Շրջափակումն, իհարկե, ծանր փորձություն է։ Արցախի համար դժվար ժամանակաշրջան է, բայց մարդիկ՝ մեծ ու փոքր հաստատակամ են. դիմանալու են՝ ինչ էլ որ լինի: Որոշել են, պետք է դիմանալ ու հաղթել։ Ուրիշ ելք չկա։
«Ես Էդիտանում, 10 տարեկան: Ապրում Իվանյանում: Կռվին վախտը քեցած ում իլալ Երևան: Դեղ շատ փիսա իլալ: Կարոտելիսում իլալ տոնս: Էլ օզում չում քինամ դեղ: Հինչ էլ ինի՝ էլ քինան չում: -Ես էլ ում մնան ստեղ»:
Իվանյան համայնքի բնակիչ Գյոզալ տատիկն արդեն 30 տարի է, ապրում է Իվանյանում: Վստահ է՝ Արցախից լավ տեղ չկա: Գնացողներին էլ խորհուրդ է տալիս ճանապարհը բացելուն պես տուն վերադառնալ:
«30 տարուց շատ է ապրում եմ Իվանյանում: Այստեղից գնալու տեղ չկա: Սրանից լավ երկիր չկա: Ով Արցախը մի անգամ տեսնում է, էլ չի ուզում այստեղից գնա: Ես ինչո՞ւ պետք է գնամ: Գնացողներն էլ են սխալ անում: Ինչո՞ւ են գնում: Արցախը հայկական եղել է, հայկական էլ մնալու է: Հուսահատվելու ոչինչ չկա: Ինչքան ուզում են թող այնտեղ կանգնեն՝ մենք հո սովից չենք մնալու: Մեր այգում կստեղծենք ու այնտեղից էլ կուտենք: Նրանք կարծում են, որ այդ կերպ մեզ խեղճացնելու են, բայց մենք խեղճացողը չենք: Առաջին Շարժման ժամանակ նույնիսկ հաց չկար ուտելու, բայց մենք էլի դիմացանք: Մենք այստեղ ծնվել ենք, այստեղ էլ մեռնելու ենք: Խորհուրդ եմ տալիս բոլոր գնացողներին, որ հետ գան: Ղարաբաղցին ուրիշ հողում չի կարող ապրել: Ոչ մի տեղ էլ չենք գնալու, որ զինվորներն ամուր լինեն ու վստահ լինեն, որ թիկունքում մարդ կա»:
Իվանյանի համայնքապետ Բորիս Ղահրամանյանը վստահեցնում է, որ ստեղծված իրավիճակը խուճապի չի մատնում բնակիչներին: Պատերազմից հետո գյուղի բնականոն կյանքը շարունակվել է: Բնակիչները արտագաղթելու միտք չունեն, հակառակը՝ գյուղում կառուցվում է 24 շենք և 53 առանձնատուն: Նույնիսկ նախատեսվում են 2-րդ դպրոցը կառուցել:
«Լաչինի միջանցքը փակելուց հետո համայնքում խուճապ չկա: Կյանքը ընդանում է բնական հունով: Գազի մատակարարումը խաթարելուց հետո միայն դպրոցի պարապմունքներն են ժամանակավոր ընդհատվել: Գործել են և գործում են համայնքային բոլոր կառույցները: Գործել են բոլոր հասարակական սննդի օբեկտները, խանութները: Համայնքի բնակչությունը հազար հինգ հարյուրից ավել է: Ընթանում է շինարարական եռուն աշխատանք: Համայնքը վերածվել է շինհարթակի՝ բազմաբնակարանոց շենքեր, առանձնատներ: Այս օրերին էլ շինարարական աշխատանքները չեն դադարեցվել»։
Մենք ոչ առաջին անգամն ենք շրջափակման մեջ հայտվում, ոչ էլ, հավանաբար, վերջին։ Սա էլ կանցնի ու պատմություն կդառնա, որը մի օր, գուցե ժպիտով կհիշենք։