Նոյեմբերի 24, 2024

Աղավնո՝ մաքառող գյուղը. այնտեղ այսօր Վերջին զանգ են նշել

By Սրբուհի Վանյան Մայիսի 30, 2022

Արցախյան վերջին պատերազմից հետո Աղավնոն մաքառումի, հույսի, ոգու, ապրելու խորհրդանիշ է դարձել։  Հատկապես  այս օրերին, երբ Արցախը Հայաստանին կապող նոր՝ Բերձորը շրջանցող  այլընտրանքային ճանապարհի մասին է խոսվում՝ այդ համատեքստում  շահարկելով նաև  Աղավնոյի լինել-չլինելու հարցը, այնտեղ անցկացվող ցանկացած միջոցառում յուրահատուկ իմաստ է ստանում։ Աղավնոյի միջնակարգ դպրոցը  Գարեգին Նժդեհի անունն է կրում:  Այսօր   վերջին զանգի միջոցառմանը ամբողջ գյուղով հավաքվել էին՝ ճանապարհելու դպրոցի երկու շրջանավարտներին։ Աղավնոյի համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանին ու նրա սկզբունքային բնավորությանը շատերն են ծանոթ․ Աղավնոն շարունակում է ապրել, անկախ ամեն ինչից։ «Վկա՝ այսօրվա վերջին զանգը, վկա՝ այստեղ հավաքված, բազմաթիվ դժվարություններ հաղթահարած այս մարդիկ, վկա՝ հայերեն երգն ու պարը, որ հնչում են այս դպրոցի պատերի ներսում ու վկա՝ հայկական խոսքը, որն այստեղ ապրող մարդուն հայ է պահում»-ասում է նա։

«Մեր կյանքը միշտ էլ ակտիվ է, եթե հարցնում եք ճանապարհի հետ կապված՝ լուրջ չենք ընդունում, հաշվի չենք առնում, քանի դեռ պաշտոնապես չի ասվել։ Եթե նույնիսկ ասվի՝ շատ հետևողը չենք։ Փորձում ենք քիչ խոսել, շատ աշխատել։ Խոսում են, իբր հատուցելու են, թե ինչ... Լուրջ չենք ընդունում․ 10 մլն-ի՞ պիտի խաբվենք։ Ուզում են՝ 100 մլն տան։ Ով՞ է որոշում, որ մեր տնից պիտի դուրս գանք»։ 

«Վերջին զանգի արարողության ժամանակ ես ելույթ չունեցա,- ասում է Անդրանիկ Չավուշյանը։- Մտածում էի այն օրերի մասին, երբ ռմբակոծվում էր գյուղը, և հրթիռները հենց այս դպրոցի մոտակայքում էին պայթում։ Հետո նորից վերանորոգեցինք դպրոցը, սկսեցինք ուսում տալ աշակերտներին։ Եվ ահա այսօրվա արդյունքը»։ Դպրոցի տնօրեն Պողոս Աղաբեկյանը հուզմունքով է մեծ կյանք ճանապարհում դպրոցի շրջանավարտներին ու հպարտանում իր գործընկերներով, որոնք Աղավնոյում հայրենանվեր աշխատանք են կատարում։ 

«Ես ուղղակի հպարտություն եմ զգում, հավատում եմ, որ այն շարունակվելու է։ Իրականում մեր կոլեկտիվն այստեղ հայրենանվեր գործ է անում, չենք հավատում, թե պահ կլինի, որ Աղավնոյում վերջին զանգ չի հնչի։ Լավատես մարդ եմ, ամեն ինչ անում ենք, որ Աղավնոն ապրի»։ 

Աղավնոն Վերջին զանգի միջոցառման կապակցությամբ հյուրեր ուներ․ շրջվարչակազմի աշխատակիցներ՝ վարչակազմի ղեկավարի գլխավորությամբ, կրթության ոլորտի պատասխանատուներ։ Դպրոցական հանդեսին ներկա էր նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը։ 

«Դպրոցը գիտության տաճարն է։ Սիրելի՛ շրջանավարտներ, ձեր հոգում պահեք օրն այս աննման, ասացեք իրար խոսքեր մեծարման, վերջին օրն է սա ուսումնառության։ Այս զանգի լուսե ղողանջներով թող ծիածանվեն երազները ձեր ու ձեզ ուղեկցեն մաղթանքները մեր»: 

Ինչպես Արցախն է Հայաստանի դարպասը, այնպես էլ Աղավնոն է Արցախի դարպասը, ասել է նախարարը։ Մենք միշտ իրար կողքի ենք, ուս-ուսի՝ ասել է նախարարը։  ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը բոլորին ասելիք ուներ։ «Բնության մեջ վերջ չկա․ ինչ-որ վերջ ինչ-որ նոր բանի սկիզբ է,-իր ելույթում ասել է նա։ - Եվ վերջին զանգով կրթության ավարտ չի ազդարարվում»։ 

«Նոր կյանքի սկիզբ է սա։ Երեխաների նորն ենք շնորհավորում։ Թող անարգել լինի նրանց ճանապարհը։ Ուսուցիչներին իմ խոնարհումը, ծնողներին՝ մեր երախտագիտությունը»:

 Աղավնոյում ավարտվեց վերջին զանգի արարողությունը, հյուրերը ցրվեցին։ Գյուղում մնացին բնակիչները՝ շարունակելու իրենց մաքառումը․ որը՝ սովորելով, որը՝ աշխատելով։ Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան դպրոցի 2 շրջանավարտները որոշել են բարձրագույն կրթություն ստանալ Ստեփանակերտում։ Իսկ նրանց փոխարինելու կգան նոր աշակերտներ։ Հաջորդ ուսումնականին եթե ոչ ավելի, 5 առաջին դասարանցի են ունենալու։ Նաև նրանց վտիտ ուսերին է լինելու պայքարը հայկական Աղավնոյի համար։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ