Պատերազմից հետո հայտնվելով Արցախի սահմաններից դուրս, բազմաթիվ տեղահանված ընտանիքներ չհարմարվեցին և հետ` հայրենիք վերադառնալու որոշում կայացրին։ Չնայած իրենց տներն ավերվել կամ մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ, այսպես ավելի մոտիկ էին զգում իրենց տներին։ Միջավայրն էլ ավելի հարազատ էր։ Բայց նրանց համար, պարզվեց, փորձությունները չէին ավարտվել։ Սրբուհի Վանյանն է այցելել նման մի ընտանիքի։
Ստեփանակերտի կենտրոնական մասերից մեկում, որտեղով ամեն օր հազարավոր մարդիկ են անցնում, բնակելի շենքի` ոչ բնակության համար նախատեսված հարկում, մարդիկ են ապրում։ Կողքին` հնավաճառի կրպակն է, որտեղ` անցնելիս մարդիկ իրենց կողմից արդեն չօգտագործվող հագուստ ու կոշիկ են թողնում։ Գիտեինք՝ այնտեղ տեղահանվածներ են ապրում։ Ինչպես են ապրում՝ իրենց է հայտնի ու մարդկանց այն նեղ շրջանակին, ովքեր հետաքրքված են սոցիալապես անապահով ընտանիքներով, գուցե իրենց գործի կամ բնավորության բնույթից ելնելով։
Մի քանի ընտանիք է վարձակալությամբ տեղավորվել այդ տարածքում։ Նրանց մեջ է նաև երեք անչափահաս երեխա ունեցող Արմինե Համզոյանի ընտանիքը։ Առաջին անգամ երբ այցելեցինք, նրանք տանը չէին․ հարևանուհին ասաց, որ գնացել են Ստեփանակերում «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժման կողմից վերջերս բացված սոցիալական ճաշարանում ճաշելու։
Այս անգամ Արմինե Համզոյանն ու իր երկու երեխաները տանն էին։ Ընտանիքով տեղավորվել են մեկ սենյակում։ Մեզ դիմավորեց երեքամյա թոթովախոս Դավիթը, դեպի մեզ պարզելով պլաստիկե պիցցայի կտորն ու խաղողը, որով այդ պահին խաղում էր։ Ցույց տվեց, բայց չտվեց «ուտենք»։ Ասաց, որ մի կտոր է մնացել, դա էլ իրենն է։
«Պիցցա ա, մեկը կա, մյուսը չկա»:
11-ամյա Անժելիկան մի անկյունում հեռախոսն էր «փորփորում»․ ամաչում է խոսել, չի սիրում անծանոթ մարդկանց պատմել ո՛չ իր զգացողությունների, ո՛չ` երազանքների մասին։ Անժելիկան սովորում է Ստեփանակերտի համար 8 հիմնական դպրոցում, լավ է սովորում, միայն` «8» և «9» գնահատականներով․ Անժելիկային ուղղված հարցերին պատասխանում է մայրը՝ Արմինեն։
Թե ինչպես են հայտնվել Ստեփանակերտում, երիտասարդ մայրը պատասխանում է՝ շատերի նման։
«Թաղավարդից ենք, պատերազմի ժամանակ տեղափոխվեցինք Երևան, ապա այստեղ։ Արդեն երեք տարի ապրում ենք այս շենքում»:
Փոքրիկ Դավիթը 2020 թվականին է ծնվել, մի քանի ամսական էր, որ պատերազմի բերումով ժամանակավոր ապաստան գտան Երևանում, ապա` վերադարձան Արցախ։ Արմինեն ասում է, որ ցանկանում էր գնալ Թաղավարդի իրենց տունը, բայց, չնայած հայկական վերահսկողության տակ գտնվող մասում է, այն ավերված է, ապրելու պայմաններից զուրկ։
Հիմա դժվարությամբ է ծայրը ծայրին հասցնում։ Աշխատում է միայն ամուսինը, ինքը` երեխաների խնամքով է զբաղված։ Շրջափակման պայմաններում` հոգսերն ավելի են շատացել։ Ի՞նչ են ուտում, ինչպե՞ս սնունդ գտնում․ ասում է, որ օրվա մեջ մեկ անգամ սնունդ ստանում են սոցիալական ճաշարանում, իսկ երեկոյան ինքն է ստիպված ընթրիքը հոգում։
«Կարտոֆիլ, պոմիդոր, նման բաներ ենք ուտում։ Այսօր պյուրե կերանք։ Քաղցր չկա։ Երեխան քաղցրավենիք է ուզում, չենք կարողանում տալ»:
Արմինեն դեռ չի պատրաստվում աշխատել. Դավթին եմ խնամում, իմ համար դեռ դժվար է, ասում է, չնայած որ երեխային մանկապարտեզ տանելու առաջարկ ստացել եմ։
Օգտվում է տարբեր սոցիալական ծրագրերից, իսկ ընտանիքի եկամուտը գոյանում է ամուսնու աշխատավարձից ու երեխաների նպաստներից։ Դա, իհարկե չի հերիքում, բայց Արցախում վիճակը հիմա այնպիսին է, որ չտեղահանվածներն էլ տեղահանվածների նման են ապրում, ասում է նա, մեր հարցին ի պատասխան։ Այնպես որ՝ դեռ գոյատևում ենք, մինչ լավագույն ժամանակներ։ Բոլորի հետ, բոլորի նման։