Նոյեմբերի 21, 2024

Կրթվե՞լ, թե՞՝ ոչ․ երկրում պատերազմ է

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 04, 2022

Չնայած Արցախում  իրադրությունը կրկին լարված է,  և բնակչության անվտանգության ապահովումը  գրեթե միակ օրախնդիր հարցն է, այնուամենայնիվ, կան  ծրագրեր, որոնք  պետք է իրագործվեն։ Թերևս միայն այն պատճառով, որ  հաջորդ պատերազմներում հաղթանակաները մերը լինեն։ Այս օրերին այստեղ էին գտնվում  Երևանի Շիրակացու ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանն ու փոխտնօրեն Անի Հարությունյանը՝ Ստեփանակերտում կրթահամալիրի բացման աշխատանքների բերումով։  Սրբուհի Վանյանն է զրուցել նրանց հետ ։

Նոր ուսումնական տարվանից Արցախում իր գործունեությունը կսկսի Երևանի «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը։ Տեղեկությամբ մեզ հետ կիսվել է կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը։ Արցախում իրադրությունը նորից լարված է և այն, որ գրեթե անհնար է շաբաթվա կտրվածքով անգամ ծրագրեր կազմել, փաստ է․ բայց դա չի նշանակում, որ ծրագրերը, հատկապես կրթական ծրագրերը, չեղարկվում են․

«Հայրենական պատերազմի տարիներին մարդիկ նկուղներում, վատ պայմաններում կրթություն էին իրականցնում, համալսարաններ պահում։ Մեր պայմաններն ավելի լավ են։ Կարծում եմ՝ հաջորդ պատերազմները անխուսափելի լինելու են գիտության դաշտում, և այն երկիրը, որն ուժեղ է լինելու, պատրաստ է լինելու, նրա վրա ռիսկ չեն անելու հարձակվել։ Հակառակ դեպքում ստանալու են լավ հակահարված։ Համենայնդեպս, այդպիսինն է մեր ճեմարանի գաղափարախոսությունը»։

Կրթահամալիրի՝ Արցախում գործելու ծրագրերի մասին դեռևս ամիսներ առաջ հայտարարել էր պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Բայց ոչ պաշտոնական լուրերով, նոր ուսումնական տարվա սկզբին ծրագրի գործարկումը չհասցնելու մտահոգություն կար․ պատճառը՝  շենքային պայմանների բացակայությունն ու կազմակերպչական այլ հարցերն էին։ Շիրակացու ճեմարանը Ստեփանակերտում սեպտեմբերից կգործի․ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը ցրեց մտահոգությունը։  Իսկ մինչ այդ՝

«Մինչ այդ մենք շատ գործեր ունենք անելու։ Ուսուցիչների մրցույթն է,  աշակերտների ընդունելության կարգն է, որը հրապարակել ենք, դեռ մեզ է սպասում ընդունելության գործընթացը»։

Արցախի կառավարությունը, որի նախաձեռնությամբ և հրավերով է Շիրակացու ճեմարանը աշխատելու այստեղ, տարածք է տրամադրել Ստեփանակերտի դպրոցներից մեկում, որտեղ, ըստ երևույթին, կրթահամալիրը կգործի, մինչև իրենց համար նախատեսված շենքը լրիվությամբ պատրաստ լինի․ այն հիմա վերանորոգման փուլում է։ Առայժմ կգործի միայն ավագ դպրոցը։

«Ճիշտ է, այն շենքը, որը նախատեսված է մեզ համար, դեռ ամիսներ պետք կլինեն, որ պատրաստ լինի։  Սկզբից այնտեղ կգործի ավագ դպրոցը, ապա նրան կմիանան միջին և կրտսեր դպրոցները»։

Ճեմարանն ունի իր կանոնները, և Արցախում գործող կառույցը, որը կլինի Երևանի ճեմարանի քույր վարժարանը, կազմակերպչական, կարգ ու կանոնի տեսակետից ոչնչով չի տարբերվի՝ վստահեցնում է մեր զրուցակիցը։ Ինչ ժամանակին արվել է  Երևանում, նույն գործընթացը կլինի Արցախում։ Նպատակն է ՝ իրագործել բարձրակարգ և կենսունակ կրթական ծրագիր։ Ասում է՝ 32 տարիների ընթացքում մենք ապացուցել ենք, որ դա հնարավոր է։

«Երևանի Շիրակացու ճեմարանն արդեն 32 տարեկան է, այլ հաշվարկներով՝ նույնիսկ՝ 37։ Արցախի մեր ճեմարանը ավելի շատ առավելություններ է ունենալու․ ճանապարհն արդեն հարթել ենք, փորձ ունենք, և սխալները չեն կրկնվի։ Դժվարություններ շատ ենք հաղթահարել, ցավոք, և պետության, և մեր ազգային մտածողության  պատճառով եղել են խոչընդոտներ»։

Երևանի Շիրակացու ճեմարանում ուսումը վճարովի է․ Արցախում սովորողների համար այն անվճար կլինի՝ պետական սուբսիդավորմամբ։ Ապագայում, հնարավոր է,  ուսումը աշակերտների համար կազմակերպվի  սիմվոլիկ վճարով, բայց առայժմ, Աշոտ Ալիխանյանի խոսքով, արցախցի երեխաների համար վճար նախատեսված չէ։Գործունեության առաջին փուլում, համապատասխան ընթացակարգով, կընդունեն 60 աշակերտ։ Շիրակացու ճեմարանի Մարդկային ռեսուրսների կառավարման հարցերով փոխտնօրեն, Հոգեբանական կենտրոնի ղեկավար  Անի Հարությունյանը ուսուցիչների և աշակերտների ընդունելության կարգն է ներկայացնում։

«Բոլոր գործընթացները կկազմակերպվեն այնպես, ինչպես Երևանի ճեմարանում։ Ուսուցիչների ընդունելության ընթացակարգը ենթադրում է 4 հիմնական փուլ․ առաջին կամ նախնական փուլը կայացել է, մենք ծանոթացել ենք ուսուցիչների կենսագրություններին, մնացած փոլերը կկայանան մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը»։

Կան առարկաներ, որոնց համար այս պահին դիմորդներ չկան, բայց կան նախատեսված միջոցառումներ՝ բացը լրացնելու համար։ Հիմա սպասում են մասնագիտական փուլի ընտրության արդյունքներին, որից հետո պարզ կդառնան հետագա քայլերը՝ ասում է փոխտնօրենը։Արցախի Շիրակացու վարժարանում դասավանդող ուսուցիչները պարբերաբար անցնելու են վերապատրաստման դասընթացներ, ներգրավվելու են կրթարանի ուսումնամեթոդական աշխատանքերում։

«Մեր նպատակն է՝ կերտել ազգային հենքի վրա ձևավորված համամարդկային արժեքներ կրող իսկական մտավորական ու քաղաքացի, և մենք ուզում ենք օգտագործել նաև Արցախի ներուժը» ,-ասում են կրթահամալիրի պատասխանատուները։

Արցախի հանրային ռադիո
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ