Կարմիր, դեղին, կանաչ։ Ազդանշանը ավտոմեքենաների՞, թե՞ մարդկանց համար էր՝ Ստեփանակերտում շատերի համար նշանակություն չունի։ Կանաչ է՝ փողոցն անցնելու մարդկանց հերթն է, կարմիր է՝ ճանապարհն էլի նրանց է։ Ճանապարհատրանսպորտային պարզ կանոններն այստեղ խախտվում են ամեն օր։ Խախտումները նկատում են բոլորը, բայց մեր հարցումների ժամանակ, դիտմամբ, թե պատահմամբ, բոլորը օրինապահ քաղաքացիներ դուրս եկան։
«Ես արդեն սովորել եմ ճանապարհը ճիշտ անցնելու ձևը։ Երբ լուսացույցը փոխում է գույնը կանաչի, այդ ժամանակ եմ անցնում»։ «Վերջին շրջանում նկատել եմ, որ մարդիկ չեն օգտվում լուսացույցերից, բայց ես լինելով հասարակության մաս փորձում եմ հետևել կանոններին՝ ճանապարհն անցնելով անցորդների համար նախատեսված վայրերով»։ «Այնքան եմ սպասում, որ կանաչ լույսը միանա, հետո անցնեմ, բայց պատերազմից հետո մի քանի անգամ ուզում էի ավտովթարի ենթարկվել՝ չնայած, որ անցուղիով էի անցնում»։ «Հաճախ վարորդները չեն էլ նկատում, որ անցումով հետիոտն է անցնում, գալիս են մեծ արագությամբ, անցնում»։
Բայց վարորդները այլ կարծիքի են․ ճանապարհի վրա կենտրոնանալու փոխարեն, քայլում են՝ ուշադրությունը հեռախոսների վրա։ Կամ անցումներին կանգնում, զրուցում են, ոնց ու որտեղով պատահի՝ անցնում են։
«Հետիոտն կա հետևում ա կանոններին, ճիշտ ա անցնում, հետիոտն էլ կա՝ ոչ աջ ա նայում, ոչ ձախ ու ոնց հարմար ա լինում՝ անցնում ա։ Մայրաքաղաքում ճանապարհներ կան, որտեղ երթևեկությունը անհնար ա դառնում․ օրինակ Ալեք Մանուկյան թաղամասը․ ճանապարհները նեղ են, դրան գումարած էլ մայթեզրերին ավտոմեքենաներ են կայանված, իսկ կողքի բակում՝ շատ երեխաներ»։ «Մարդկանց գիտակցությունը պետք է այնքան բարձրանա, որ հասկանան՝ անցում չկա, չպիտի անցնեն։ Հետիոտների անցումով մարդիկ մեկ-մեկ դանդաղ անցնում են, մեքենաներն էլ իրար հետևից շարք կանգնած։ Հետիոտնի համար նախատեսված լուսացույցերը մեր քաղաքում շատ են քիչ»։
Վարորդների դիտարկմամբ՝ խախտումներ անում են հիմնականում մեծահասակները։ Ոստիկանների զգուշացումների հետ մեկտեղ վարորդը ինքը պետք է դաստիարակի անցորդին՝ երբ անցնելու հերթն է՝ ճանապարհ տա, երբ ոչ՝ պետք է կանգնել ու սպասել։ Ճանապարհային ոստիկանությունը և Ոստիկանության այլ ստորաբաժանումներ վերսկսել են բացատրական աշխատանքները հետիոտների հետ՝ պատահարներից հնարավորիս խուսափելու համար՝ «Արցախ» լրատվականին ասում է ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Օհանյանը։
«Մեր ոստիկանները ծառայություն են իրականացնում հիմնականում մայրաքաղաքում՝ հետիոտնային անցումների կից ճանապարհահատվածներում՝ իրենց հորդորներով ու կոչերով դիմելով ճանապարհը հատող հետիոտներին, որպեսզի պահպանեն կանոնները»։
Օհանյանի խոսքով՝ վերջին շրջանում ավելացել է «հետիոտների վրաերթ» բնութագրմամբ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։
«2022 թվականին գրանցված 28 տրանսպորտային պատահարներից 7-ը «հետիոտների վրաերթ» բնութագրմամբ, որոնց հետևանքով, բարեբախտաբար, չունենք զոհ, ունենք 7 վիրավոր, որոնք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»։
Վարորդները չեն թաքցնում ու խոստովանում են՝ «մեկ-մեկ» խախտում են կարմիր լույսի կանոնը, որի համար տուգանվում են։ Բայց «կարմիր լույսը» նաև հետիոտներն են խախտում։ Ի՞նչ պատիժ է սահմանված նման դեպքերում։
«Հետիոտների կողմից ճանապարհով, մայթերով, հետիոտնային արահետներով շարժվելու կարգը խախտելը առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը խախտելը առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով»։
Այս սխալներն ու խախտումները նկատում են հետիոտներն էլ, վարորդներն էլ։ Հաճախ, կարելի է լսել նրանց փոխադարձ մեղադրանքները։ Բայց անկախ մեղավորներից ու նրանց մեղքի բաժնից, պատահարներից հավասարապես տուժում են երկուսն էլ։ Ուստի ոստիկանության փոխգնդապետ Արմեն Օհանյանը հորդորում է՝ հետևել ճանապարհատրանսպորտային կանոններին ու հարգել բոլոր երթևեկողների իրավունքները՝ դրանով իսկ ապահովագրելով սեփական կյանքը։