Մեր բոլոր ծրագրերը կապված են կրթության հետ՝ ասում է «Գարավան» նախագծի համակարգող Սերգեյ Գարայանը։ Չէ՞ որ հենց կրթության մակարդակն է որոշում, թե ինչպիսի ապագա կունենա պետությունը։ Սերգեյ Գարայանի համակարգմամբ՝ «Գարավան» նախագիծն Արցախում գործում է մեկուկես տարուց ավելի։ Ուսումնական այս նախագծի շրջանակներում 11-17 տարեկան պատանիները սովորում են անօդաչու թռչող սարքերի կառավարում և հավաքում, ճարտարագիտություն՝ ինքնաթիռների մոդելավորման, արևային էներգիայի, հակաճգնաժամային գյուղատնտեսության բնագավառներում: Այս տարվա սեպտեմբերից «Գարավան» նախագիծը նոր ծրագրի մեկնարկ է տվել։ Նախագծի ղեկավար Սերգեյ Գարայանն է մանրամասներ ներկայացնում․
«Սկսեցինք նոր ծրագիր՝ 3D մոդելավորման խմբակներ, արդեն 2 խումբ ավարտել են, 2-ը ընթացքում ունենք»։
Ծրագիրը երկու փուլով է ընթանում։ Առաջին փուլը սիրողական է․ ուսանողները ծանոթանում են 3D մոդելավորման սկզբունքներին, երկրորդն ավելի պրոֆեսիոնալ է ու բարդ։ Այն պահանջում է ոչ միայն ավելի մեծ հմտություններ, այլև ավելի հզոր տեխնիկական միջոցներ։ Այդ պատճառով երկրորդ փուլում դեռ մեկ խումբ է պատրաստվում։ «Գարավան» նախագծի պատրաստած մասնագետներն արդեն հետաքրքրություն են առաջացնում նաև Արցախից դուրս։
«Հիմա նախնական պայմանավորվածություն ունենք Երևանում գործող մի ստարտափի հետ։ Իրենց համար մասնագետներ ենք պատրաստում։»
Սա դեռ սկիզբն է՝ ասում է զրուցակիցս։ Նախագիծը շեշտադրում է կատարում ապագայի վրա, այդ երեխաներն են մեր ապագա մասնագետները։ Նրանց մեջ արդեն իսկ կան այնպիսիք, որոնք օգնում են մեզ նախագծում՝ սովորեցնելով այլ երեխաներին՝ պատմում է նախագծի ղեկավարը։ Սերգեյ Գարայանը պարզաբանում է՝ ավելի ընդունակ երեխաներից մեկ-երկուսին պատրաստում են, իսկ նրանք էլ իրենց ստացած գիտելիքները փոխանցում խմբի մյուս անդամներին։ 3D-մոդելավորման մեջ սիրողական ծրագիրը մինչև 12 տարեկան երեխաների ընդհանուր զարգացման համար է։ Նրանց հետ սովորաբար ուսումը չեն շարունակում։ Բայց ունեն երեխաներ, որոնք պրոֆեսիոնալ կերպով աշխատում են անօդաչու թռչող սարքերի և 3D մոդելավորման հետ: Նրանց մասնագիտական ծրագրերով են դասավանդում անցնում։
««Սիրողականը»՝ զարգանալու համար լավ ծրագրեր է առաջարկում, 11-17 տարեկանների համար է։ Մյուսն ավելի բարդ ծրագիր է, բայց երեխաներ կան, կարողանում են։ Գործող մի խումբ ունենք սիրողականի, մի խումբ էլ մասնագիտականի շրջանակում։ Վերջինս ավելի երկար է տևում»։
Նրա խոսքով՝ արդեն կան նախագծի մասնակիցների կողմից հավաքված սարքավորումների նմուշներ, սակայն դրանք դեռ աշխատում են փորձարկման ռեժիմով։ Նախագիծը դժվարություններ հաղթահարելով է կայանում․ մոդելների մասերի ներմուծման հետ կապված դժվարություններ կան, ինչի պատճառով հավաքման գործընթացը դանդաղում է։ Լրացուցիչ դժվարություն է ստեղծվում նախագծի մշտական հովանավորների բացակայությունը, բայց Սերգեյ Գարայանը չի տրտնջում․ ֆինանսավորում գտնելու համար հատուկ ջանք, գուցե, չեն թափում, և դա բացթողում է, բայց հիմնավորում էլ ունեն։ Ասում է՝ պետական կամ այլ կարգի աջակցություն ստանալու համար հսկայական թղթաբանություն ու ժամանակ է պետք, իսկ նրանք չենք հասցնում։ Բայց պատրաստ են համագործակցության և ընդունում են ցանկացած առաջարկ, որ կարող է զարգացնել նախագիծը։ Այժմ այն կայանում է մի քանի հիմնական հովանավորի՝ ընկերների ու համախոհների միջոցով։
«Եթե կարճ՝ միջոցներ գտնում ենք ծանոթների միջոցով։ Որոշ պահեստամասերի ներմուծման խնդիրները հաղթահարելու հարցում պետությունն էլ աջակցեց։ Նորություն ունենք՝ 2 նոր խումբ Նորագյուղում ենք պատրաստում․ գյուղերում առաջին ծրագիրն է»։
Ծրագիրն արդեն վստահություն է ներշնչում, օրեցօր շատանում է դիմորդների թիվը, և նույնիսկ որոշ ժամանակով ստիպված են դադարեցնել հավաքագրումը։ Ծրագրի կազմակերպիչները հստակ գիտեն, թե ինչու են կյանքի կոչում նախագիծը․ պատանիները ապագայում լավ քաղաքացիներ կլինեն ու կգտնեն իրենց տեղը կյանքում։ Նրանք հստակ գնում են իրենց երազանքի հետևից։ Թռչել և երազել․ երկու բաղադրիչներն են, որ միավորում են բոլորին նախագծի շուրջ՝ ասում է Սերգեյը։ «Գարավանը» հունվարից նոր ծրագիր է սկսելու՝ IT լեզուների ուսուցանում։
«Տարվա սկզբից կսկսենք։ Սա առաջատար մասնագիտություն է ոլորտում, նաև՝ 3D մոդելավորում կունենանք։ Պատանիներ կան՝ հասկանում են, որ այս երկու ուղղությունը կարելի է կապել իրար ու խաղեր ստեղծել կամ 3D վիզուալիզացիայի հետ կապված մասնագիտության մեջ խորանալ։ Հիմա շատ պահանջված է»։
Ցավոք, մեզ մոտ ոչ ամբողջությամբ են ընկալում IT մասնագիտությունների կարևորությունը․ դա բազմաթիվ արհեստական դժվարություններ է ստեղծում՝ ասում է Սերգեյը, բայց, ընդհանուր առմամբ, երեխաների շրջանում հետաքրքրություն կա, ու այն գնալով աճում է։
«Երբ ծնողները մոտենում են մեզ՝ երեխային խմբում ներգրավելու խնդրանքով, մենք միակ պայմանն ենք դնում նրանց առաջ․ երեխան պիտի ցանկանա սովորել»։
Սկզբունքն արդարացրել է իրեն․ նախագծում մնում են նրանք, որոնք իսկապես ուզում են սովորել։