Նոյեմբերի 22, 2024

Մանկաբույժ-գաստրոէնտերոլոգ Կարինե Ասկարյանը հրավիրվել է Ստեփանակերտ

By Անի Աբաղյան Նոյեմբերի 15, 2022
Մանկաբույժ-գաստրոէնտերոլոգ Կարինե Ասկարյանը երկրորդ անգամն է Արցախում։ Այստեղ լինելու հիմնական նպատակը հմտացած ոլորտում օգտակար լինելն է: Նաև հնարավորություն է ստեղծվում բժիշկների հետ փորձի փոխանակման։ Ի՞նչ խնդիրներով են հաճախ դիմում՝ մանրամասնում է բժշկուհին։ 
 
«Ես աշխատում եմ մանկական ու հանրապետական հիվանդանոցներում, այսինքն՝ ընդունում եմ և՛ փոքրերին, և՛ մեծերին․ նրանց հիմնական բողոքը սրտխառնոց ունենալն է։ Ես կարծում եմ, որ կլիման, սթրեսային իրավիճակներն են առաջացնում այդ ախտանշանը․ ավելի շատ հոգեսոմատիկ ախտանշան է, որովհետև հնարավոր չէ, որ երեխաներն ու մեծերը ունենան նույն բողոքները։ Օրինակ՝ ծնողին ու երեխային հարցնում եմ, երկուսն էլ նույն պատասխանն են տալիս․ առավոտյան արթնանում են սրտխառնոցով։ Կոպիտ ասած՝ սրտխառնոց կյանքից»։ 
 
Երբ հիվանդը ժպիտով է մոտենում ու ավելի թեթև է վերաբերվում սեփական խնդրին, հիվանդության բուժման կեսն արդեն անում է՝ նշում է բժիշկը, բայց․ 
 
«Իհարկե, եթե խնդիրը ավելի խորքային է, մենք կատարում ենք գաստրոսկոպիա, էնդոսկոպիա, ուլտրաձայնային հետազոտություններ ու ճիշտ եզրակացության հասնելուց հետո բուժում հիվանդին, ոչ թե ուղղակի ասում՝ Ձեզ մոտ ամեն ինչ լավ է։ Մեր կատարած բուժումից հետո հիվանդը պետք է ինքն իր հետ աշխատի»։ 
 
Գաստրոէնտերոլոգի պետք է դիմել տարեկան առնվազն երկու անգամ, ոչ թե «ավանդության համաձայն» հիվանդության վերջին փուլում կամ դեղատան դեղերի սպառումից հետո՝ ընդգծում է Կարինե Ասկարյանն ու պատասխանում հարցին՝ կո՞ղմ է ժողովրդական բուժումներին, թե՞՝ ոչ․ 
 
«Ժողովրդական բուժումների օգտակարության մասին խոսելը դժվար է, որովհետև դեպքեր են լինում, որ օգնում են, բայց լինում է նաև հակառակը։ Իմ կարծիքով՝ ժողովրդական բուժումները դեռ մեծ արդյունավետություն չունեն»։ 
 
Հանրապետական հիվանդանոցում օրական ընդունում են 28-30 հիվանդ, մանկական հիվանդանոցում՝ ավելի քիչ։ Առողջապահության նախարարության և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցությունն այս ուղղությամբ շարունակական է լինելու։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ