Նոյեմբերի 23, 2024

Մեկնարկում է «Նաիրի» ճամբարը

By Սրբուհի Վանյան Հունիսի 04, 2022

 ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի ու ճամբարների տնօրեն Հերմինե Դուզյանն այս անգամ Արցախում է «Նաիրի» ճամբարային ծրագրի կազմակերպչական հարցերով: Նախագիծը Ֆինանսավորվում է  ՀԲԸՄ կողմից, երեխաների մասնակցությունը անվճար է, նախատեսված է 7-13 տարեկան երեխաների համար: 

«Մտահղացումն առաջացավ 44-օրյա պատերազմի հետևանքով: Քանի որ մանկավարժ եմ, առաջին մտահոգությունս երեխաների ժամանցի կազմակերպումն էր, նրանց զբաղեցնելն ու ուրախություն պարգևելը: Ճամբարի նպատակը պատերազմի հետևանքով զոհված, գերեվարված, անհայտ կորած հերոսների երեխաների համար է: Կա տարիքային սահմանափակում:  Թվային մեծ սահմանափակում չունենք՝ տարածքը մեծ է, բայց ունենք չափանիշներ: Դրանց պետք է համապատասխանել: Անցյալ տարի մեկ փուլում 10 օրյա ժամկետով 100 երեխա ենք տարել: Այս տարի մեկ փուլը կտևի 15 օր, յուրաքանչյուրում կընդգրկենք 120 երեխա»: 

Ճամբարի նպատակն է երեխաներին պարգևել անմոռանալի և զվարճանքներով լի ամառ,-ասում է տիկին Դուզյանը: - Ծրագրի շրջանակում նրանք կանցկացնեն ուրախ ու ակտիվ ժամանց, բնության գրկրում կվայելեն ամառային արձակուրդները, ձեռք կբերեն նոր ընկերներ, կծանոթանան հայ ազգային պարերին, կզարգացնեն ստեղծագործելու, մտածելու և նորը ստեղծելու ունակությունները: Բայց ճամբարն ունի իր կանոնները, և այդ կանոններից դուրս «Նաիրի» ճամբարի մասնակից դառնալ չի հաջողվի: Ճամբարում հեռախոսից երեխաները օգտվել կարող են միայն շաբաթը մեկ անգամ, հարազատների այցելություններն արգելված են:

 «Հստակ է մեզ մոտ՝ 2009-2015 թվականներին ծնված երեխաները: 2008 թվականին ծնվածները խնդրում եմ չդիմել: Փոքրերը նույնպես:  Ծնողը պարտավոր է իր հետ բերի մի շարք փաստաթղթեր և ներկայանա երեխայի հետ, որի հետ մենք 5-6 րոպե հարցազրույց ենք ունենալու, առանձին զրուցելու ենք, որպեսզի փաստի առաջ չկանգնեք ճամբարի ընթացքում: Երեխաներ կան՝  չեն ուզում, իսկ մայրը ստիպում է երեխայի օգուտի համար, բայց նա չի հարմարվում: Մենք համոզված պիտի լինենք, որ ամեն ինչ նորմալ է»։ 

Հերմինե Դուզյանը պատմում է ընթացիկ  աշխատանքների մասին. այժմ մասնակիցների  գրանցման փուլում են: Չնայած ճամբարի խիստ կանոններին, անցյալ տարվա մասնակիցների 70 տոկոսն այս տարի ևս  մասնակցելու հայտ է ներկայացրել:Նախորդ  տարվա մասնակիցների 15-20 տոկոսը չի կարող դիմել՝ տարիքային շեմը չհաղթահարելու պատճառով: Ճամբարի տեղերի 2/3 արդեն զբաղված է՝ ասում է Հերմինե Դուզյանը: 

«240 երեխա ենք վերցնելու 2 փուլով, հիմա 150-160 արդեն գրանցված են: Դեռ տեղ ունենք, մենք հայտարարել ենք տարբեր միջոցներով, որպեսզի ցանկացողներին, ովքեր համապատասխանում են նշված չափանիշներին, գրանցենք: Բոլորը պատրաստակամ են օգնելու, որպեսզի օր առաջ փակենք մեր գրանցման տետրերը»: 

ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերի ու ճամբարների տնօրեն Հերմինե Դուզյանի խոսքով՝   ճամբարը հագեցած է բոլոր անհրաժեշտ հարմարություններով՝ երեխաների լիարժեք հանգիստը ապահովելու համար: Տարածքում գործում է բացօթյա լողավազան, ֆուտբոլի դաշտ, բասկետբոլի, վոլեյբոլի, սեղանի թենիսի խաղահրապարակներ, բացօթյա կինոթատրոն: Ծրագիրը ներառում է էքսկուրսիաներ ու արշավներ, խաղեր, ինտելեկտուալ քննարկումներ, ակտիվ ժամանց: Ծրագրի մեկնարկը տրվելու է օգոստոսի 1-ին: Ճամբարը կկայանա, ինչպես նշել ենք, երկու փուլով և կավարտվի օգոստոսի 29-ին:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ