62-ամյա տղամարդը սրտային պաթոլոգիայով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն: Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանի խոսքով՝ հիվանդը շտապ վիրահատության կարիք ունի։
«Հիվանդին դետեմբերի 12-ին պետք է տեղափոխեին Երևան՝ սրտի բաց վիրահատության։ Քանի որ ճանապարհը փակվեց նա դեղորքայքային բուժում էր ստանում և սպասում։ Բայց ճանապարհը առայսօր չի բացվել իսկ վիրահատության անհրաժեշտությունը մեծացել է։ Այսօր որոշվեց, և նրան ուղարկեցինք «Նորք Մարաշ» բժշկական կենտրոն՝ վիրահատության»։
Մենք գործել ենք որպես չեզոք միջնորդ՝ ասում է ԿԽՄԿ արցախյան գրասենյակի հաղորդակցության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը: Նրա խոսքով՝ կոմիտեն պատրաստ է այսուհետ էլ շարունակել աջակցությունը:
«Մենք պատրաստակամություն ենք հայտնում շարունակելու նման աջակցությունը։ Ավելացնեմ, որ կոմիտեն չի որոշում, թե որ հիվանդը պետք է տեղփոխվի։ Որոշումը կայացնում են բժիշկները»։
Հանրապետական բժշկական կենտրոնում տեղափոխման կարիք ունեցող այլ հիվանդներ չկան։ Փոխարենը, «Արևիկ» մանկական բուժմիավորումում պայքարում են 4 ամսեկան տղայի կյանքի համար։ Բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանն է մանրամասնում։
«Երեխան ունի «Վիսցերալ լեշմանիոզ» ախտորոշումը։ 4 ամսական է։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ներկայումս մեր երևանյան գործընկերների հետ փորձում ենք նրա բուժումը կազմակերպել մաքսիմալ լիարժեք»։
Երեխայի ծնողները չկարողացան խոսել։ Շատ ծանր ժամանակաշրջան է իրենց համար։ Այս ախտորոշմամբ երեխաները մշտապես բուժում են ստացել Երևանում, քանի որ նրանց անհրաժեշտ է յուրահատուկ ուշադրություն՝ Արցախի հանրային ռադիոյին ասաց Կարեն Մելքումյանը։ Բայց այսօր ստիպված կապը պահում են միայն առցանց տարբերակով։
«Բուժումը կազմակերպում ենք այստեղ։ Դեղորայքը մենք ունենք։ Բայց իրենց բուժումը, այսպես ասած, հիվանդության բնութագրից կախված, շատ սպեցիֆիկ է։ Քանի որ այժմ չունենք հնարավորություն տեղափոխելու, ստիպված բուժումը կազմակերպում ենք Ստեփանակերտում»։
«Արևիկ» բուժմիավորումում ևս 10 երեխա վերակենդանացման բաժանմունքում է։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս այս պահին չկա, բայց մատակարարումը շարունակում է մնալ անհնարին: Ճանապարհի փակումից հետո բժշկական հաստատություններում դադարեցվել են պլանային վիրահատությունները։ Դրանք իրականացվում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում։