Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, մարդու իրավունքների կոպիտ խախտում է՝ մարդկանց ազատ տեղաշարժի, միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես՝ Ժնևի 4-րդ կոնվենցիայի մի շարք դրույթների։ Իսկ ի՞նչ է հետևում դրան, ի՞նչ է սահմանում միջազգային իրավունքի ինստիտուտը՝ նման ակնառու խախտումների դեպքում։ Ադրբեջանն ինքն էլ հասկանում է, որ հատել է միջազգային իրավունքի բոլոր կարմիր գծերը և շտապում է որոշակիորեն ապահովագրել իրեն, հայտարարելով, որ գազի խափանման հետ ինքը որևէ կապ չունի, իսկ միջանցքը փակվել է բնապահպանների կողմից։ Թե ինչ է սահմանվում Միջազգային իրավունքի ինստիտուտի օրենսդրությամբ նման խախտումների դեպքում և ի՞նչ է հետևելու դրան՝ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն է մանրամասնում։
Միջազգային այս խնդրին ամենամոտը Մարդու իրավունքի հայեցակարգերն են։ Առերևույթ նայելու դեպքում տեղաշարժման իրավունքի խախտումն է աչքի ընկնում։ Մարդիկ հնարավորություն չունեն ազատ տեղաշարժի, և դա ունի իր կոնտեքստները։ Դա հայատյացության քաղաքականությունն է։ Եվ պատահական չէ, որ ադրբեջանական գազամատակարարման ընկերությունը հայտարարել է, որ ինքը կապ չունի գազի մատակարարաման դադարեցման հետ։ Այսինքն, իրենք էլ գիտակցում են, որ դա անընդունելի է։ Կարելի է հասկանալ, որ ընկալում են, որ միջազգային մարմինների արձագանքը խիստ է լինելու։ Կա նաև քաղաքական կոնտեքստը։ Իրավական կոնտեքստը շատ դեպքերում ավելի լայն է, սկսած հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներից, մինչև անձնական կյանքի իրավունք, վատ վերաբերմունքի արգելքը, կրթության իրավունքը և այլն։ Այսինքն եթե փակվում են հաղորդակցության ուղիները, ինքնաբերաբար այլ իրավունքներ էլ են սահմանափակվում։ Եվ այդ ամենը տեղավորվում է ռասիզմի կոնտեքստի մեջ։ Ամեն ինչ պարզ է, և ամեն ինչի մասին վաղուց ասվել է։ Ես վստահ եմ, որ հիմա մտածում են իրավական գործընթացներ սկսելու մասին՝ իրավասու պետական կամ ոչ պետական մարմինները։
-Ո՞ր իրավասու մարմինների մասին է խոսքը։
- Լավ կլինի, որ պետական մարմինը սկսի։ Հայաստանի Հանրպետությունը չի դա ներկայացնի։ Արցախից անհատական գանգատներ պիտի գնան, օրինակ՝ Եվրոպական դատարան։ Ես վստահ եմ, որ աշխատում են։ Այն քաղաքացիները, որ մնացել են ճանապարհին, նրանց տեղաշարժի իրավունքին զուգահեռ կարող է խախտվում է առողջության իրավունքը, աշխատանքի, կրթության, կարող է նաև կյանքի խնդիր լինի։ Եվ դրա պատճառները ոչ թե օբյեկտիվ են, որովհետև, ասենք, Ադրբեջանը այնտեղ գազի հետ կապված ինչ֊որ աշխատանքեր է անում, այլ խտրականությունից ելնելով։ Դա տեղավորվում է ռասիստական քաղաքականության մեջ։ Դատարանները նաև նայում են, թե ինչ կա այդ փաստերի հետևում։ Եվ արդեն որոշ ապացույցներ կան, որ նույն բնապահպանների մեջ կան նախկին ու գործող հատուկ ծառայության աշխատակիցներ։ Այսինքն, իրականում ճանապարհի փակումը Ադրբեջանի քաղաքական կոնտեքստում է տեղավորվում։ Իսկ քաղաքական կոնտեքստն այն է, որ Ադրբեջանն ուզում է իր տիրապետության տակ վերցնել Ղարաբաղի տարածքը։ Դա նաև հերթական հրահրման փորձն է, ուղղված Ռուսաստանի խաղաղապահների դեմ։
-Սկսենք նրանից, որ Արցախը ճանաչված է որպես Եվրոպայի խորհդրի տարածք։Դա միանշանակ է։ Ամբողջ հարցն այն է, որ Արցախում տեղի ունեցող խախտումները որ դեպքում են վերագրվում Հայաստանին, որ դեպքում՝ Ադրբեջանին։ Դա է պատճառը, որ հիմա Ադրբեջանը փորձում է ներկայացնել, որ կապ չունի այս ամենի հետ։ Բնականաբար, ամենամոտ մեզ կանգնած ատյանը Եվրոպական դատարանն է, ուր Արցախի քաղաքացիները կարող են դիմել։ Դա հաստատվել է վաղուց։ Պետք է շտապ գանգատներ հղել Եվրոպական դատարան, այդ թվում և հրատապ միջոց կիրառելու պահանջով։ Վերջիններս կիրառվում են օրերի ընթացքում։ Այն է՝ ճանապարհը բացել, գազամատակարարումը վերականգնել։ Առնվազը նման գործընթաց պետք է սկսել։ Ենթադրում եմ, որ արվում է։ Ինչ վերաբերում է արձագանքին, այն կարող է լինել մի փոքր ուշ․ իրավական գործընթացներն ուսումնասիրման կարիք ունեն։ Եթե կրկնվում են դեպքերը, հարցը կարող է տեղափոխվել քաղաքական սանկցիաներ ընդունող մարմինների պլատֆորմ։ Օրինակ՝ ՄԱԿ֊ի անվտանգության խորհուրդ։ Առայժմ իրավիճակն այսպիսին, է, բայց կարող է արձագանքը մեծանալ, քանի որ այն ինչ անում է Ադրբեջանը, տարածաշրջանում խաղաղության հաստաատմանը դեմ է, սպառնալիք է ստեղծում խաղաղության համար, իսկ դա արդեն ՄԱԿ-ի կանոնադրությամբ հիմք է հանդիսանում, որ քաղաքական սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի դեմ։