Նոյեմբերի 21, 2024

Ավարտական քննություններ լինելու են. ԿԳՄՍՆ որոշում է կայացրել

By Սրբուհի Վանյան Մայիսի 11, 2022

Ուսումնական տարին մոտենում է ավարտին։ Բայց դպրոցներում նախապատերազմական  տրամադրություններն ավարտական պրոցեսների շուրջ , կարծես թե, չկա։ «Վերջին զանգի» և «Հրաժեշտ դպրոցին» արարողությունները կրթօջախներում համեստ և զուսպ անցկացնելու որոշում է կայացվել․ ոչ միայն իրավիճակի թելադրանքն է, այլև արդեն կրթության համակարգի մարտահրավեր, քանի որ այդ արարողությունները մինչպատերազմյան վերջին տարիներին վերածվել էին ճոխ տոնախմբությունների՝ դադարելով զուտ դպրոցական միջոցառում լինելուց։ Դրան հակառակ, որքան էլ դա միակարծիք չընդունվի հասարակության տարբեր խմբերի կողմից, դպրոցներում ավարտական քննություններ անցկացվելու են։ Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը։ 

«Ելնելով այն իրավիճակից, որ արդեն որոշակի կայունություն կա, այս տարի կազմակերպվելու են և Վերջին զանգի ու Հրաժեշտ դպրոցին արարողությունները, և ավարտական քննությունները։ Մի մասը՝ միասնական ձևով, կենտրոնացված։  9-րդցիների համար կազմակերպվելու են ավարտական քննություններ, քանի որ, ի վերջո, կրթության երկրորդ աստիճանն են ավարտում նրանք, և պիտի ունենան իրենց վկայականը, որտեղ պիտի լինեն  նաև քննական գնահատականներ։  12-րդ դասարանցիների միասնական քննությունները ըստ կարգի կընթանան»։ 

Հաշվի առնելով, որ սկսած 2019 թվականից, կրթությունը կազմակերպվել է, այսպես ասած, էքստրեմալ պայմաններում, որոշ դեպքերում՝ ընդհատումներով, քովիդի, պատերազմի, սահմանային լարվածության, տեղահանությունների և պատերազմի հետևանքների տարբեր դրսևորումների պատճառով, քննարկվում էր հանրապետությունում դպրոցական քննությունները չեղարկելու հարցը։ Այդ հարցով նույնիսկ մի խումբ ծնողներ նամակով դիմել են ԱԺ նախագահին ու կրթության նախարարին։ Հարցը քննարկվել է տարբեր մակարդակներում, և ծնողների դիմումը մերժվել է՝  քննությունները չեղարկելու բավարար հիմնավորումներ չլինելու պատճառաբանությամբ։ 

«Եթե անցյալ տարիներին մի քիչ մեղմ ենք եղել, ելնելով և՛ Քովիդի, և՛  հետպատերազմյա իրավիճակից, ապա այս տարի մոտեցումը այլ է․ պետք է ստուգենք այդ երեխանների գիտելիքները․ համապատասխանու՞մ են դրանք սահմանված չափորոշիչներին, թե՞ ոչ։ Մաթեմատիկան և Հայոց լեզուն կենտրոնացված է լինելու, մյուս  առարկաները՝ իրենց դպրոցներում։ Սա նորմալ երևույթ է, սա առաջին անգամ չէ արվում։ Եվ եթե կան դժգոհություններ, ամեն դեպքում ռեալ արգումենտներ ներկայացնողներ չեն եղել։ Մենք դրան չենք տրվելու»։

Միքայել Համբարձումյանը կողմ չէ վերջին զանգի արարողությունը ֆետիշացնելուն։ Վերջին զանգի արարողությունը դպրոցներում կատարվելու է։ Թե ինչպես պետք է կատարվի, որոշելու են դպրոցները, բայց նախարարությունը հորդորում է դրանք կազմակերպել իրավիճակին և դպրոցական միջոցառմանը հարիր ձևով։ 

«Վերջին զանգի արարողությունը դպրոցներում կատարվելու է։ Թե անունը ի՞նչ կդնեն, դա արդեն դպրոցի խնդիրն է։ Հրաժեշտի միջոցառումներ, բարեմաղթանքներ  լինելու են, և խնդիրը այստեղ ոչ թե վերջին զանգն է, այլ վերջին զանգի հետ կապված աժիոտաժը։ Պետք է որոշակիորեն տարանջատենք, այն ինչ կատարվում է դպրոցի համար  և ինչ կատարվում է երեխայի համար․  տարբեր բաներ են սրանք։ Մենք պարզապես հորդորում ենք ավելի հանգիստ, համեստ անցկացնել դպրոցական միջոցառումը»։ 

Սա, ըստ փոխնախարարի, պիտի լինի այն ոսկե միջինը, որը պիտի բավարարի բոլորին։ Հատկապես, որ այդ ճոխությունները հոգեբանական խնդիրներ կարող են առաջացնել այլ՝ նման հնարավորությունից զուրկ երեխաների համար։

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 12 Մայիսի 2022 07:35
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ