Դեկտեմբերի 13-ին Արցախի պետնախարար Ռ․Վարդանյանը հայտարարեց դպրոցներում դասերի մասնակի դադարեցման մասին, կրթական պրոցեսը չի ընդհատվել միայն այն դպրոցներում, որոնց ջեռուցումն իրականացվում է փայտե վառարաններով։ «Արցախ» լրատվականի հետ զրույցում ԱՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը նշում է, որ ներկա պահին 36 դպրոցում ուսումնական պրոցեսը կագն է առել, չեն գործում նաև 27 մանկապարտեզներ։
«Նաև կրթական մասնագիտական ծրագրեր ապահովող ուսումնական հաստատություններից 11-ից 2-ն են աշխատում, ինչպես 3 բուհ, 4 քոլեջ, 2 ուսումնարան։ Մինչև 20 000 աշակերտ և ուսանող չեն հաճախում իրենց կրթական հաստատությունները։ Նաև վառելիքի պակասության պատճառով խնդիրներ են առաջանում այն դպրոցներում, որտեղ նաև փայտով է ջեռուցվում, կան ուսուցիչներ որոնք կողքի գյուղից են գնում աշխատանքի, հիմա իրենց տեղաշարժման հետ էլ են խնդիրներ առաջանում»։
Նախարարը հիշեցնում է՝ Արցախում ապրում է շուրջ 30 000 երեխա, նրանց մեծ մասը նաև զրկված է լրացուցիչ ժամանացի կամ արտադպրոցական կրթության ծրագրերից օգտվելու հնարավորությունից, երեխաները փաստացի զրկված են նաև այս իրավունքից։ Նախարարությունում որոշում է կայացվել դասի հրավիրել 9-12-րդ դասարանների աշակերտներին․
«Որովհետև ամեն դպրոցում ընդամենը 5-6 այդպիսի դասարան կա և ջեռուցել այդ 5-6 դասարանը էլեկտրական սարքերով այդքան էլ բարդ չէ։ Մոտավորապես ջերմությունն այդ դասարաններում 18-20 աստիճան հասնում է, այսինքն երեխաների մրսելու, հիվանդանալու հետ խնդիր չենք ունենա»։
Արդյո՞ք համակարգը նախատեսում է կրկին անցնել հեռավար կրթության, եթե իրավիճակը ձգձգվի՝ նախարարը նշում է, որ այդ հարցով դեռ վերջնական որոշում չկա, հատկապես, որ կան մի շարք խնդիրներ թե՛ կապի խափանումների, թե՛ հեռավար կրթության վերաբերող այլ հարցերով։ Նախարարը փաստում է, որ արդեն 4-րդ անգամ նույն իրավիճակի հետ դեմ առ դեմ կանգնած համակարգն արդեն շատ ավելի վարժ է կողմնորոշվում նման իրավիճակում։ Ստեփանակերտի համար 8-րդ միջնակարգ հոսքային դպրոցը մեկն է նրանցից է, որտեղ գազամատակարարման դադարեցման պատճառով մասնակիորեն ընդհատվել են դասերը։ Դպրոց հաճախում են միայն 9-12 դասարանցիները։ Ուսուցչուհի Քնքուշ Սահակյանը փաստում է՝ բացականեր գրեթե չկան։
«Բացականեր շատ չկան, դասարաններում միացված են էլեկտրական ջեռուցուցիչներ։ Երրորդ հարկում դաս չեն անում, երկրորդ հարկում տեղավորել ենք էրեխեքին արևկող սենյակներում»։
Մանկավարժը հաստատում է՝ դասացուցակը գործում է լիարժեք, ուսուցիչները բոլորը ներկա են, դասապրոցեսը շարունակվում է իր հունով։ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի Արցախի թիմի ղեկավար Թամարա Գրիգորյանը նշում է՝ Հայաստանից ժամանած ու Արցախի տարբեր համայնքներում աշխատող իրենց ուսուցիչները շարունակում են անել իրենց գործը, խուճապ չկա։
«Կապի մեջ ենք բոլոր ուսուցիչների հետ, ովքեր Արցախի տարբեր համայնքներում են աշխատում։ Երեխաների մոտ խուճապ չկա, իհարկե բարձր դասարանցիները, ովքեր ավելի լավ են հասկանում իրավիճակը, մտահոգ են, ինչը շատ բնական է այս իրավիճակի համար։ Սակայն որևէ խուճապային տրամադրություն այս պահին չկա, և մեր ուսուցիչներն էլ, ի պատիվ իրենց պիտի ասեմ, որ որևէ դժգոհություն կամ խուճապային տրամադրություն չենք նկատել։ Յուրաքանչյուրն իր գործ է անում, իրենց համայքններում իրենց աշխատանքնը շարունակում են»։
Գրիգորյանը հավելում է՝ իրենք նաև այս պահին ամփոփում են կիսամյակը, պլաններ կազմում մյուս կիսամյակի համար։
«Որևէ մեկը չի մտածում, որ կարող է հաջորդ կիսամյակում դասեր չանել կամ դպրոց չհաճախել։ Հնարավորինս հանգիստ, հավասարակշռված, զուսպ և յուրաքանչյուրս մեր աշխատանքին նույն ձև պատասխանատու կերպով փորձում ենք մոտենալ ու չխաթարել մեր բնականոն ընթացքը թե աշխատանքի, թե կյանքի, որքանով որ դա հնարավոր է»։
Ժամանակին Քարվաճառ տեղափոխված ու իր կյանքն Արցախի ապագայի հետ կապած Թամարա Գրիգորյանը հիշում է՝ մինչև չարաբաստիկ նոյեմբերի 9-ը Քարվաճառի իրենց տանն էին, վստահ են եղել՝ նորից են ապրելու Արցախում։ Ծննդով Վանաձորից մանկավարժը վստահեցնում է՝ ճանապարհի բացվելուց հետո էլ Արցախից հեռանալ չի պատրաստվում։
«Երբ որ պատերազմից հետո ստիպված եղանք տեղափոխվել Վանաձոր, Երևան, ես ու ամուսինս վստահ ենք եղել, որ վերադառնալու ենք Արցախ։ Երկուսս էլ քաջ գիտակցում ենք Արցախի ներկայիս իրավիճակն ու կարգավիճակը, այսինքն՝ հասկանում էինք, թե ուր ենք գալու։ Այս օրերի շրջափակումը և դրան նախորդած ու նաև սպասվող որոշ իրադարձություններ մեզ համար անակնկալ չէին։ Մենք որոշելով գալ Արցախ նաև պատրաստ ենք եղել նման օրերի, և դա ավելի է հեշտացնում մեր դրությունը, պատկերացրել ենք, որ այս օրը կարող է գա ու դա իմանալով կայացրել ենք մեր որոշումը։ Ընդհակառակը, հիմա մտածում ենք, որ եթե ճանապարհը բացվի առաջիկա օրերին՝ արդյո՞ք Նոր տարուն կգնանք տուն, մեր ընտանիքի, մեր հարազատների մոտ, զուտ ելնելով նրանից, որ հանկարծ կարող է փակվել ու չենք կարողանա ետ գալ»։
Արցախի տոտալ շրջափակման 4-րդ և Ադրբեջանի իրականացրած «գազային տեռորի» 3-րդ օրը թե՛ արցախցի մեծահասակները, թե՛ փոքրիկները առավելագույնս զուսպ ու գիտակից են փորձում հաղթահարել պարտադրված ծանր շրջանը։