Նոյեմբերի 22, 2024

Արցախ-Հայաստան կյանքի ճանապարհը փակ է անգամ շտապ-օգնության մեքենաների համար

By Անի Աբաղյան Դեկտեմբերի 13, 2022

Դեռ առավոտյան հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը հրապարակել է այն հիվադների ցանկը, որոնք անհապաղ Երևան տեղափոխվելու և այնտեղ բուժումը շարունակելու կարիք ունեն։  Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներ կան, որոնք Երևանում բուժման կարիք ունեն։ Մեզ հետ զրույցում հայտնել է կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը։ 

«Նաև ունենք հիվանդ, որ համապատասխան հետազոտություն անցկացնելուց հետո պարզվել է, որ շտապ վիրահատության՝ սրտի բաց վիրահատության կարիք ունի։ Նախորդ օրերին մենք պայմանավորվածություն ունեինք տարբեր հիվանդանոցների հետ ու պատրաստվում էինք հիվանդների ուղեգրմանը, բայց, ցավոք սրտի, ստեղծվեց այս իրավիճակը»։

  Խնդիր է նաև դեղորայքի մատակարարման դադարեցումը։  Դեղամիջոցների մատակարարումը Հանրապետություն անհնարին է դարձել։ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակման պատճառով կաթվածահար է եղել «Արևիկ» մանկական բուժմիավորման սովորական գործունեությունը։ Բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանի խոսքով՝ պլանային բոլոր վիրահատությունները հետաձգվել են։ 

«Գաղտնիք չէ, որ մեր դեղորայքային սպասարկման հնարավորությունը կապված է Երևանի հետ և այս պարագայում մենք զրկված ենք դեղորայքի մուտքից։ Այդ պատճառով այսօրվանից դադարեցրել ենք պլանային վիրահատությունները և վիրահատում ենք միայն այն երեխաներին, որոնք շտապ վիրահատության անհրաժեշտություն ունեն։ Մենք չգիտենք՝ որքան կշարունակվի այս վիճակը։ Այս սահմանափակումները անում ենք, որ չգա հասնի մի պահ, երբ շտապ վիրահատության անհրաժեշտություն ունեցող երեխային չկարողանանք վիրահատել»։

 Այս պահին բուժօգնություն ստանալու հնարավորությունից զրկվել են անչափահաս երեխաներ, որոնք պարտադիր ստուգումներ պետք է անցնեին Հայաստանի տարբեր հիվանդանոցներում։ Ինչպես տեղեկացնում է Մելքումյանը՝ երեկվանից երեխաների ծնողները անհանգստացած են․ նրանց պետք է Երևան տեղափոխեին՝ նոր հետազոտությունների, դեղորայքի փոփոխման համար։ Հետևանքները գործադիր տնօրենն է ներկայացնում։ 

«Միանշանակ, այդ հիվանդությունները, որոնք, այսպես ասած, վերցրել ենք վերահսկողության տակ, նորից սրանալու են, այսինքն՝ երեխաները ռեմիսիա կոչվող փուլից անցնելու են սրացման շրջան»։

 Դեղորայքների ներմուծման խնդիրը անհանգստություն է առաջացրել նաև հանրապետական բժշկական կենտրոնում, բայց Մուսայելյանի փոխանցմամբ՝ այս պահին հիվանդանոցը աշխատում է սովորական ռեժիմով․ վիրահատություններն ու հետազոտությունները կատարվում են սովորական գրաֆիկով։ 

«Այս պահին 130 հիվանդ ունենք ստացիոնար բուժում ստացող, իրականացնում ենք նաև վիրահատությունները։ Այս պահին չունենք ո՛չ դեղորայքի, ո՛չ էլ բուժպարագայի խնդիր, բայց եթե իրավիճակը երկար շարունակվի, ձգձգվի, մենք կունենանք լուրջ խնդիրներ»։

 Հանրապետության առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանի խոսքով՝ ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա։ Բժշկական խորհրդատվությունների կարիքը փորձում են լրացնել առցանց եղանակով։

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ»։

 Այսպես երկար շարունակվել չի կարող՝ ընդգծում են զրուցակիցներս։ Պլանային վիրահատությունները հետաձգելով ու դեղորայքը խնայելով՝ վնասում ենք արդեն իսկ հոգեբանական ծանր վիճակում գտնվող բնակիչների ֆիզիկական առողջությանը։

Artsakh Public Radio
Last modified on Երեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2022 18:02
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ