Նոյեմբերի 21, 2024

Ակտիվիստները կրկին շարժվել են դեպի Շուշի

By Ասպրամ Ավանեսյան Դեկտեմբերի 24, 2022
Կյանքի ճանապարհը շարունակում է փակ մնալ՝ չնայած միջազգային բազմաթիվ կոչերին։ Իրավիճակը մտահոգիչ է, հատկապես Արցախում ապրողներիս համար։ Օրեցօր առավել սուր է դառնում սննդի, դեղորայքի, վառելիքի խնդիրը։ Այս  համապատկերում քաղաքական ու հասարակական խմորումներ են տեղի ունենում։ Հասարակական ակտիվի ներկայացուցիչները փորձում են իրենց ուժերի ներածին չափով օգտակար լինել։ Այս նպատակով երեկ շարժվեցին դեպի Շուշի՝ ռուս խաղաղապահների առջև հստակ նպատակներ դնելով։ Ակտիվիստ Տիգրան Պետրոսյանն է մանրամասնում։ 
 
«Երեկ մենք գնացել ենք փաստաթղթով ռուս խաղաղապահների ապացուցելու, որ եռակողմ հայտարարության դրույթները խախտում են ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև իրենք։ Մենք առանց պատերազմի հանձնել ենք բավականին մեծ տարածքներ, մենք մեր դժգոհությունն ենք հայտնել, խնդրել ու պահանջել ենք, որ խաղաղապահները միջոցներ ձեռնարկեն ճանապարհով անվտանգ երթևելու համար»։ 
 
Ադրբեջանը երբեք կիսատ չի թողնում իր սկսած գործը. Արցախը  ծանոթ է թշնամու ձեռագրին։ Թշնամին անընդհատ պահանջներ է ներկայացնում և ցանկացած գնով փորձում հասնել դրանց։ Մենք զիջելու որևէ բան չունենք՝ ասում է Տիգրան Պետրոսյանը: 
 
«Մենք բավականին լուրջ զիջումների ենք գնացել և զիջելու ոչ մի բան չկա։ Դանակը հասել է ոսկորին, գնում ենք ռուսներին այդքանը ասենք»։ 
 
Այսօր ավելի շատ մարդիկ են հավաքվել հրապարակում։ Մեծ ու փոքր, ծեր ու ջահել, կին թե տղամարդ․ հանրության ցանկությունն ու գործելու վերջնանպատակը մեկն է․ նրանք իրենց բաժին խաղաղությունն են ուզում, որն արդեն 2 տարի է՝ խլված է։ Ուզում են, որ իրենց ձայնն էլ լսելի լինի հեռավոր Մոսկվայում, Վաշինգտոնում, Փարիզում ու Բրյուսելում։
 
 «Մենք ուզում ենք, որ մեր երեխաները խաղաղ երկնքի տակ ապրեն, ինչն արդեն անհնար է թվում։ Մենք ուզում ենք տարբեր պետություններից տեսնեն, որ մենք կանք, մենք այստեղ ենք, որ մենք էլ ենք մարդիկ։ Առջևում Նոր տարին է, ես ուզում եմ որ մեր երեխաներն էլ ուրախանան։ Փոքր երեխաս ասում է՝ մամա՛, տոնածառ չենք դնելու, դա մեզ չի սազում։ Ես ուզում եմ՝ իր երեխաները ուրախանան»։ 
 
Իսկ մանուկները հպարտորեն Արցախի  դրոշներն են ծածանում, ջանասիրաբար պահում  համապատասխան գրություններով պաստառները, արտասանում։ Այնքան ուրախ են․ թվում է՝ իրենց կյանքի ամենամեծ գործն են անում։  Հարյուրավոր արցախցիներ բռնել են դեպի Շուշի տանող ճանապարհը։ Ոչ թե Սուրբ Ղազանչեցոցում պատարագի մասնակցելու  համ Հունոտի կիրճում հանգստանալու համար, այլ Արցախի կոկորդը սեղմած թշնամուց պահանջելու բացել կյանքի ճանապարհը։
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ