Գուցե հենց այսպիսի եղանակի համար է Ամենայն հայոց բանաստեղծը մարտը կոչել «գիժ» ամիս: Մարդիկ, իհարկե, սիրում են ձյունը, բայց երբ այն տեղում է մարտ ամսվա երկրորդ կեսին և այնքան առատ, որ կաթվածահար է անում հանրային տրանսպորտը, ձյան առատությամբ ուրախացողների շրջանակը սեղմվում է: Միայն փոքրերն են, որ միանշանակ երջանիկ են:
«Ես ձյուն շատ եմ սիրում, բայց երթուղայինները, որ չեն աշխատում, միայն դրա պատճառով եմ տխրել»:
«Ձյունը, իհարկե, միշտ էլ հաճելի է, բայց ամեն ինչն էլ չափի մեջ է գեղեցիկ: Հասկանում ենք, որ ձյան առատության պատճառով շատ ջուր կունենանք, բայց հիմա դժվարությունները շատ են»:
Ամենամեծ խնդիրը, որ ստեղծում է առատ ձյունը, ճանապարհների անանցանելիությունն է: Հանրապետության բոլոր ճանապարհները դժվարանցանելի են՝ այսօր հայտնել է ՆԳՆ-ը: Ստեփանակերտի ավտոկայանում անսովոր լռություն է: Փոխտնօրեն Ալբերտ Ավետիսյանի խոսքով՝ նախատեսված 37 երթուղուց իրականացվել է միայն 2-ը:
«Ելնելով կլիմայական պայմաներից՝ այսօր ներկայացել են միայն Մարտունի քաղաքի և Դահրավ համայնքի երթուղայինները։ Մարտակերտ, Մարտունու և Ասկերանի շրջանների համայնքների երթուղայինները չեն ներկայացել: Միակ պատճառը ձյունն է»:
Ներքաղաքային տրանսպորտի հավաքակազմը դուրս չի եկել աշխատանքի՝ ասում է Ստեփանակերտի քաղաքապետարանի Արտադրական ենթակառուցվածքների բաժնի պետ Էդգար Ավանեսյանը:
«Այսօրվա դրությամբ ճանապարհները անանցանելի են: Երթուղայինները չեն կարողացել դուրս գալ»:
Քաղաքապետարանի Կոմունալ ոլորտի բաժնի պետ Կառլեն Գրիգորյանը նշում է, որ մաքրման աշխատանքներն իրականացվում են բոլոր ուժերով: Արտակարգ ռեժիմով են աշխատում Ստեփանակերտի «Սանմաքրում» կազմակերպության աշխատակիցները: Աշխատանքներն սկսել են առավոտյան ժամը 4-ից:
«Առավոտ ժամը 4-ից աշխատում են, բայց ձյունը չի դադարում: Ամեն ընկերություն ունի իր հատվածը, որը պետք է մաքրի: Օրինակ՝ «Բուսաբանական այգի» ունենք՝ Մաշտոցի պողոտայից ներքև է աշխատում, «Ջրմուղ-կոյուղին» Մանուկյան փողոցում է աշխատում, իսկ ամբողջ ծանրությունը «Սանմաքրում» կազմակերպության վրա է»:
Դժվարանցանելի է նաև Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը: Հանրապետության բոլոր շրջաններում այս պահին էլ տեղումները շարունակվում են, միաժամանակ կատարվում են մաքրման աշխատանքներ: Հիդրոօդերևութաբանական կանխատեսումներն էլ հուսադրող չեն. առաջիկա օրերին ևս առատ ձյան տեղումները շարունակվելու են: