2020 թվականի հոկտեմբերի 27-ի երեկոյան, կատաղի դիմադրությունից հետո, թշնամին բռնակալեց Թաղավարդի Վերին թաղը։ Պատերազմից հետո, երբ խաղաղ բնակիչները գյուղ վերադարձան, Վերին թաղեցիների մի մասը բնակություն հաստատեց գյուղի Ներքին թաղում։ Այդ ընտանիքներից մեկն է Ելիզավետա և Սերգեյ Գասպարյանների ընտանիքը։ Հադրութի անկումից հետո Սերգեյն իր կնոջը տեղափոխել է անվտանգ վայր, ինքը, չնայած կաթվածի թողած հետևանքներին, վերադարձել է գյուղ և մասնակցել գյուղի ինքնապաշտպանությանը․
«Ս․Գ․Կինս դուրս է եկել գյուղից, գնացել Հայաստան։ Ես եմ դուրս բերել գյուղից, ինքս վերադարձել եմ, մինչև պատերազմի ավարտը մնացել եմ։
Ե․Գ․ Երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, հոկտեմբերի 12-ին մեզ ասացին երկու օրով դուրս եկեք։Այդպիսով գյուղից հեռացանք, մինչև այսօր մենք ուրիշի տանն ենք ապրում։ Մոտ 7 ամիս մնացինք Երևանում, հետո ամուսինս ասաց, որ չի կարողանում այնտեղ ապրել, առաջարկեց, որ վերադառնանք գյուղ»։
Լքված տունը վերականգնել են, այգին խնամել, բերել կենդանիներ։ Ամուսինները, չնայած տարիքին, աշխատասեր են, հաճույք են ստանում աշխատելուց ու նորը ստեղծելուց․
«Ե․Գ․ — Եկանք, մեզ տուն տվեցին։ Այստեղ ապրում ենք երկու տարի։ Հողը մշակեցինք, տունը մի քիչ վերանորոգեցինք։ Ապրում ենք, էլի, մեզ համար։ Եկանք, ամբողջովին խոտ էր, փակված, մաքրեցինք, մշակեցինք, զոռով հողակտոր սարքեցինք։ Հիմա մենք մեր ուժերով, մեր վարածով, հանածով, յոլա ենք գնում։ Այս տարի Կարմիր խաչը մեզ ջերմոց տվեց, բնակիչների հետ սարքեցինք։ Ամբողջ ձմեռ՝ կանաչի․ սոխ, ամեն ինչ մշակել ենք, ծախել ենք, օգտվել ենք։
Ս․Գ․ — Ես էլ դպրոցի կաթսայատանն եմ աշխատում, տարեկան մի 5 ամիս։ Մեր աշխատաշրջանը պրծավ։»
Թեև վայելում են իրենց նոր տան այգին, բայց հարազատ տան կարոտը շատ ծանր է։ Այն ընդամենը մի քանի հարյուր մետր է հեռու։ Անանցանելի մի քանի հարյուր մետր։
«Ե․Գ․ — Շատ դժվար է։ Մեր գյուղը վերևում, մենք՝ այստեղ։ Մեր գերեզմանոցներն՝ այնտեղ, մենք այստեղից նայում ենք, մղկտում, բայց միևնույն է՝ մերը չի։ Ոչ մի բան էլ չենք հասցրել վերցնել։ Մինչև հիմա ուրիշի տանը, ուրիշի սեղանի վրա, ուրիշի մահճակալին։ Ուրիշի տանն ենք ապրում, ուրիշի դրվածքով»։
Չնայած վտանգներին և դժվարություններին, ամուսինները շարունակում են ապրել իրենց գյուղում և չեն պատրաստվում լքել այն, նույնիսկ պատերազմի դեպքում․
«Ե․Գ․ — Մենք ապրում ենք օրվա կյանքով։ Երեկոն գալիս է, մտածում ենք՝ առավոտը ո՞նց կլուսանա մեզ համար։
Ս․Գ․ — Հենա մի հողամաս ունեմ, գարի եմ ցանում, թուրքերը չեն թողնում, որ մոտենամ։ Մկան դեղը դնելուց կրակել են, դուրս ենք եկել։ Չենք կարողանում մշակել։
Ե․Գ․ — Մեզ ոչինչ պետք չէ, միայն խաղաղություն, որ մենք այստեղից ոչ մի տեղ չգնանք։ Մեր գյուղը պաշտպանենք, մեր երեխեքը մնան այստեղ։ Խաղաղություն ենք ցանկանում աշխարհին։
Ս․Գ․ — Մենք ոչ մի տեղ էլ չենք գնալու։ Ես այստեղ եմ մեռնելու։ Եթե կռիվ էլ լինի՝ ես այստեղ եմ մեռնելու»։
Երկիրը պահում են այնտեղ ապրելով, այն շենացնելով՝ համոզված են զրուցակիցներս։ Քանի դեռ ապրում են մարդիկ, ովքեր ապրեցնում են Հայրենիքը, դրա սիրտը շարունակելու է բաբախել։