ինչ որ մեկին օգնել՝ թեկուզ չնչին բանով և դրա դիմաց ոչինչ չսպասել»:

Օգնության ձեռք մեկնեք և պարգևեք ժպիտ․ սա է կազմակերպության կարգախոսը, որը նաև մասնակցության  հրավեր է   բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն  աջակցության ձեռք մեկնել դրա կարիքն ունեցողներին։

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 08 Մարտի 2022 21:04
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ