Սյունքի մարզպետի հանձնարարությամբ ստեղծված օպերատիվ շտաբի թեժ գծին 400-ից ավել զանգ է ստացվել: Քաղաքացիները հիմնականում դիմել են կեցության խնդիրներով: Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի խոսքով՝ մարզում ժամանակավորապես ապաստանել է շուրջ 280 արցախցի:
«Նրանք հիմնականում ապաստանել են հյուրանոցներում: Մենք հոգում ենք քաղաքացիների կեցության և սննդի ծախսերը: Նաև եղել են առողջական խնդիրներով դիմողներ: Նրանց ուղղորդել ենք համապատասխան զննության ու տրամադրել դեղորայք: Ես կարծում եմ, որ Արցախի քաղաքացիների թիվը ավելին է քան մեզ դիմած քաղաքացիները: Հետևաբար, իմ նշած թիվը ամբողջական չի արտացոլում Սյունիզի մարզում գտնվող արցախցիների քանակը, որովհետև մարդիկ կան, ովքեր ծանոթի կամ բարեկամի տանն են ժամանակավոր ապաստանել»:
Մոտ 270 երեխա է մնացել ճանապարհին: Ստեղծված իրավիճակում հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությունը Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում է: Պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի պատասխանատու Անուշ Դանիելյանի խոսքով՝ աշխատակազմն ակտիվ համագործակցում է հանրապետության բոլոր գերատեսչությունների և ՀՀ ՄԻՊ գրասենյակի հետ:
«Ապահովված է երեխաների կացարանի և սննդով ապահովելու հարցը, սակայն նրանց կրթության և ընտանիքի հետ լինելու իրավունքները շարունակում են մնալ խախտված»:
Ճանապարհին մնացած երեխաների մի մասն ուսուցիչների հետ գնացել էր Երևան` մասնակցելու «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին: Հետդարձի ճանապարհին են իմացել, որ այն փակ է: Ժամանակավորապես ապաստանել են Գորիսի հյուրատներից մեկում: ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումնյանն էր ուղեկցում երեխաներին: Ասում է՝ Գորիսում լավ են ընդունել իրենց ու արդեն մեծ ընտանիք են դարձել:
«Երեխաների առօրյան հագեցած է: Բակունցի տուն-թանգարան ենք այցելել: Ամերիկյան համալսարանի ուսանողներն են նրանց համար հետաքրքիր խաղեր կազմակերպել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն են այցելել ու հետաքրքիր դասեր կազմակերպել: Նաև էքսկուրսիա ենք կազմակերպել Գորիս քաղաքի տեսարժան վայրերով»:
Երեխաների տրմադրությունը մարտական է՝ ասում է Աիդա Գյանջումյանը: Գիտեն, որ սա ժամանակավոր փորձություն է: Ամեն օրը մեկնարկում է հույսով, որ այսօր վերջապես տուն կվերադառնան: Սյունիքի մարզպետարանը ակտիվ կապ է պահում Արցախում ստեղծված օպերատիվ շտաբի և կառավարության համապատասխան գործընկերների հետ: Նաև որոշ տեղական ու միջազգային կազմակերպություններ են առաջարկել իրենց օգնությունը:
«Մինչ այս պահը որևէ միջազգային կամ տեղական կազմակերպության աջակցության կարիք չի եղել: Բայց իրենք պատրաստակամություն են հայտնել և պայմանավորվել ենք, որ եթե օգնության կարիք լինի՝ մենք կդիմենք»:
Մենք պետք է լինենք Արցախի կողքին: Էդգար Մարտիրոսյանի խոսքով՝ այս սկզբունքով են առաջնորդվում: Մինչ այս պահը Սյունիքում հաստատված արցախցիների կեցության և այլ խնդիրները հոգացել են մարզպետարանի միջոցներով: Այդպես կշարունակվի մինչև ճանապարհի բացումը: