Արցախում շաքարային դիաբետով հիվանդ երեխաների թիվը գնալով մեծանում է։ Պատճառները մասնգետները դժվարանում են կոնկրետ նշել։ Բայց միանշանակ է, որ հետպատերազմյան սթրեսը իր ազդեցությունն ունի։ Վերջերս ԱՀ առողջապահության նախարարությանը տրամադրվել են նոր սարքեր, որոնք կօգնեն խուսափել հիվանդության բարդություններից։ Ծրագիրն իրականացվել է Ջենիշյան հիմնադրամի հովանավորությամբ և Կոնցերն էներգոմաշ ընկերության աջակցությամբ։ Մինչև 18 տարեկան երեխաների համար ձեռք են բերվել գլյուկոզային շարունակական մոնիթորինգի սարքեր։ «Արևիկ» բուժմիավորման էնդոկրինոլոգ Շողեր Գրիգորյանի խոսքով՝ այս սարքերը էլ ավելի կհեշտացնեն դիաբետով հիվանդ երեխաների բուժումը։
«Գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի սարքերը՝ կոնկրետ «intelliGo free» ֆիրմայի, 3 րոպեն մեկ չափում է հիվանդի շաքարը և փոխանցում է transmitter-ին, որն իր հերթին փոխանցում է մոնիտորին՝ այս դեպքում երեխայի կամ ծնողի հեռախոսին»։
Սարքը թույլ է տալիս օնլայն ռեժիմով հետևել գլյուկոզայի թվերին։ Մասնագետը սա շատ կարևոր է համարում։ Նորմայից ցածր կամ բարձր թվերի դեպքում, սարքն ազադնշան է տալիս ՝ որպես զգուշացում:
«Հատկապես գիշերային ժամերին շատ կարևոր է, որ սարքը ձայն է հանում և հիվանդը կամ ծնողը արթնանում են դրանից։ Այս դեպքում սուր բարդություն չենք ունենում»։
Սարքը կկանխի հիվանդության բարդությունները, որն էլ հենց բուժման նպատակն է։ Գլյուկոզային շարունակական մոնիթորինգի սարքերը դիաբետով հիվանդ երեխաների համար բուժման թրենդ են համարվում։ Մինչև այս, մասնագետներն օգտագործում էին գլյուկոմետրեր։
«Սարքը տեղադրվում է ենթամաշկային և 14 օրը մեկ փոխվում է։ Արդեն կան երեխաներ, որոնց տեղադրել ենք և ունենք լավ արդյունքներ։ «transmitter»-ը 3 տարվա պահպանման ժամկետ ունի»։
Ծրագրում ընդգրկված է 25 երեխա՝ հանրապետության բոլոր շրջաններից։ Սարքերը տրամադրվել են անվճար։ Շողեր Գիրգորյանի խոսքով՝ մշտապես կապի մեջ են նաև Հայաստանի մանկական էնդոկրինոլոգների ասոցիացայի ղեկավար Ելենա Աղաջանովայի հետ, ում խորհրդով էլ հենց ներդրվել է այս ծրագիրը։