Նոյեմբերի 22, 2024

Արցախցիների ինքնապաշտպանությունը որակապես նոր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտություն կա

By Սրբուհի Վանյան Դեկտեմբերի 16, 2022
Գազամատակարարաման լուրն իհարկե, ուրախացնող է, բայց արցախցիները գիտեն՝ զգոնությունը կորցնել չի կարելի․ «ադրբեջանական նախաձեռնությունը» կարող է կրկնվել պարբերաբար, ցանկացած պահի՝ Արցախը հուսահատեցնելու, խուճապ առաջացնելու և սեփական քաղաքական օրակարգը սպասարկելու նկատառումներով։ Հակառակորդն այդ առումով կանխատեսելի է, այդ իսկ պատճառով  և  պետական, և , հատկապես, հանրային մարմինները տարբեր նախաձեռնություններով փորձում են աշխարհի ուշադրությունը սևեռել արցախցիների գոյաբանական խնդիրներին։ Արցախում ստեղծված Հանրային խորհուրդն էլ առաջարկություններ է ներկայացրել հանրապետության նախագահին՝ ստեղծված իրավիճակից ելքի իր տեսլականով։ «ժողովրդի ինքնապաշտպանությունը որակապես նոր մակարդակով կազմակերպելու հարցը հրամայական է»,-ասում է Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը։
 
«Մենք անվտանգության, քաղպաշտպանության ոլորտում էլ ենք առաջարկություններ ներկայացրել և՛ նախագահին, և՛ պետնախարարին, չենք բացում փակագծերը։ Դեռ պատասխան չենք ստացել։ Պատասխանատու անձանց արդեն հանձնարարություններ են տրվել, գործընթացը սկսված է։ Առաջիկայում կլինեն քննարկումներ, որոնց մենք էլ ենք մասնակցելու և հիմնավորելու ենք մեր առաջարկները»։ 
 
Ինքնապաշտպանական ստորաբաժանումներ ունենալու իրավունքը, այդ թվում և Արցախին, վերապահված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ, և Հանրային խորհուրդն ինքնպաշտպանության ուժերի ստեղծումը նախաձեռնելու մասին ՄԱԿ-ին դիմելու առաջարկ է ներկայացրել։ 
 
«Մեր հայտարարությունը նորություն չէ, աշխարհի բոլոր ժողովուրդները, ըստ ՄԱԿի կանոնադրության 51 րդ հոդվածի, ունեն ինքնապաշտպանության իրավունք»։ 
 
Արմեն Գևորգյանն ասում է, որ Արցախի ինքնապաշտպանության ուժերի մասին ԱՀ օրենքի նախագիծը քննարկումների և մշակման փուլում է, որը ԱՀ ԱԺ-ում ընդունվելուց հետո իրավական հիմք կդառնա ժողովրդի ինքնապաշտպանությունը որակապես նոր մակարդակով կազմակերպելու համար: Բազմաթիվ հրապարակային և չհանրայնացված հանդիպումներ ու գրագրություններ են եղել ոչ միայն օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարների, այլ նաև հանրային ակտիվություն ունեցող տարբեր գործիչների հետ: Կոնտակտներ են եղել նաև ռուսական կողմի հետ»,-ասում է Հանրային խորհրդի նախագահը՝ անդրադառնալով Հանրային խորհրդի հասցեին հնչող քննադատություններին, ասելով, որ ամեն գործ չէ, որ հրապարակայնացման կամ բարձրաձայնման կարիք ունի։ 
 
«Հանրային խորհրդի  հանձնաժողովները  կարճ ժամանակահատվածում գործունեություն են ծավալել, ուսումնասիրություններ են կատարել, ըստ հաստատված կարգի ներկայացվել են մեզ։ Կանոնադրության համաձայն, մենք որպես  առաջարկություն ներկայացնում ենք նախագահին։ Այս պահի դրությամբ մեր իրավասությունը դա է, որ հանրային մտահոգության հարցերը ներկայացնենք ու լուծումներ առաջարկենք»։ 
 
Հանրային խորհուրդը օրերս հրապարակել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Գեներալ մայոր Վոլկովին ուղղված նամակը, որը դեռևս դեկտեմբերի 6-ին է հղվել նրան։ Դիմելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարին, Հանրային խորհուրդը մտահոգություն է հայտնել Արցախում Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների, ռուսական խաղաղապահ զորակազմի պասիվության, կամ այդ սադրանքների արդյունքում ի վնաս հայերի ադրբեջանական կողմի պահանջների բավարարմանը գնալու քայլերի առնչությամբ։ «Ձեր հայտարարությունը ադրբեջանական կողմի հետ Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղում ադրբեջանական հենակետ տեղադրելու և հայկական տեղանունների փոխարեն ադրբեջանական տեղանունների՝ ռուսական կողմից շրջանառության մեջ դնելու պայմանավորվածություն ձեռք բերելու մասին   Արցախի բնակչության մոտ ոչ միայն վրդովմունք են առաջացրել, այլև տագնապ՝ իրենց ապագայի նկատմամբ»,-ասված է նամակում։ Ռուսական խաղաղապահների անհամաչափ և ոչ այնքան արդյունավետ պատասխան քայլերը   ստիպում են, որ Արցախի ժողովուրդը մտածի իր ինքնապաշտպանության կազմակերպման մասին։ Այո, մենք թուլացած ենք,  բայց վճռական՝ մեր կենսական շահերի, մշակույթի, պատմության պաշտպանության մեջ և անթույլատրելի ենք համարում զիջումները Արցախի ու Արցախի ժողովրդի շահերի հաշվին։ Հանրային խորհուրդը նաև հանդիպում է պահանջել Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ հանրությանը հուզող հարցերի քննարկման համար։
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ