Նոյեմբերի 21, 2024

Ընդունելություն շրջափակման պայմաններում

By Վիկտորյա Սարգասյան Հունիսի 07, 2023

Շրջափակման պայմաններում ՀՀ բուհերի արցախցի դիմորդները մի շարք խնդիրների առաջ են կանգնել: Հարյուրավոր աշակերտներ, ովքեր տարիներ շարունակ երազել են այս կամ այն մասնագիտությունն ստանալ, այսօր անորոշության մեջ են: Նրանցից է նաև մեր այսօրվա զրուցակից Լիլիթը, ով որոշել է ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:

«Ընտրել եմ «Շուկայագիտություն (Մարքեթինգ)» մասնագիտությունը, քանի որ այն մեր օրերում շատ պահանջված է: Վերջերս մասնակցել եմ «Հայքն աշխարհին» ծրագրին, որն արցախցի երեխաներին հնարավորություն է տալիս սովորել թվային մասնագիտություններ, որոնց շարքում կար նաև «Թվային մարքեթինգը»: Մասնագիտությունների կողմնորոշման համար կազմակերպվել են կողմնորոշիչ հանդիպումներ: Մասնակցել եմ այդ հանդիպումներին ու ևս մեկ անգամ հասկացել, որ ոլորտը ինձ իսկապես հետաքրքրում է»:

Լիլիթի խոսքով` շրջափակման առաջին օրերին դեռ հույս ունեին, թե ճանապարհը կբացվի և իրենք կկարողանական մասնակցել քննությունների փորձնական փուլին: Բայց շրջափակումը շարունակվում է արդեն 178 օր, և օր օրի անորոշությունն ավելանում է:

«Երբ արդեն հայտնվեցինք շրջափակման մեջ, իմացանք, որ այս տարի կարող ենք երկու անգամ մասնակցել միասնական քննություններին, առաջինը` փորձնական: Դեռ առաջին օրերն էին և մտածում էինք, որ ճանապարհը կբացվի և կմասնակցենք քննություններին: Դրանք պիտի Գորիսում տեղի ունենային, բայց այդպես էլ չկարողացանք մասնակցել»:

Հիմա` երբ մեզնից ոչ մի բան կախված չէ, մնում է միայն լավ հանձնենք քննությունները և սպասենք լավ լուրերի` ասում է Լիլիթը:

ՀՀ բուհերի արցախցի դիմորդների հարցը օրերս բարձրացվել է նաև ԱԺ-ում: Պատգամաորները ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանից հետաքրքվել են` ընդունելության քննություններին նրանց մասնակցութան ապահովման կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներից: Նախարարը պատասխանել է.

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԳԹԿ կենտրոնի հետ ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ, ըստ որոնց ՀՀ բուհերի դիմորդների միասնական քննությունները կկազմակերպվեն այստեղ` պահպանելով ԳԹԿ պահանջները: Նրանք պահանջում են, որ քննությունները լինեն օնլայն ռեժիմով և տեսանկարահանվեն: Մենք ոչ մի խնդիր չենք տեսնում և այդ ամենը կկազմակերպենք»:

Արցախում միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 9-ին: Քննական հինգ կենտրոններն արդեն կահավորված են, անհրաժեշտ տեսախցիկները և պատճենահանող սարքերը` տեղադրված, որպեսզի քննություններն անցկացվեն ըստ կարգի` նշում է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը:

«Նախորդ տարվա ցուցանիշների համեմատ՝ այս տարի բոլոր ուղղություններում դիմորդների թվի նվազումն ակնհայտ է: Բայց եթե այս տարվա շրջանավարտների և դիմորդների թվի տոկոսային հարաբերությունը դիտարկենք, ապա, նախորդ տարվա համեմատ, այն պահպանվում է: Շրջանավարտների 65 տոկոսը կհանձնի միասնական քննություններ: Այս տարի ևս կան դիմորդներ, ովքեր հայտագրվել են հայաստանյան բուհեր ընդունվելու համար: Այդ տոկոսային հարաբերությունը ևս պահպանվել է: Մեծ թիվ են կազմում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ընդունվելու համար հայտագրված դիմորդները»:

Այսօր ՀՀ բուհերի արցախցի դիմորդների հարցը, կարելի է ասել, առաջնայիններից է: ԿԳՄՍ նախարարը ԱԺ-ում հայտնել է, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Քննարկվում է նաև նրանց տեղափոխման հարցը:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ