Ապրել դժվարության հետ մեկտեղ, բայց չհուսահատվել ու չկոտրվել. Արցախցու տեսակն է: Մեր հերոսը շրջափակում արդեն տեսել է: 4 տարի ապրել է այդ պայմաններում ու հաղթահարել: Սիլվա Խաչատրյանը վստահեցնում է՝ արցախցին ամեն ինչի էլ ընդունակ է, և ամեն անհավանական թվացող խնդիր իր այլընտրանքային լուծումն ունի: Սննդի ու դեղորայքի խնդիրն էլ է լուծվողների շարքում.
«Հիմա անհամեմատ ավելի լավ վիճակում ենք: Այն ժամանակ շաքար ընդհանրապես չկար: Հաց ու հոսանք էլ չենք ունեցել: Փայտե վառարաններին լավաշի նման մի բան էինք թխում: Դրան յոխա էինք ասում: Մակարոնեղենն էլ էինք ինքներս պատրաստում: Լավաշի նման խմորը բացում էինք, լապշայի ձևով կտրատում, չորացնում, ձվով պատրաստում և ուտում: Այդպես և՛ ավելի համեղ էր, և´ ավելի օգտակար»:
Դեղորայքի խնդրին տիկին Սիլվան ընդհանրապես չի բախվում. ժողովրդական բժշկության կողմնակից է: Ասում է՝ վիրուսներին հաղթահարում է ցիտրուսային մրգերի շնորհիվ: Բայց դրանց բացակայությունն էլ խնդիր չէ: Տարբերակներ մեր հերոսը շատ ունի:
«Առայժմ դեռ որևէ խնդիր չունեմ: Դեղորայք ես շատ քիչ եմ օգտագործում: Դրա փոխարեն ես համապատասխան սնունդ եմ պահեստավորել՝ ընկույզ, մեղր, սոխ, սխտոր և այլն: Ընկույզը՝ որպես մթերք, կարող է փոխարինել մսին: Ջերմությունը իջեցնող ամենալավ միջոցը նարինջն է: Ցավոք, մեր երկրում ցիտրուսները հիմա համարյա բացակայում են, բայց միայն ցիտրուսները չէ, որ հեռու են պահում վիրուսներից: Այդ պակասը մենք կարող ենք լրացնել խնձորի քացախով: Մի գդալ մեղրը, մի գդալ խնձորի քացախն ու մի բաժակ գոլ ջուրը վիրուսից պաշտպանվելու ամենալավ միջոցներից են: Տաքության դեմ կարող ենք քացախից թրջոցներ օգտագործել»:
Սիլվան ասում է, որ համեղ ճաշ պատրաստելու համար բոլոր մթերքների առկայությունը պարտադիր չէ: Օրինակ՝ մեր ավանդական տոլման փաթաթելու համար կաղամբ ունենալը պարտադիր չէ: Օգնության են գալիս խաղողի տերևները, որ փաթաթել է ամռանը: Նա ո´չ պահածոներին է կողմ, ո՛չ էլ թիթեղյա տարաներում պահվող սննդին: Ասում է՝ թիթեղը ժամանակի ընթացքում թունավորում է սնունդը: Այժմ իր պահուստներով ոչ միայն ինքն է բավարարվում, այլև հյուրասիրում բարեկամներին: Տիկին Սիլվան վստահ է՝ Արցախն ունի բավական հարուստ բնական պաշարներ. ուղղակի պետք է դրանք ճիշտ օգտագործել:
«Մեր Արցախը լիքն է ամեն տեսակի էկոլոգիապես մաքուր ուտելիքով ՝ չրերը, ընդեղենը, կանաչեղենը, մսեղենը և այլն: Մսից էլ կարելի է հիանալի ղաուրմա պատրաստել: Հիմա, երբ կերի պատճառով մարդիկ մորթում են անասուններին, կարելի է ղաուրմա պատրաստել՝ ճարպի մեջ միսը մշակելով, ու պահել ձմռան համար»:
Արդեն մի անգամ շրջափակման մեջ հայտնված կինը չի էլ համեմատում այսօրվա շրջափակումը նախորդի հետ: Ասում է՝ այս պարագայում ամենակարևորը մարդկանց ուժեղ լինելն ու չհուսահատվելն է:
«90-ականներին մենք ոչ թե շրջափակված էինք թուրքերով, այլ նրանք մեր մեջ էին: Այն ժամանակ ահավոր դժվար էր պայքարը: Հիմա ունենք պետություն,զինանշան, դրոշ ու հաստատակամություն պահելու այդ պետականությունը: Մարդկանց խորհուրդ եմ տալիս երբեք չհուսահատվել, չվախենալ ոչ մի բանից՝ առանձնապես պարենի պակասությունից: Հակառակը՝ պետք է լինել հանգիստ ու հավասարակշռված, որովհետև մարդն ամեն ինչ ընդունակ է ստեղծելու: Ու միշտ պետք է հիշել, որ հուսահատությունը սատանայի զենքն է»:
Սիլվան ուժեղ մարդկանց սերունդից է. այդ սերունդն իրենից ուժեղներ է դաստիարակել: Մեծ ու փոքր, կին թե երեխա. արցախցին միշտ այլընտրանքներ է կիրառելու. կարևորը՝ իրեն բաժին ընկած դժվարությունները հաղթահարելն է: