Հակոբյանների ընտանիքի մաքուր, բայց կնոջ ձեռքով չդասավորված տունը, խոհանոցում դրված սառը կերակուրը, երեխաների լացակումած աչքերն ու տխուր դեմքերը մոր անունը լսելիս հուշում են. ընտանիքի մայրը մնացել է ճանապարհից այն կողմ: Ուղտասարից տեղահանված այս ընտանիքը պատերազմից հետո ապրում է Ասկերան քաղաքում: Ընտանիքը հույս ուներ, որ գյուղը թշնամուն թողնելն իրենց վերջին դժվարությունը կլինի. սխալվեցին: 7-ամյա Նարինեն ու 9-ամյա Աշոտը արդեն քանի օր է՝ հեռու են իրենց մայրիկից: Նրանց խնամում է հայրը`Միքայելը, թեկուզ ինքն էլ խնամքի կարիք ունի. ոտքն է վնասել 10 օր առաջ իրենց տան բակում աշխատելիս:
«Ոտքս վիրահատել եմ 10 օր առաջ, աշխատանքի չեմ կարողանում գնալ: Աշխատանքը կա, բայց և′ վիրահատված ոտքիս պատճառով, և′ երեխաներին խնամելու պատճառով, աշխատանքի չեմ գնում: Կինս առողջական խնդիրների պատճառով էր գնացել Հայաստանի Հանրապետություն: Ճանապարհը փակվելուց հետո մնացել է այնտեղ»:
Միքայելը խոստովանում է` տան հոգսերը, փոքրիկներին մաքուր ու կոկիկ հագուստով դպրոց ճանապարհելն ու երեխաներին իրենց սովոր տաք ու համեղ սնունդով ապահովելն այդքան էլ հեշտ գործ չէ: Աղջկա ամենօրյա հարցադրումներին՝
« Շատ եմ կարոտել մամային: Ուզում եմ, որ գա տուն: Ասում եմ, մամա երբ էս գալու տուն, ասում ա ՝ 2 օրից»:
Հայրը համբերատար պատասխանում է:
«Հոգսերն ամբողջությամբ ինձ վրա են: Ինչ կարողանում եմ, այն էլ պատրաստում եմ: Միևնույն է, ինչ էլ անեմ իրենց մայրիկին չեմ կարող փոխարինել: Ամեն օր հարցնում են՝ մամ, ե՞րբ ես գալու, մամ, ինչո՞ւ չես գալիս: Դժվար է, շատ դժվար: Այսպես որ շարունակվի, ի՞նչ կլինի»:
Ընտանիքի հայրը չի բողոքում ո′չ երեխաներին խնամելուց, ո′չ առանց աշխատավարձի ու համարյա առանց սննդի ապրելուց, ո′չ էլ վիրահատած ոտքով տան գործերն անելուց: Ասես, բավական է այն փաստը, որ գոնե ինքը երեխաների կողքին է: Իսկ ահա մայրը` Վիկտորյան ընտանիքին այս դժվար իրավիճակում մենակ թողնելու իրողությանը չի համակերպվում: Վստահ է՝ ամեն ինչ էլ կհասցնեն, բայց ընտանիքին մայր ու կին է պետք:
«Ամեն ինչ անում են , բայց ինչպե՞ս կարող է իրենց արածը հասնել իմին: Հաճախ ասում են՝ մամ, գիտե՞ս՝ պապան այսինչ կամ այնինչ ուտելիքն է փորձել պատրաստել, բայց լավ չի ստացվել: Աղջիկս ասում է, որ ինքն էլ է լվացքի մեքենան միացնում ու տները հավաքում»:
Մայրն ասում է, որ այդ ամենին մի կերպ կհամակերպվի, բայց աչքերն արցունքով լցված ու կարոտով սպասող երեխաներին տեսնելիս՝ ինքն էլ հաճախ չի կարողանում կառավարել հույզերը:
«Ես իրենցից կյանքում այսքան հեռու չեմ եղել: Իրենք առանց ինձ չեն կարողանում ,ես էլ՝ առաց իրենց: Երբ զանգում եմ առաջին հարցնում են, թե ե՞րբ ես գնալու: Ես էլ կեսից չեմ կարողանում խոսել ու անջատում եմ: Իրենք էլ են հուզվում խոսելիս»:
Վիկտորյայի մտահոգությունների շարքը վերջին 2 օրերին համալրվեց ևս մեկով. ընտանիքը փաստացի անաշխատունակ է: Ունեցած գումարով էլ մի քանի բան են գնել: Խնդիրների շարքը համալրում է փայտի պաշարների պակասը. Միքայելը տան բակի ծառերը կտրելիս է վնասել ոտքը: Իսկ փոքրիկ Նարինեն արդեն 2 օր է մայրիկի հետ պայման է կապել` տուն գալուց իր համար տետր է բերելու.
«Մայրիկից խնդրել եմ տետր, որովհետև մաքուր էջերը վերջացել են»:
Վիկտորյան չի հուսահատվում: Ասում է՝ ամեն օրվա մեջ մի լավ բան է փնտում: Ինչպես օրինակ աղջկա ամանորյա հանդեսի հետաձգվելը: Չէ՞ որ խոստացել էր անպայման ներկա գտնվել: Արդեն մտածում էր, թե ի՞նչ է պատասխանելու աղջկան, երբ տեղյակ պահեցին, որ այն հետաձգվել է մինչև դեկտեմբերի 27-ը: Հույս ունի` գոնե այդ օրը կկարողանա հասնել ընտանիքին: Աշոտն ու Նարինեն էլ դեռ չեն կորցրել իրենց հավատը հրաշքների հանդեպ: Նարինեն տիկնիկ ու մատնահարդարման համար նախատեսված խաղալիքների հավաքածու է ուզում, իսկ Աշոտը ժամանակից շուտ է մեծացել: 9-ամյա երեխան Ձմեռ պապիկից ու աշխարհից ուզում է խաղաղություն, ուզում է իր մայրիկին: