Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանում վերջերս բացվել էր մագիստրատուրայի սոցիալական աշխատողի մասնագիտությունը: Այսօր արդեն քայլեր են ձեռնարվում հեգեբանության դասընթացներ կազմակերպելու համար: Դասընթացներն անցկացվելու են պարբերաբար 1 տարի ժամկետով: Դասընթացների անցկացման միտք, համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանի խոսքով, վաղուց ունեին:
«Մենք մի գաղափար էլ ունեինք, որը նույնպես շատ պահանջված էր՝ հոգեբանական կենտրոնի բացում: Շատ ուսանողներ են ցանկանում մասնակցել այդ դասընթացներին: Պատերազմից հետո Կլոր սեղանի շուրջ քննարկում էինք սոցիալական աշխատողի մասնագիտության բացումը՝ Անահիտ Լալայանի հետ, ստացվել է այնպես, որ նրանք էլ ունեին հոգեբանության կենտրոն բացելու գաղափար: Որոշեցինք սկսել հոգեբանության գործնական դասընթացներից»:
Անահիտ Լալայանը «Էմպատիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի տնօրենն է։ Ասում է՝ աշխարհի շատ երկրներ ունեն գործնական դասընթացներ անցկացնելու պրակտիկան։ Միջազգային հոգեբանական կենտրոնները, որոնց հետ իրենք համագործակցում են, ողջունել են «Էմպատիա» կենտրոնի և Մեսրոպ Մաշտոց համալսարանի նախաձեռնությունը` ասում է Անահիտ Լալայանը։
«Արդեն երկար տարիներ է «Էմպատիա» հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը համագործակցում է միջազգային կազմակերպությունների հետ։ Հետպատերազմական իրադրությունը և իրավիճակը, որը առաջացել է Արցախի շուրջ ևս մեկ անգամ ընդգծում է հոգեբանական ծառայության անհրաժեշտությունը։ Այսօր արդեն հասունացել է պահը և մենք պետք է Արցախում ունենանք բարձրակարգ մասնագետներ, որոնք տեղում օգնություն ցույց կտան դրա կարիքն ունեցողներին»։
Դասընթացները կանցկացնեն միջազգային կարգի լավագույն մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից: Դասընթացները կանցկացվեն օնլայն և օֆլայն տարբերակներով։
«Դասախոսելու են ֆրանս-հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի անդամներ՝ հոգեբաններ ու հոգեբույժներ, մասնագետներ Շվեցարիայից, Ֆրանսիայից և Բելգիայից։ Մեր հիմնական ուղվածությունը ոչ միայն պրակտիկ, այլև կլինիկական հոգեբանությունն է։ Այսինքն այնպիսի մասնագետներ ենք ստանալու, ովքեր իսկապես կարող են օգտակար լինել մեր ժողովրդին»։
Գիտելիքների տեսական մասն ապահովելու է Մեսրոպ Մաշտոց համալսարանը, գործնական մասը՝ «Էմպատիա» կենտրոնը։ Ծրագրի նախաձեռնողների համար սկզբունքային է․ դասընթացները կազմակերպվելու են անվճար և լինելու են շարունակական։ Ինչպես Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանն է ասում, այս նախաձեռնությունը երկար ճանապարհի սկիզբն է միայն։