«Արևիկ» բուժմիավորման երրորդ հարկի միջանցքն արդեն երկու օր է՝ մարդաշատ է: Նյարդաբանական սենյակի դիմացի հերթը գնալով երկարում է: Բժիշկների այցն սպասված է՝ ասում են ծնողները, Արցախում մանկական նյարդաբան չկա: Գանգատները շատ չեն՝ ասում է ծնողներից մեկը, նրա բալիկը 5 ամսական է, նրանք այստեղ են ավելի շատ պրոֆիլակտիկ ստուգման համար:
«Երեխան հաճախակի է լեզուն հանում, այդ փաստն ինձ անհանգստացրել ՝ դրա համար եմ բերել: Գիտեի,որ մասնագետներ են եկել Երևանից ասեցի մի անգամ էլ իրենք նայեն: Փառք Աստծո խնդիրը լուրջ չէ»:
Փոքրիկին զննում է նյարդաբան Անահիտ Հովհաննիսյանը, ասում է՝ մասնագետի կարիքն Արցախում ակնհայտ է: Սա բժշկուհու առաջին այցն է Արցախ:
«Առաջին անգամն եմ Արցախում, հնարավորության դեպքում նորից կգամ: Հիվանդները տարբեր տարիքի երեխաներ են՝ նորածիններից մինչև 17 տարեկան: Հիմնականում դիմում են լուրջ խնդիրներ ունեցողների ծնողները: Շատ քիչ են առողջ դեպքեր գրանցվում»:
Նյարդաբանական սենյակ ելումուտը չի դադարում, օրական ընդունում են մոտ 50 բուժառու՝ ասում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկական նյարդաբանության բաժանմունքի վարիչ, մանկական նյարդաբան Անի Գևորգյանը. ուշադիր զննում է փոքրիկ Դանիելին, ցուցումներ տալիս մայրիկին:
Նախորդ այցի համեմատ այս անգամ դիմողների աճ է գրանցվել, նաև խնդիրներն են ավելի բարդ՝ ասում է բժիշկը: Հիմնականում դիմում են գլխացավերով՝ ասում է:
«Երկու օրվա ընթացքում արդեն հասցրել ենք ընդունել 120-ից ավել բուժառու, նկատում ենք նաև դիմողների գանգատների մեջ տարբերություն, եթե նախորդ այցի ընթացքում մարդիկ պարզապես դիմում էին պրոֆիլակտիկ զննման համար, ապա այս անգամ արդեն ավելի լուրջ պատկեր է»:
2021 թվականի մարտից ԱՀ առողջապահության նախարարության, Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), «Առաջադեմ բժշկություն» ՀԿ-ի հետ համատեղ «Բժիշկներն Արցախի համար» ծրագրի շրջանակներում են նյարդաբանները երկու ամիսը մեկ այցելում Արցախ, նման այցերը շարունակական կլինեն՝ ասում է առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Այս անգամ նյարդաբաններն այստեղ կլինեն մինչև հոկտեմբերի 28-ը ներառյալ :