Նոյեմբերի 23, 2024

Բերդաշենում խաչքար է տեղադրվել՝ «գյուղի բոլոր ննջեցյալների անմար հիշատակին»

By Ասպրամ Ավանեսյան Մայիսի 31, 2022

Խաչքարի վրայից սպիտակ սփռոցը 7-ամյա Արմանը քաշեց, Մուրադ Ասրյանի թոռը, հերոսի՝ Կարեն Ասրյանի որդին։ Տեր Մինաս Քահանան օրհնության կարգով  ամենազոր Տիրոջից բոլոր բերդաշենցի ննջեցյալների համար հանգստություն է խնդրում։ Խաչքարի մոտ հավաքված  ամբողջ Բերդաշենը  չէր կարողանում թաքցնել  հուզմունքը: Քահանայի «Հայր մերն» արձագանքում էր ներկաների սրտում։ Հերոսական գյուղի բնակիչները Մուրադ Ասրյանի ուսանողական տարիների ընկերոջ՝ լրագրող-հրապարակախոս Միքայել Հաջյանի տպավորություններում մնացել են որպես հողի հետ աշխատող, խաղաղասեր մարդիկ, ովքեր պետք եղած ժամանակ ունակ են զենք վերցնելու և պաշտպանելու հայրենի հողը։ Միքայել  Հաջյանը ողջունում է խաչքարի բացման գաղափարը, նաև համոզմունք հայտնում՝ նախկին հաղթանակներն ու փառքը հետ են գալու։ 

«Այս նախաձեռնությունը բոլոը բերդաշենցիների համար է, այս նախաձեռնությունը Մուրադի խոնարհումն է բոլոր ննջեցյալների հիշատակին։ Այն իրավիճակը, որի մեջ հայտնվել է ամբողջ Արցախը, անհույս և անելանելի չէ։ Մեր տղաները հերոսաբար կռվել են, մեկը վահանը ձեռքին է վերադարձել, մյուսը վահանի վրա։ Ես համոզված եմ Բերդաշեն շատ շուտով սահմանամերձ բնակավայր չի լինելու, մենք վերադարձնելու ենք մեր Արցախը»։ 

 Խաչքարի վրա գրված է՝ «Սիրելի որդուս՝ ԿԱՐԵՆԻ և Բերդաշենի հանգստարանի բոլոր ննջեցյալների անմար հիշատակին»։ Փոխգնդապետ Կարեն Ասրյանը կյանքի  21 տարիները նվիրել  է հայրենիքի ծառայությանը:  Նա զոհվել է նոյեմբերի 9-ին Շուշիի մատույցներում։ Կարենի աճյունն ամփոփված է Ստեփանակերտի զինվորական պանթեոնում: Հոր սիրտը ոչ մի կերպ հանգիստ չի գտնում։ Գյուղում է ապրում, ամեն անգամ չի կարողանում Ստեփանակերտ՝ որդու գերեզմանին այցելել: Այս խաչքարը նոր սրբատեղի կդառնա:   Մեզ հետ զրույցում Մուրադ Ասրյանը պատմում է, թե ինչպես է առաջացել խաչքար-աղբյուր կառուցելու գաղափարը։

 «Չնայած ես 1951 թ․ ծնունդ եմ, բայց ինձ բախտ է վիճակվել աշխատել 1900թ․-ից այս կողմ ծնվածների հետ, բոլորին հիշում եմ։ Այս գյուղը հիմնվել է այն նահատակների կողմից, որոնց աճյունը ամփոփված է գյուղի գերեզմանատանը։ Ես հոգու պարտք զգալով նրանցից յուրաքանչյուրի առաջ՝ միտք ունեի խաչքար-աղբյուր դնել։ Բացի այդ երկար տարիներ ասում էին, որ գերեզմանների ներքևի մասում պետք է ջուր լինի, որպեսզի անցնող-դարձողները տոթ եղանակին խմեն-զովանան։ Այս միտքը եկել է, լրացրել իմ հոգու պարտքին։ 44-օրյա պատերազմից հետո, երբ իմ տղան զոհվեց, իր խոնարհումով լրացրեց ննջեցյալների շարքերը, ես որոշեցի և կառուցեցի այս խաճչքար-աղբյուրը»։ 

 Խաչքարի բացման առարողությանը ելույթ են ունեցել զոհված բերդաշենցիների ծնողները։ Արցախյան առաջին պատերազմում Բերդաշենի առաջին զոհը Մարատ Ավանեսյանն էր, նրա մայրը՝ բանաստեղծ Զոյա Հովհաննիսյանը գրիչն է զենք դարձրել։ Նա իր բանաստեղծություններում անուն առ անուն հիշում է բերդաշենցի բոլոր հերոսներին։ Նրանց հիշատակը վառ է պահում նաև մատաղ սերունդը։ Բերդաշենի միջն․ դպրոցի սաները փոքրիկ միջոցառում էին պատրաստել։ Լևոն Սարգսյանը 8-րդ դասարանում է սովորում.  խոստանում է վառ պահել իր ավագ ընկերների հիշատակը։ 

«Տաք օրերին, երբ մարդիկ գան գերեզմանատուն, իրենց հարազատներին այցելության, թող խմեն այս ջրից և զովանան։ Երբ մեծանամ, զինվոր դառնամ այնպես եմ անելու, որ այսպիսի միջոցառումներ շատ լինեն»։  

Խաչքարից հոսող ջուրը հավերժություն է խորհրդանշում՝ ասում է Մուրադ Ասրյանը։ Նա մի մեծ ցանկություն ու երազանք ունի. ուզում է, որ հարազատ գյուղը հավարժական կյանք ունենա,   մարդիկ այստեղ հաստատվեն ու մնան հավիտյան։

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 31 Մայիսի 2022 15:58
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ