Երկու տարի է կիսված ու երեք կողմից շրջափակված, բայց մշտապես տոկուն ու կենսուրախ՝ Թաղավարդն ու թաղավարդցին, ի հեճուկս բարձունքներից իրենց նայող թշնամուն, չեն դադարում ապրել, դիմադրել և արարել սեփական հողում ու օրինակ ծառայել այլոց։Իրենց «կեսը» կորցրած, կորսված ու փրկված հայրենիքի միջև մնացած, թաղավարդցիներն ասում են՝ իրենց հայրենիքից ավելի լավ տեղ աշխարհում չգիտեն, դրա համար էլ այսքան համառ են այն պահելու համար։ Հիշում են՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ամենաթեժ բախումների կիզակետում հայտնված գյուղի կեսը կարողացել են պահել տեղի բնակչության ու Հայաստանից եկած կամավորների միասնական ու ճիշտ համակարգված գործողությունների շնորհիվ։Երևանից Արցախ տեղափոխված 26-ամյա Մերին երրորդ անգամ է Թաղավարդում։ Ասում է՝ հենց այստեղ է լիցքավորվում դրական տրամադրվածությամբ ու ոգով, իսկ մնացյալ խնդիրները նման դեպքում արդեն շատ փոքր են երևում։
«Շատ հետաքրքիր պատկեր ունի Թաղավարդը, քանի որ ինքը երեք կողմից շրջափակված է, նաև այս բլոկադան, մտածում ես, որ Թաղավարդը պետք է որ ճնշման տակ լինի, բայց զարմանալիորեն չզգացվեց ոչ մի խուճապ, մարդիկ ավելի հանգիստ էին, չէին էլ խոսում այդ մասին։ Կյանքը շարունակվում է նորմալ։ Կարողանում են դեռ իրենց ապահովել ինչով որ պետք է, նաև օգնում են քաղաքի իրենց բարեկամներին, ծանոթներին, ուտելիք են ուղարկում։ Դե, միշտ էլ էդպես է, այսինքն՝ գյուղը միշտ պահում է քաղաքը։ Դա շատ կարևոր է արձանագրել, որ բոլոր մեր պատերազմների ժամանակ գյուղերը միշտ Ստեփանակերտին պահել են»։
Բազմաթիվ երկրներով ճամփորդած Մերին նշում է՝ Թաղավարդում քեզ շրջափակված չես զգում։ Այստեղ մոռանում ես տոտալ բլոկադայի մասին, սակայն ոչ միայն սննդի բավարար պաշարներն են մոռանալ տալիս դժվարին իրավիճակը, այլև հենց թաղավարդցիների ամուր կամքն ու ոգին, որը վարակիչ է։
«Ընդհանուր թաղավարդցիների ոգին կարելի է ասել միշտ բարձր է, տրամադրությունը՝ տեղում, չնայած որ դժվար դիրք ունի գյուղը, ամենաթեժ տեղերից է այսօրվա դրությամբ։ Մտածում ես՝ ինչպիսին պիտի լինի Թաղավարդի վիճակը, մտածում ես՝ պետք է լինի լարված, պետք է լինի շատ խուճապային վիճակի մեջ, բայց իրենք ընդհակառակը, իրենք մեզ էին հաղորդում այդ լավատեսությունը, ոգին։ Զգացողություն էր, որ չկա ոչ մի բլոկադա։ Կյանքը շարունակվում է։ Որոշում ունեն մնալ , Թաղավարդում ապրել, այսինքն՝ ոչ մի խոսակցություններ՝ դուրս գալ, թե դուրս չգալ։ Այսօր հենց մենք ականատես եղանք, որ մի մարդ մահացել էր, բայց իրեն տանում էին հուղարկավորելու Կարմիր Շուկայի գերեզմանոցում։ Եվ դա, իհարկե, պետք է որ ճնշի մարդկանց, բայց թաղավարդցիներին ոգեշնչում է, որ մնան, պնդացնեն իրենց ոտքը իրենց հողում։ Նոր ծնունդներ կան գյուղում, կյանքը շարունակվում է»։
Թաղավարդի 19-ամյա Լուսինեն մեկ ամիս առաջ է մայրացել, փոքրիկ հսկան առողջ և արագ է մեծանում, տանեցիները՝ գիշեր-ցերեկ աշխատում փոքրիկների ապագայի համար։Տան ավագը՝ տիկին Էլլան հիշեցնում է՝ իրենց տանը վախի զգացողությանը ծանոթ չեն։
«Լուսինեի ախպերը երկու խոխա օնե, ընտանիք օնե լի, տուն չի իլյալ։ Քեցալ ա ուրան դեդոյի տոնը, ամենաառաջին տոնն ա վերևից։ Քեցալ ա ընդեղ էդ տոնը ռեմոնտ ըրալ, էն ա մաջին կընալիս։ Հըրցնում, ասում եմ ՝ Լարիսա, լյա՞վ ա։ Ասում է՝ հաա, Էլլա տոտա, էնքան լյա՛վ։ Համ էլ գիդում ըս ինչ, մատաղ ինիմ, մհենգ ասում եմ՝ եթե խիղճն ու նամուսը օնիս՝ վեշ մի պենան տու վախել չպիտիս։ Վախե մէլ։ Մունք էդ սկզբունքավ ընք ապրում։ Վեչ վախի զգացում օնինք, վեշ մի պեն»։
Տիկին Էլլան չի հասկանում՝ Ամանորին ինչպե՞ս պիտի հատուկ պատրաստվեն։ Ասում է՝ ճոխություններ չի սիրում, 11 հոգանոց մեծ ու համերաշխ ընտանիքում կարևորը միասին լինելն է։
«Քինում ընք չոփ հվաքում, վեր մրսում ըն՝ ասում եմ՝ վազ-վազ ըրեք, տքացեք։ Տի պտրաստվում չընք, ամենօրյա։ Ամեն օր մզնա հետի Նոր տարի ա, հունց պատրաստվի՞նք։ Եկիք ստըղ, եկիք Նոր տարի մզնըհետ անցկացրեք»։
Մի քանի տուն այն կողմ Թաղավարդի ուրախությունն ու հպարտությունը՝ 70-ամյա տիկին Երմոնյան շարունակում է անսպառ եռանդով ու լավատեսությամբ աշխատել իր կարի արտադրամասում, որն ամառն են վերանորոգել։ Ինչպես միշտ՝ զինվորների համար գործն անում է անվճար, այժմ էլ՝ իր տան ունեցածը կիսում քաղաքից եկած հյուրերի հետ։
«Շաքարը կպրծնե՝ վերենյավ կխմինք, վարենին կպրծնե՝ մեղրավ կխմինք, ամալ ա կյամ, լոխ ամալ ա կյամ։ Թաքի խաղաղություն ինի, որ բիդի լավը ինի»։
Այսպես էլ շարունակում են թաղավարդցիները կառուցել իրենց առօրյան՝ անկոտրում կամքով ու վաղվա օրվա հանդեպ անմար հույսով՝ իրենց դրական էներգիան ու անհնարինության մեջ հնարավորություն ստեղծելու հարուստ փորձը կիսելով շրջապատի, ամբողջ Արցախի և աշխարհի հետ։Արցախի տոտալ շրջափակման 20-րդ օրն է, աշխարհի ուշադրությունից ու անկողմնակալ վերաբերմունքից բացի այլ պակասություն Արցախում չունեն։