Նոյեմբերի 22, 2024

Տարվա լավագույն լուրը․ 2022թ․ ծնվել է 1612 երեխա

By Մարգարիտա Ղուշունց Դեկտեմբերի 31, 2022
Դավիթ, Տիգրան, Մոնթե, Նարեկ, Հայկ, Մանե, Մարիա, Եվա, Սառա․ այս անուններով են անցնող տարում ամենաշատն անվանակոչել Արցախում ծնված երեխաներին։   Նրանց շարքում է նաև Սաթէն, թեպետ իր անունն այնքան էլ տարածված չէ։   Մարիամն ու   Հովիկն այդպես էլ կոչել են  իրենց  առաջնեկին։ Սաթէ՝ նշանակում է պայքարող։   Մարիամին ու Հովիկին, դուք անշուշտ, գիտեք։ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում պսակադրված վերջին զույգն է։ Սաթէն ծնվել է շրջափակումից երկու օր առաջ։ Շրջափակումից երկու օր առաջ ինչպես մեզանից շատերը, Մարիամն էլ կարծում էր, որ ճանապարհն ուր որ է, կբացվի։  Իրենց հիվանդասենյակում 2 առաջնեկ էին ծնվել, երջանկությունն այնքան շատ էր, որ տագնապը տեղ չուներ՝ ասում է։ 
 
«Քանի որ երկուսիս առաջնեկն էր,մայրական այդ նոր զգացողություններն ավելի գերակշռող էին և ճանապարհի մասին այդքան էլ չէինք մտածում։ Հետո արդեն, երբ դուրս գրվեցինք, սկսեցինք ավելի շատ մտածել ու հասկանալ իրավիճակի ամբողջ լրջությունը։ Երբ լրահոսին չես հետևում մի տեսակ կարծես թմբիրի մեջ ես, բացի երեխայի խնամքի մասին ուրիշ ոչինչ չի լինում մտքիդ։ Բայց հենց սկսում ես հետևել լուրերին, մի տեսակ շոկի մեջ ես ընկնում և ավելի ես դժվարանում առօրյադ կառավարել։ Դժվարանում ես երեխային բավականաչափ ուշադրություն դարձնել,սկսում ես մտածել ավելի շատ ապագայի մասին»։ 
 
Ծննդատնից դուրս գրվելու  օրն Ադրբեջանը խափանել էր    Արցախի գազամատակարարումը։ Սա նոր խնդիրներ ստեղծեց ընտանիքի համար։ Պայքարեցին և   հաղթահարեցին  այդ և մի շարք  այլ դժվարություններ։  
 
«Փառք Աստծո, երեխային կերակրման հետ խնդիր չկա, որովհետև կրծքով եմ կերակրում։ Կուզեի, որ մայրերը, որոնք կաթնախառնուրդներ են տալիս երեխաներին, քանի որ դրա պակասն արդեն կա դեղատներում, խորհուրդ կտայի, որ վերականգնեին կրծքով կերակրումը, չնայած դժվար է, գիտեմ։ Ես ու Սաթէն հաղթահարեցինք այդ խնդիրը։ Այսօր Սաթէն բավարար սնունդ է ստանում, հումանիտար օգնության սպասելու կարիք չունի»։ 
 
Արցախում պայքարող են բոլորը՝ մեծ թե փոքր։ Երեք շաբաթական  Սաթէն,   ծնողներից է ժառանգել   դժվարությունները հաղթահարելու   ուժը, բայց   ուժի մի մեծ աղբյուր է դարձել ծնողների համար։ Մարիամը հիշում է  ծնողներ   պատմածները․ սրանից դժվար տարիներ էլ են եղել։ Հաղթահարելի է ամեն բան՝ միայն թե միասնական լինենք՝ ասում է։ Խոսքերը վստահ են ու զգույշ․   փոքրիկ  Սաթէն քանծ է։  
 
«Յուրաքանչյուրն իր ուժերի ներածին չափով փորձում է հասկանալ, թե ինչպես իրավիճակից դուրս գանք։ Մենք պետք է դիմանանք հենց այստեղ, նեցուկ լինենք իրեր, փորձենք կիսվել՝ սնունդով, զրույցներով։ 90-ականներին, ասում են, սրանից ավելի վատ է եղել, մարդիկ մի կտոր հացը 4-5 մասի են բաժանել։ Կարևոր է նաև, որ նորածիների մայրիկներն էլ իրար օգնեն ու անհրաժեշտության դեպքում նաև կաթով փոխանակվեն։ Մայրս պատմում էր, որ 90-ի պատերազմի ժամանակ ես էլ մի քանի անգամ ուրիշի կաթով եմ սնվել։ Ասում է՝ դա ավելի լավ տարբերակ էր, քան կաթնախառնուրդ օգտագործելը»։ 
 
Իսկ մենք կդիմանանք ու կհաղթահարենք։ Դրա մասին են վկայում թեկուզ միայն  շրջափակման օրերին Արցախում ծնված  59 երեխաները։ Նրանցից  31-ն աղջիկ է, 28-ը տղա՝ ասում է առողջապահության նախարարության ներկայացուցիչ   Ագապի Հայրունին։ Այս տարի ծնելության բարձր ցուցանիշ է գրանցվել։ 
 
«ԱՀ բուժհաստատություններում 2022 թվականին ծնվել է 1612 երեխա, որից 15 զույգ։ Երեխաներից  816-ը  տղա են, 796-ը՝ աղջիկ։ 17 երեխա ծնվել է արտամարմնային բեղմանվորման ճանապարհով, նրանցից 3-ը  զույգ են»։
 
 Անցնող տարում   աճել է նաև բազմազավակության ցուցանիշը։ Ըստ ազգային վիճակագրության ծառայության տվյալների՝ յուրաքանչյուր երրորդ ընտանիքը բազմազավակ է։ Շրջափակված Արցախում, որքան էլ խնդիրները շատ, բայց  կյանքը շարունակում է իր հունով ընթանալ․ ծննդատան հին պատերը շարունակում են  երեխաների ճիչեր  լսել, մայրիկները՝ պարտադրված նոր պայմաններում  սովորում  խնամել   մանուկներին։  
 
 
Artsakh Public Radio
Last modified on Շաբաթ, 31 Դեկտեմբերի 2022 11:13
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ